Բարի օր Գլխավոր Հասարակություն Միջազգային Քաղաքականություն 

Բաքուն պատրաստ է ճանաչել «Լեռնային Ղարաբաղ» կոչվող ցանկացած սուբյեկտ ցանկացած այլ պետության տարածքում, բայց ոչ Ադրբեջանում. Ալիև

analitik.am

Այսօր առավոտյան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռուստաուղերձով է հանդես եկել ու մի շարք հայտարարություններ արել՝ կապված 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի ու սիրիացի վարձկանների աջակցությամբ, Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի մեկնարկի հետ։

Ալիևը կրկնել է, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտված է, Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր Ադրբեջանի տարածքում այլևս գոյություն չունի»։ Այս մասին գրում է Interfax.az-ը։

«Մենք պատերազմը որոշեցինք ռազմաքաղաքական միջոցներով, պատերազմը մնաց հետևում, և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց պատմության մեջ: Ադրբեջանի տարածքում չկա Լեռնային Ղարաբաղի տարածքային միավոր։ Եթե ինչ-որ մեկը ցանկանում է վերակենդանացնել մահացածին՝ «Լեռնային Ղարաբաղը», թող դա անի իր տարածքում:

Թող իր տարածքում ստեղծի հանրապետություն, հասարակություն: Մենք կճանաչենք այն, բայց ոչ մեր տարածքում», - հայտարարել է Ալիևը, հավելելով, թե «Ղարաբաղի հարցը գտել է իր լուծումը, և բոլորը պետք է հաշվի նստեն դրա հետ»:
Ալիևը հայտարարել է, թե Բաքուն վճռական պատասխան կտա՝ Հայաստանից երկրի համար նոր սպառնալիքի դեպքում:
«Հայկական ֆաշիզմը ոչնչացված է:

Այնուամենայնիվ, դրա դրսևորումները դեռ նկատվում են: Սա, առաջին հերթին, շատ վտանգավոր միտում է Հայաստանի կառավարության համար: Ես արդեն ասել եմ, և այսօր ուզում եմ ևս մեկ անգամ ասել․ եթե տեսնենք, որ հայկական ֆաշիզմը գլուխ է բարձրացնում, եթե տեսնենք, որ դա վտանգի նոր աղբյուր է մեր ժողովրդի ու պետության համար՝ առանց տատանվելու մենք նորից կկոտրենք հայկական ֆաշիզմի գլուխը», - հայտարարել է, ինչպես իրանցի պատգամավորն էր ճշգրտորեն նշել, թուրքական դոպինգով ձեռք բերած հաղթանակներից մոլորության մեջ ընկած Ալիևը։

Ամենօրյա ռեժիմով հայերի ու Հայաստանի նկատմամբ ատելություն քարոզող ու այն պետական քաղաքականություն դարձրած Ալիևը Հայաստանի իշխանություններին մեղադրում է ադրբեջանատյացության մեջ, որը հասել է «հոգեկան հիվանդության» մակարդակին:

«Հայաստանում իշխանությունը փոխվում է, բայց թշնամու բնույթը մնում է նույնը: Հայաստանում ծաղկող ադրբեջանատյացությունն ու իսլամաֆոբիան հասել են հոգեկան հիվանդության մակարդակի։ Այնտեղ ադրբեջանցիների նկատմամբ ատելությունը հաստատվել է որպես պաշտոնական գաղափարախոսություն»,- հայտարարել է Ալիևը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից