Միջազգային Քաղաքականություն 

Ղրիմի վերաբերյալ Էրդողանի հայտարարությունները թողնում են տհաճ հետք, բայց չեն խափանում ՌԴ նրա ուղևորության հեռանկարները. Պեսկով

analitik.am

Ռուսաստան այցի նախօրեին Ղրիմի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները տհաճ հետք են թողնում, բայց դա ոչ մի կերպ չի խափանում հաջող և կառուցողական այցի հեռանկարները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Այս իրավիճակում, հավանաբար, մի փոքր, այսպես ասած, տհաճ հետք թողեց, որ նման հայտարարություններ սկսեցին հնչել այն օրերին, երբ ավարտվել են առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները: Բայց, այնուամենայնիվ, դա ոչ մի կերպ չի խափանում նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան հաջող, բովանդակալից և կառուցողական աշխատանքային այցի հեռանկարները»,- ասել է Պեսկովը:

Ինչպես նշում է militarynews.ru-ն, նա միաժամանակ նշել է, որ, միջազգային քաղաքականության ավանդույթներին համապատասխան, զգայուն թեմաներով հայտարարություններ չեն արվում միմյանց այցելություններից առաջ:

«Մենք գիտենք, որ այս հարցում կտրականապես համաձայն չենք, և գիտենք, որ այս պահին համաձայնության հասնելու ոչ մի տարբերակ չկա»,- ասել է Պեսկովը:

Պատասխանելով այն հարցին, թե որն է ռուս-թուրքական հարաբերություններում դժվար ժամանակաշրջանի պատճառը, Պեսկովն ասել է.«Ես չէի չափազանցնի իրավիճակը, ի վերջո, Թուրքիան մեր գործընկերն է, որի հետ մենք ունենք շատ զարգացած հարաբերություններ: Այս ֆոնին որոշ հարցերի շուրջ տարաձայնությունները դեռ պահպանվում են»:

Պեսկովը նշել է, որ Ղրիմի վերաբերյալ Էրդողանի դիրքորոշումը քաջ հայտնի է Ռուսաստանում, թուրքական կողմը դա չի թաքցրել:

«Էրդողանը Ղրիմը համարում է օկուպացված»,- ասել է նա:

Պեսկովը միաժամանակ նշել է, որ ճանաչում է բազմաթիվ թուրքերի, որոնք, լինելով մոլի ազգայնականներ, Ղրիմը համարում են թուրքական:

«Բայց, փառք Աստծո, այս ազգայնականներն իշխանության չեն: Եվ, փառք Աստծո, Թուրքիայի նախագահը չի կիսում նրանց տեսակետը»,- ասել է Պեսկովը:

Նույն շարքից