Քաղաքականություն 

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ սահմանազատման հարցերով քննարկումը փակ լինի. Օհանյան

analitik.am

ԱԺ–ն իր օրակարգում չընդունեց «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» «Հայաստան» խմբակցության հայտարարությունը։

Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի սահմանազատման և սահմանագծման հարցերով ոչ թե հրապարակային, այլ փակ քննարկում լինի։ Ազգային ժողովի այսօրվա նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` ներկայացնելով «Սահմանազատման և սահմանագծման հիմնախնդիրների մասին» հայտարարությունը։

Հայտնել էինք, որ սահմանազատման և սահմանագծման թեմայով ԱԺ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանական լսումներ էր նախաձեռնել, որի ժամանակ էլ որոշում կայացվեց Ազգային ժողովի անունից հայտարարություն ընդունել։ Այն այսօր ԱԺ–ում ներկայացրեց Սեյրան Օհանյանը։

«Ակնհայտ է` իշխանությունն այսօր էլ չի անդրադառնում այսքան կարևոր ու զգայուն հիմնախնդիրներին. ամեն ինչ անում են, որ այս թեմայով փակ քննարկում լինի: Մենք պահանջում ենք գնահատական տալ թուրք–ադրբեջանական ագրեսիային, բոլոր պայմանավորվածությունները կատարել ՀՀ–ում գործող օրենսդրական կարգերի համաձայն, սահմանազատման և սահմանագծման հարցում չկատարել քայլեր, որոնք կվնասեն Արցախին»,–ասաց Օհանյանը։

Նա նշեց նաև, որ պետք է պետության անվտանգության ազգային և միջազգային երաշխիքների ամրապնդման նպատակով բանակն արագ վերականգնել և սահմաններն էլ ամրապնդել։ Բացի այդ, ըստ Օհանյանի, անհրաժեշտ է կատարելագործել ռազմավարական գործընկերների հետ մեր հարաբերությունները։

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ ասաց, թե հանձնաժողովը քննարկել նախագիծն ու տվել բացասական եզրակացություն:

Նրա խոսքով` սահմանազատման ու սահմանագծման օրակարգը ոչ թե պետք է փոխկապակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի հետ, այլ տարանջատել: Կարապետյանն ասաց, որ ՀՀ–ն ունի ինքնիշխան տարածք և այն պետք է պաշտպանի, այդ թվում, սահմանազատման ու սահմանագծման գործընթացի միջոցով։ Իսկ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման հարթակը Մինսկի խումբն է, ու Հայաստանի և Արցախի շահերից չի բխում եռանախագահության ներքո քննարկվելիք հարցերը տեղափոխել կամ փոխկապակցել սահմանազատման կամ սահմանագծման օրակարգի հետ։

Աղբյուրը՝ https://armeniasputnik.am/

Նույն շարքից