Քաղաքականություն 

Արտոնություն է տրամադրվել հերթական ներդրումային ծրագրին

analitik.am

Կառավարությունը բավարարել է «ԷԳԷԱ» ՍՊԸ-ի հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող սարքավորումներն օգտագործելու է զբոսաշրջության ոլորտում՝ ներդնելով էլեկտրական սկուտերների առցանց՝ մոբայլ հավելվածի միջոցով վարձակալության ծառայություն։ Գործունեությունը սկզբնական շրջանում իրականացվելու է Երևանում, այնուհետև մարզերում և զբոսաշրջային վայրերում։

Ծրագրի նպատակն է Երևան քաղաքի բնակիչներին և զբոսաշրջիկներին ապահովել արագ, էկոլոգիապես մաքուր և անվտանգ տրանսպորտ։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 37 մլն դրամի ներդրում՝ էլեկտրական սկուտերների և պահեստամասերի ձեռքբերման համար։ Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 9 նոր աշխատատեղ` մինչև 230,000 դրամ միջին աշխատավարձով։ Ներմուծվող ապրանքների ընդհանուր արժեքը կազմում է 37 մլն դրամ։ Մաքսատուրքից ազատման ատոնությունը գնահատվում է 2.7 մլն դրամ։

Գործադիրի որոշմամբ «Փյուր Լենդ» ՍՊԸ-ն կներառվի «Մեղրի» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում:

Կառավարության մեկ այլ որոշմամբ նախատեսվող իրավաիրացնող կարգավորումների ընդունման արդյունքում կվերացվի քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի նպատակային նշանակության փոփոխելու սահմանափակումները հաստատված գլխավոր հատակագծեր չունեցող համայնքներում մինչև 150 քառ. մետր կառուցապատման ընդհանուր մակերեսով բնակելի և 300 քառ. մետր գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար հողհատկացում կատարելու դեպքում:

Որոշման ընդունումը կնպաստի գործարար միջավայրի բարելավմանը համայնքներում՝ գյուղատնտեսական մթերքների վերամշակող ձեռնարկությունների ստեղծմանը, ինչպես նաև համայնքներում հաշվառված և փաստացի բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակարան ձեռք բերելուն, ինչը կհանգեցնի նաև համայնքների բնակիչների սոցիալական հարցերի լուծմանը և վերջիններիս կենսամակարդակի բարձրացմանը:

Նույն շարքից