Մշակույթ 

Ֆելիքս Կորոբով. «Մանկուց շփվել եմ հայկական մշակույթի հետ»

analitik.am

«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում հյուրընկալվել էին դաշնակահար Ռեմի Ժենյեն և  դիրիժոր Ֆելիքս Կորոբովը։ Համերգային երեկոյի ընթացքում նրանք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացրին ժամանակակից կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Մանկության հիշողություններ» դաշնամուրի կոնցերտը և Պյոտր Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը։

Ֆելիքս Կորոբովը հյուրախաղերով հաճախ է հանդես գալիս որպես դիրիժոր և թավջութակահար: Նա աշխատել է Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆինլանդիայի, Իտալիայի, Ֆիլիպինների և այլ երկրների սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորն է: 2017 թվականի հոկտեմբերից Կորոբովը համագործակցում է «Լա Սկալայի» հետ։

Մաեստրո Կորոբովը նշում է, որ Հայաստանն իր համար հարազատ երկիր է։ «Իմ հրաշալի ուսուցիչներից է եղել նաև լեգենդար երաժիշտ, Կոմիտասի անվան քառյակի երկրորդ ջութակահար Ռաֆայել Դավիդյանը։ Երբ մայրս ավարտում էր կոնսերվատորիան, ավարտական հանձնաժողովի նախագահն ալտահար Հենրիխ Թալալյանն էր։ Սովորել եմ նաև Կարեն Խաչատրյանի մոտ։ Այնպես է ստացվել, որ մանկուց շփվել եմ հայկական մշակույթի հետ։ Երբ երեխա էի, կարդացել եմ «Սասունցի Դավիթ» էպոսը և շատ ուրախ եմ, որ արդեն երկրորդ անգամ ելույթ եմ ունենում Հայաստանում՝ հրաշալի կոլեկտիվի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, որի հետ շատ ջերմ, բարեկամական հարաբերություններ ունեմ։ Եվ կարծում եմ՝ մենք հաճույք ենք ստանում համատեղ աշխատանքից»։

Խոսելով համերգի ընթացքում ներկայացվող ծրագրի մասին՝ դիրիժորն ընդգծեց, որ «Մանկության հիշողությունները» Շորի վաղ շրջանի ստեղծագործություններից է, նա համոզմունք հայտնեց, որ այս կոնցերտը կհետաքրքրի ունկնդրին։ Իսկ Չայկովսկու «Քնած գեղեցկուհին» սյուիտը, ըստ դիրիժորի, Չայկովսկու բալետային գլուխգործոցներից է։ Նա նաև տեղեկացրեց, որ մինչ քովիդով պայմանավորված սահմանափակումները ինքն այս սյուիտը ներկայացրել է «Լա Սկալայում», և հույս է հայտնում, որ հնարավորություն կունենա այն կրկին ներկայացնել, երբ աշխարհն առաջվանը լինի։

Երևանում այս օրերին անցկացվող «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնին աջակցում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

 

 

 

Նույն շարքից