Բարի օր Գլխավոր Կորոնավիրուս Հասարակություն Քաղաքականություն 

Խնդիր եմ դրել, գնացեք լուծեք, ձերբակալեք, կալանավորեք. Փաշինյանը կառավարության նիստին հունից դուրս եկավ (տեսանյութ)

analitik.am

Այսօր կառավարությունը հերթական նիստին 2,4 միլիարդ դրամ հատկացրեց կորոնավիրուսի առողջապահական ծախսերի համար։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշեց, որ արդեն 20 ԲԿ ընդգրկված են քովիդով պացիենտների բուժման գործընթացում, և 2226 մահճակալ այս պահին զբաղված է։ «Առկա 14 հազարից ավելի ակտիվ դեպքերի մեջ ընդամենը 176 հոգի են, որ հիվանդանոցային բուժման կարիք ունեն՝ պատվաստված լինելով հանդերձ։ Սա ցույց է տալիս, որ պատվաստումները կանխում են հիվանդացության ծայրահեղ ծանր վիճակը և առողջապահության համակարգի վրա բեռ չի գոյանում»,– ասաց նա։

Նախարարը նշեց, որ ակտիվության տեմպ կա, բայց դա բավարար չէ, և կան անձիք, ովքեր չարամտորեն խաթարում և քաղաքացիներին շփոթության մեջ են գցում և անհիմն վախեր են ներշնչում։ «Ուզում եմ հայտարարել, որ նման գործունեությամբ զբաղվողները պատասխանատվության մեծ բաժին ունեն, օրինակ, երեկ գրանցված 26 մահերի համար»,– ասաց նա և նշեց, որ եվրոպական, Ասիայի շատ երկրներ արդեն պատվաստումները հասցրել են 90 տոկոսի։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման խոսակցություններ տարածողները քովիդից մահերը քաղաքական շահարկման առարկա էին դարձնում և նրանց պետք է հնարավորինս շատ մարդ մահանար, որպեսզի ասեն, որ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել։ «Կա հստակ պետության պարտավորություն, վարչական լծակները գործադրե՛ք, պետք է պատվաստումը գնա առաջ, և կներեք, ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսեմ բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին։ Պետությունը ունի բոլոր լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր և իրականացնելու պատվաստման գործընթացը»,– ասաց նա։

Պատվաստմանը դեմ խոսողների մասին նա նշեց․ «Մենք ինչու ենք կենտրոնանում՝ ով ինչ է ասում, մարգինալ ուժեր են, ինչ ուզում են ասեն։ Մենք երեք ամիս առաջ ենք ընտրություն ունեցել, և կառավարությունը մանդատ է ստացել իր ծրագրերը իրականացնելու համար։ Մենք ամեն անգամ պետք է կառավարության նիստում ասենք չորս կամ հարյուր հոգի ինչ-որ բան է ասու՞մ, ես ձեր առաջ խնդիր եմ դրել, ինձ մի ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում, գնացեք լուծեք Առողջապահության նախարարությունը, մնացած մարմիները։ Մենք հո այստեղ չենք հավաքվել ասելու, որ ինչ-որ մարդիկ խանգարում են մեզ գործել, ոչ մեկը չի կարող մեզ խանգարել գործել, խնդիր եմ դրել, գնացեք լուծեք, վատ են, շատ վատ են պատվաստման թվերը, և որևէ ուրիշ մեկից չբողոքեք։ Սա վերաբերում է դահլիճում նստած բոլոր մարդկանց, որ գալիս միջնորդում եք, ասում եք՝ էսինչ աշխատողը վախենում է պատվաստվել, պետական կառավարման համակարգում մարդ չպետք է լինի, որ պատվաստված չլինի, անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրում դրա համար»,– ասաց նա և նշեց, որ ամբողջ աշխարհում պատվաստումների դեմ խոսակցություններ կան։

«Գնացեք և ձեր առաջ դրված խնդիրները լուծվեն։ Կզեկուցեք միայն, որ խնդիրները լուծված են, ոչ մեկը չի կարող մեզ խանգարել։ Կեղծ պատվաստանյութերի մասին ես էլ ահազանգ չլսեմ, ձերբակալեք և կալանավորեք, շատ խիստ միջոցներ են պետք»,– հունից դուրս եկավ Փաշինյանը՝ դիմելով ուժային կառույցներին։

Նույն շարքից