Քաղաքականություն 

ԱԻ նախարարի առաջին տեղակալը մասնակցել է հիբրիդային ձևաչափով կազմակերպված եվրոպական նախարարական կլոր սեղանին

analitik.am

Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի քարտուղարությունը՝ ի դեմս Հ. Ե. Էդուարդո Կաբրիտայի, Պորտուգալիայի ներքին գործերի նախարարի, Աղետների ռիսկի նվազեցման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մամի Միզուտորիի, Յանեզ Լենարչիչի՝ հումանիտար հարցերի և ճգնաժամային կառավարման եվրոպական հանձնակատարի և Եվրոպայի խորհրդի ներկայացուցչի՝ հիբրիդային ձևաչափով կազմակերպել են նախարարական կլոր սեղան, որին առցանց մասնակցել է Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Նստաշրջանին մասնակցելու հնարավորություն են ունեցել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի կողմից աջակցվող 55 պետությունների նախարարները, փոխնախարարները և պետքարտուղարները:

Արմեն Փամբուխչյանը շնորհավորել է ֆորումի բոլոր մասնակիցներին և հատկապես Շվեդիային, որ Հայաստանի հետ համատեղ ղեկավարում էին Աղետների ռիսկի նվազեցման եվրոպական ֆորումի 2021-2030 թվականների նոր «Ճանապարհային քարտեզի» պատրաստումը և կոչ արել անդամ պետություններին հավանության արժանացնել այն:

Իր ելույթում նա, մասնավորապես, ասել է. «Իր ողջ պատմության ընթացքում Հայաստանը բախվել է բնական և տեխնածին բնույթի տարբեր աղետների՝ փորձելով հարմարվել և գոյատևել: Փոփոխություններն ու հարմարվողականությունը, ավելի կայուն հասարակություն ունենալու համար նոր լուծումներ որոնելու ուղիները մշտապես մեր ուշադրության կենտրոնում են գտնվում: Հանձնառու լինելով իրականացնել Սենդայի գործողությունների շրջանակային ծրագիրը՝ մենք քայլեր ենք ձեռնարկում ռիսկերի կանխարգելմանն անցումը ամուր և երկարաժամկետ հիմքերի վրա դնելու համար: Մենք ավարտում ենք քաղաքացիական պաշտպանության և ԱՌԿ ղեկավարման մասին նոր օրենքի վերանայումը, որը հնարավորություն է տալու իրականացնել անցումը դեպի ռիսկերի կանխարգելում՝ ներառելով հասարակության բոլոր շերտերը:

ԱՌԿ-ի ղեկավարման ազգային ռազմավարությունը ենթարկվում է կարևոր վերափոխումների՝ արտացոլելով ներկա իրողությունները, հաշվի առնելով առաջացող և սանդղակաձև ռիսկերը։ Այս նախաձեռնությունում մեզ աջակցում են ՄԱԿ-ի և Եվրոպական միության մեր միջազգային ԱՌՆ գործընկերները»:
Նախարարական կլոր սեղանի ուշադրության կենտրոնում են եղել համավարակից քաղված դասերը և առաջընթացի համար անհրաժեշտ փոխակերպիչ մոտեցումների մշակումը: Շեշտվել է, որ կայուն ապագա ապահովելու համար անհրաժեշտ են նոր պարտավորություններ՝ այդ թվում ավելի սերտ միջազգային համագործակցություն, իսկ EFDRR 2021-ը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար այդ պարտավորությունները ստանձնելու ֆորում է հանդիսանում։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից