Հասարակություն Քաղաքականություն 

«Ազատագրում շարժումը» շարունակելու է փողոցային պայքարը ,այս անգամ գնալու են մինչև վերջ

analitik.am

Օրերս հայտնի դարձավ, որ «Ազատագրական շարժման» մեջ ներգրավված, Կարին Տոնոյանի գլխավորած 5165 շարժումն այլևս առանձին է շարունակելու պայքարը։ 5165-ը, ըստ ներկայացրածի, գնալու է քաղաքական ուժերի հետ կոնսոլիդացիայի ճանապարհով, իսկ «Ազատագրում շարժումը» շարունակելու է փողոցային պայքարը։

 

Թեպետ 5165-ի անդամները երեկ մամուլի ասուլիսով հանդես եկան ու որոշ հարցերի պատսախաններ ամեն դեպքում տվեցին, սակայն գլխավոր հարցի պատասխանը, թե ինչու ի վերջո այսպես ստացվեց, այդպես էլ չհնչեց։ Ընդ որում, երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում «Ազատագրական շարժման» հերթական հանրահավաքի ժամանակ վերոնշյալի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին ի պատսախան լղոզված մեկնաբանություններ էին հնչում նաև «Ազատագրական շարժման» ներկայացուցիչների կողմից։

 

«Այն հարցում, որ 5165 շարժումը այլևս առանձին է շարունակում պայքարը, ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Ի վերջո, մեր նպատակները մեկն են։ Հիմա փորձում են տարբեր մեթոդներով ցույց տալ, թե պառակտում է տեղի ունեցել, բայց հավատացեք՝ նման բան չկա, սա ուղղակի աշխատանքի բաժանում է»,- ասել էր «Ազատագրական շարժման» հիմնադիրներից լրագրող Նաիրի Հոխիկյանը։

 

«Սա բաժանում չէ, սա պառակտում չէ։ Կարծում եմ՝ նման բառեր ամեն դեպքում չի կարելի օգտագործել։ Չեմ կարող ասել, որ տարաձայնություններ չեն եղել, անգամ մեր թիմի անդամների միջև է տարաձայնություններ լինում։ Բայց հաստատ այնպիսի տարաձայնություններ չեն եղել, որ, ինչպես ասում են, պառակտման հարց առաջանար»,- ասել էր ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

 

«5165» շարժման և «Ազատագրական շարժման» նախաձեռնողների միջև պառակտում չկա, պարզապես «5165» շարժումը համախմբման վերը նշված տարբերակն է ընտրել, իսկ «Ազատագրական շարժումը» ցանկանում է պահպանել հրապարակում պայքարի ձևաչափը։Մենք իրար հետ որևէ խնդիր չենք ունեցել այս ընթացքում, և ինձ շատ զարմացնում է հանրության և լրագրողական դաշտի մոտեցումը։ Թվում է, թե շատ են ուզում, որ մենք պառակտվենք։ Մենք չենք պառակտվել։ Եթե մենք գնում ենք բոլորի հետ համախմբման, ապա ինչպե՞ս կարող ենք պառակտվել մարդկանց հետ, որոնց հետ մեկ շաբաթ ճանապարհ ենք անցել, համագործակցել ենք»,-  հրավիրած մամուլի ասուլիսին իր  ելույթում ասել է Կարին Տոնոյանը։

 

Պառակտում գուցե ոչ, բայց տարաձայնություններ պարզից էլ պարզ է, որ եղել են, այլապես  միասին պայքարը չշարունակելու որոշումն անդրամաբանական է։ Թե ինչու 5165-ը այսպիսի որոշում կայացրեց, տարբեր վարկածներ, լուրեր են շրջանառվում, բայց մեր աղբյուրների պնդմամբ խնդիրը շարժման շաբաթ օրվա հայտնի հայտարարության հետ է կապված։ Բանն այն է, որ այդ օրը հայտարարվեց, թե շարժումը օրակարգ է մտցնում նաև վարչապետ Փաշինյանի ու նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջը։ Մեզ ասացին, որ եթե վարչապետի գլխավորությամբ կառավարության հրաժարականին 5165-ից բոլորը կողմն են եղել, ապա նույնը չի կարելի է ասել Արմեն Սարգսյանի հրաժարականի պահանջի հետ կապված, ինչն էլ հանդիսացել է բաժանման իրական պատճառ։

Ի դեպ, Արա Զոհրաբյանը երեկ մի միտք հայնտեց, որը կարծես ակնարկ էր այն մասին, թե ինչ է իրականում տեղի ունեցել։ «Իրենք պահանջել են կառավարության հրաժարականը, մենք  պահջել ենք Նիկոլ Փաշինյանի ու նաև նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականը»,- ասել էր Զոհրաբյանը։

 

Պետք է ֆիքսել նաև, որ 5165-ն էլ իր հերթին երեկվա ասուլիսին պահանջների հստակցում մտցրերց։ «5165» շարժումը Հայաստանի Հանրապետության անվտանգությանը, տարածքային ամբողջականությանն ուղղված սպառնալիքները և արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հակահայկական քայլերի շարունակականությունը կանխելու նպատակով պահանջում է կառավարության հրաժարականը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- նշվեց ասուլիսին ու ինչպես նկատում ենք նախագահի հրաժարականի մասին որևէ խոսք չկա։

 

Նույն շարքից