Հասարակություն Տեսանյութեր 

Փորձում ենք մեր հարցի լուծումն ավելի փոքր մասշտաբներից սկսել․ ԱՊՊԱ-ի թանկացման դեմ ակցիա անող վարորդ (տեսանյութ)

analitik.am

Ավտոապահովագրողների բյուրոն և Կենտրոնական բանկն ինձ համար ուղղակի կատարողներ են։ Հարցն ավելի մեծ է և մեծ մասշտաբների է հասնում, իմ կարծիքով՝ հասնում է Կառավարություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից մեկը։ Հիշեցնենք՝ ԱՊՊԱ-ն տարեկան կտրվածքով թանկանում է 3000 դրամով։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչո՞ւ միանգամից խնդրի լուծման համար պահանջ չեն ներկայացնում Կառավարությանը, վարորդն արձագանքեց. «Տարբեր կառույցներ ենք գնում՝ փորձելով մեր ձայնը բարձրացնել։ Հիմնական կետն ինձ համար Կառավարությունն է, բայց քանի որ չեմ ուզում՝ այս ամենը հասնի Կառավարություն, մենք փորձում ենք մեր հարցի լուծումն ավելի փոքր մասշտաբներից սկսել։ Եթե արդյունք չունեցանք, որոշակի պատասխան ու հիմնավորում չեղավ, ես առաջարկելու եմ, որ սլաքներն ուղղվեն Կառավարություն, որովհետև այս հարցը պետք է վերջնական լուծվի»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե որոշումը կայացրել է Բյուրոյի խորհուրդը, և նշում են, որ որևէ պետական մարմնից չեն վերահսկվում, ակցիայի մասնակից վարորդն արձագանքեց, թե ամեն ինչը գալիս է Կառավարությունից, և Բյուրոն ինչքան էլ հասարակական կազմակերպություն լինի, միևնույն է, կախված է պետական մարմիններից։

Նույն շարքից