Գլխավոր Քաղաքականություն 

Դավիթ Տոնոյանը պահանջով է հանդես եկել

analitik.am

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել նոր հաղորդագրությամբ:

«Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը պահանջելու է իրեն մասնակից դարձնել ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։

Ինչպես արդեն հաղորդվել է, փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021 թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ եւ ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում։

Պնդում ենք, որ անկատար փորձաքննության պայմաններում պարոն Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը եւ նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են:

Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը եւ դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը:

Ինչպես արդեն հայտարարել ենք, պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր․

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում շարունակվում է ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում ՀՀ ՊՆ և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով ձերբակալվել են 2018-2020 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դ.Տ-ն, ինչպես նաև մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը:

Նույն օրը վերջիններս առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար ներգրավվել են որպես մեղադրյալ, և միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Բացի այդ, քրեական գործի շրջանակներում նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել նաև ՀՀ զինված ուժերի նախկին և ներկա այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել մեծածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ պետության առանձնապես խոշոր չափերի գույքը հափշտակելու հանցավոր մեխանիզմի ամբողջական պատկերի բացահայտման, դեպքի հետ առնչություն ունեցած այլ պաշտոնատար անձանց գործողություններն անհատականացնելու և նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական գործով հանրությանը թույլատրելի չափով իրազեկելու առաջնահերթությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ պարբերաբար իրազեկումների ձևով տեղեկատվություն կտրամադրվի հանրային հնչեղություն ունեցող սույն քրեական գործի նախաքննության ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ:

Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն անհանդուրժողական ու հետևողական պայքար է տանելու պետականության հիմքերը թուլացրած, ՀՀ զինված ուժերի համար անորակ և տեխնիկական նորմերին չհամապատասխանող զենք-զինամթերքի ձեռքբերման և այդ գործընթացներում թույլ տրված ապօրինությունների բացահայտման, մեղավոր բոլոր անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Նույն շարքից