Հասարակություն Տեսանյութեր 

«Ծխախոտը պետք է տակից վաճառենք». Փաշինյան

analitik.am

Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է, ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են` 51%-ը, այսինքն յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է և մեր հանձնառությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և առողջությանը պատճառված վնասների կանխմանը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հակածխախոտային օրենքին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հայաստանում տղամարդկանց մոտ քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը հուշում է, որ ամեն ինչ պետք է անենք պայքարը հետևողական տանելու առումով։

Տեսանելի վայրերում, վաճառքի կետերում ծխախոտը կամ դրա գովազդը ընդհանրապես տեսանելի չի ինի։

Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ դրանք տեղակայված են լինում խանութի ամենաբանուկ մասում և այսուհետ այդ հատվածներում ծխախոտի որևէ տուփ պետք է ցուցադրված չլինի։ Կարգավորման վերահսկողությունը իրականացնելու են տեսչական մարմինները, որոնք արդեն տեղեկատվական աշխատանք են իրականացրել տնտեսվարողների հետ և պետք է կարճ ժամանակում ականատես լինենք մաքուր և ճիշտ ցուցափեղկերի»,- ասաց Ավանեսյանը։

Անդրադառնալով կարգավորմանը` Փաշինյանը որոշակի դիտարկում արեց` նշելով։

«Եթե ճիշտ եմ հասկանում ցուցափեղկերի մոտ պետք է չերևան ծխախոտները, եթե խորհրդային ժամանակների բառապաշարով խոսենք` ծխախոտը պետք է տակից վաճառենք։ Ծխախոտի ստենդները դրված են նրա համար, որ մարդը հանկարծ չմոռանա ծխախոտ գնել, հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ մարդը մոռանա ծխախոտ գնել, սա է մեր քաղաքականությունը և խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը հանրային առողջության վրա»։

Նույն շարքից