Հասարակություն Ռազմական Տեսանյութեր 

Չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել․ պաշտպանության փոխնախարար (տեսանյութ)

analitik.am

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որին ներկա էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, թե վերջին շրջանում լայն քննարկում է ծավալվել՝ սահմանին, առաջնագծում կրակել-չկրակելու հրամանի վերաբերյալ։

«Անցնող առնվազն 3 տասնամյակներում սահմանագծում ծառայող զինվորն իմացել է՝ ինչպես պետք է պահել սահմանը, երբ հակառակորդը դեմ-դիմաց է։ Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Դուք եղել եք պաշտպանության փոխնախարար այս ամբողջ տարվա ընթացքում»,-ասաց պատգամավորը՝ հիշեցնելով, որ մայիսի 20-ին, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ։

Արման Սարգսյանն արձագանքեց․ «Միայն կարող եմ պնդել, որ չկրակելու մասին հրաման որևէ պաշտոնատար անձի կողմից չի տրվել, վստահաբար։ Ինչ վերաբերում է Ձեր նշած ժամանակահատվածում ծեծկռտուքներին, ապա դրանք իրավիճակից բխող, զինվորականների կողմից այդ պահի թելադրանքով իրականացվող գործողություններ են, որոնք կարող են և գնահատականի արժանանալ»,-ասաց նա՝ նշելով, թե ուսումնասիրություններ են իրականացվում։

«Կարծում եմ՝ քննության առարկա կդառնան նաև մայիսին տեղի ունեցած իրադարձությունները, ու դրանց արդյունքների մասին կիրազեկվեք»,-հավելեց Արման Սարգսյանը։

Նույն շարքից