Գլխավոր Լրահոս Ռազմական 

Սյունիքում հայ-ադրբեջանական մարտերն ընթացել են Ծիծեռնաքարի և Իշխանասարի մեջտեղում. մանրամասներ․ մանրամասներ՝ նոյեմբերի 16-ից

analitik.am

Սյունիքի ուղղությամբ բախումները տեղի են ունեցել Ծիծեռնաքար և Մեծ Իշխանասար լեռների միջև ընկած հատվածում։ Այս մասին 24News-ին հետ զրույցում հայտնել է հայկական էլեկտրոնային «ԷԼՄԱ» քարտեզի հեղինակ, նախկին «Գեոդեզիա և քարտեզագրություն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական բաժնի պետ, քարտեզագրող Շահեն Շահինյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 16-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից հերթական առաջխաղացման փորձին։

Շահինյանը ուսումնասիրել է Սյունիքի ուղղությամբ հայ-ադրբեջանական բախումների վերաբերյալ տարածված տեսանյութերն ու համեմատություն արել արբանյակային լուսանկարների միջոցով։

Հարցին՝ կարողացե՞լ են ադրբեջանցիներն է՛լ ավելի առաջ գալ Սյունիքի ուղղությամբ, քան մինչև նոյեմբերի 16-ի բախումներն էին տեղակայված, քարտեզագրողը պատասխանեց. «Մեր ունեցած տեղեկություններով դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել։ Պաշտպանության նախարարությունը տարածեց տեղեկատվություն, որ երկու դիրք են կորցրել, հավանաբար այդ դիրքերը եղել են սահմանագծի հատվածում, որովհետև մեր ունեցած տեղեկություններով այն զորքերը, որ առաջխաղացում են ունեցել նոյեմբերի 16-ին, մասամբ ոչնչացվել են մեր հրետանու և մեր բանակի կողմից, մյուս մասը հետ է նահանջել»։

Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Իշխանասար բնակավայրի վարչական ղեկավար Մարատ Պետրոսյանը նոյեմբերի 17-ին ասել էր, որ Իշխանասարի փեշերին բախումներ եղել են մինչև երեկոյան 18:00-ն։

«Հիմնական բախումները եղել են մեր Ուղտասարից աջ կողմ՝ դեպի Իշխանասար, դեպի Սև լիճ, այդ հատվածն է եղել», - նշել էր նա։

Ըստ քարտեզագրող Շահեն Շահինյանի՝ բախումները տեղի են ունեցել սահմանագծի ամբողջ երկայնքով։

«Բայց հրապարակված տեսանյութերը, որոնցում երևում է ադրբեջանական զորքերի և տեխնիկայի առաջխաղացումը, Իշխանասար-Ծիծեռնաքարի արանքում ընկած ձորային հատվածն է։ Իհարկե, բախումներ եղել են և՛ Ծղուտի հատվածում, և՛ ավելի հյուսիս ընկած՝ Ծիծեռնաքարի հատվածում, և՛ հարավային հատվածում, որ Սև լճի հատվածն է, որտեղ հայկական և ադրբեջանական դիրքերը տեղակայված են իրարից 10-50 մետր հեռավորության վրա։ Այստեղ կարող էին լինել տեղային մարտեր, իսկ հրետանու մարտերը եղել են հիմնականում Ծիծեռնաքարից հարավ և Մեծ Իշխանասարի լեռնազանգվածից դեպի հյուսիս, հյուսիս-արևմուտք։ Մեծ Իշխանասարի փեշերին նույնպես մարտեր են եղել, բայց քանի որ նրանց դիրքերն ավելի բարձր տեղանքում են, և տեսանյութում երևում է, որ գալիս են հարթ տարածք, ապա պետք է եզրակացություն անել, որ մարտերը եղել են Իշխանասարի փեշերից դեպի հյուսիս, հյուսիս-արևմուտք ընկած հարթ հատվածում, որը հայկական տարածք է», - եզրափակեց Շահինյանը։

Նույն շարքից