Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Հանդիպել են ՀՀ և Եգիպտոսի ԱԳ նախարարները

analitik.am

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 25-ին հանդիպել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիին։

ԱԳ նախարարները բարձր են գնահատել երկու բարեկամ ժողովուրդների դարավոր պատմամշակութային առնչությունների և փոխադարձ համակրանքի վրա հիմնված հայ-եգիպտական կապերը։

«Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Եգիպտոսի միջև քաղաքական երկխոսության ակտիվացմանն ուղղված համատեղ քայլերի իրականացումը։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել միջազգային հարթակներում փոխգործակցության առկա բարձր մակարդակի կապակցությամբ։

Մտքեր են փոխանակվել առևտրատնտեսական կապերի ակտիվացման և տնտեսական ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Քննարկվել է նաև ԵԱՏՄ-Եգիպտոս համագործակցությանը վերաբերող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ զրուցակիցները անդրադարձել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության խնդիրների։

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Միրզոյանը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

Նույն շարքից