Իրավական Հասարակություն 

Սայաթ Շիրինյանին բերման են ենթարկել ոստիկանություն՝ սրճեփ սարք գողանալու կասկածանքով

analitik.am

«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին այսօր՝ հունվարի 24-ին, իր տան բակից դիմակավորված անձինք բերման են ենթարկել ոստիկանություն՝ սրճեփ սարքը գողանալու կասկածանքով: Այս մասին Իրավաբան․net-ի հետ զրույցում հայտնել է Սայաթ Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

«2021 թվականի օգոստոսի 26-ին Մարտունու շրջանի Ներքին Գետաաշեն գյուղից հափշտակվել է սրճեփ սարք: Գործ է հարուցվել, քննվել և հանցանք կատարած անձի անհայտ լինելու հիմքով այն կասեցվել է:

Այսօր ոստիկանությունից գրություն են ուղարկել, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հնարավոր է սրճեփ սարքը հափշտակվել է «Լեքսուս» մակնիշի համապատասխան պետհամարանիշներով ավտոմեքենա, որը պատկանում է Սայաթ Շիրինյանի: Այս հիմքով էլ ոստիկանության աշխատակիցները նրան բերման են ենթարկել:

Ներկայացրել ենք քննչական մարմին, որտեղ մի փոքր ծիծաղեցինք և որպես վկա հարցաքննվելուց հետո դուրս եկանք»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ Սայաթ Շիրինյանին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից