Մշակույթ 

Երևանում հանդես կգա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը

analitik.am

«Արմենիա» 5-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 29-ին Երևանում ելույթ կունենա աշխարհահռչակ դաշնակահար Միխայիլ Պլետնյովը։ Նա հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Միխայիլ Պլետնյովը մեր ժամանակների երաժիշտներից է, որի մեջ ներդաշնակվում են դաշնակահարի, դիրիժորի և կոմպոզիտորի տաղանդները։

Նա Ռուսաստանի ազգային նվագախմբի  հիմնադիրը, գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է։ Միջազգային վարկանիշների համաձայն՝ այս նվագախումբն իր պատվավոր տեղն ունի աշխարհի լավագույն 20 նվագախմբերի ցանկում։ Պլետնյովը երաժշտական ունակություններով աչքի է ընկել դեռ մանկուց՝ 13 տարեկանում ընդունվելով Մոսկվայի կոնսերվատորա։ 1978թ. արժանացել է Չայկովսկու անվան 6-րդ միջազգային մրցույթի ոսկե մեդալի և առաջին մրցանակի։ Սկսած այդ ժամանակից՝ նա բազմաթիվ ելույթներ է ունեցել աշխարհի ամենաանվանի նվագախմբերի և դիրիժորների հետ։ 1993 թվականից երաժիշտը համագործակցում է «Deutsche Grammophon» ձայնագրման ստուդիայի հետ: Պլետնյովը նաև միջազգային ճանաչման է արժանացել որպես կոմպոզիտոր:

Յուրի Բաշմետին նվիրված նրա կոնցերտի պրեմիերան դրական գնահատականի է արժանացել ինչպես լրատվամիջոցների, այնպես էլ հանրության կողմից Միխայիլ Պլետնյովը պետական պարգևների և միջազգային մրցանակների դափնեկիր է: 2007 թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մրցանակ և «Հայրենիքին մատուցած ծառայությունների» շքանշան: Նա «Գրեմմի»-ի մրցանակակիր է։ Հռչակավոր երաժշտին գովեստի խոսքեր են շռայլում երաժշտական քննադատները, մամուլը։ «Լոնդոն թելեգրաֆը» նշել է. «Պլետնյովի մատներից և ուղեղից գալիս են գաղափարներ, որոնք կենդանացնում են երաժշտությունը և այն հարստացնում թարմությամբ ու սրամտությամբ։ Նա երաժշտությունը դարձնում է դրականորեն ցնծալի»:

Նրա կատարումը «Թայմսը» նկարագրում է որպես «ծնված երևակայության ապշեցուցիչ ճարտարությունից, ցնցող՝ իր գեղեցկությամբ»: Բի Բի Սիի երաժշտական հանդեսը Սկարլատիի դաշնամուրի սոնատի նրա կատարումը (որը 1996թ. արժանացել է «Գրամոֆոն» մրցանակի) համարել է «դաշնամուրի կատարման մեծագույն դրսևորում… միայն այս կատարումը բավական է, որպեսզի Պլետնյովը դասվի երբևէ եղած մեծագույն դաշնակահարների շարքին»:

Պլետնյովի գեղեցիկ արվեստը վայելելու հնարավորություն կտա «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որը մեկ ամիս շարունակ Հայաստանի երաժշտասերներին է ներկայացնում բարձրակարգ երաժիշտների։ Փառատոնը կազմակերպել են Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով) և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից