Իրավական Հասարակություն Տեսանյութեր 

Բացահայտվել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք

analitik.am

Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում բացահայտել է առանց համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք:

Այս մասին հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:

Կոմիտեի հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ս. Մ.-ն տարբեր զարտուղի ճանապարհներով ձեռք է բերում դեղանման ապրանքատեսակներ ու դրանք սոցիալական ցանցերի միջոցով գովազդում և իրացնում է:

Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում ՀՕՀՎ աշխատակիցները հեռախոսազանգի միջոցով ձեռք են բերել պայմանավորվածություն՝ հանդիպելու և ապրանքները գնելու վերաբերյալ: Նախօրոք պայմանավորված վայրում քաղաքացին վարչության աշխատակիցներից կանխիկ դրամով իրացրել է ընդհանուր 830.000 դրամի դեղանման ապրանքատեսակներ, որոնք բժիշկների ցուցումների հիմնան վրա հիմնականում օգտագործում են քովիդով վարակված հիվանդները: Իրացվող դեղանման այս ապրանքներից «Ակտեմրա» դեղատեսակի միայն մեկ տուփի շուկայական արժեքը հասնում է 415.000 դրամի: Տվյալ քաղաքացու կողմից վաճառվող մյուս երկու՝ «Ակտեմրա ենթամաշկային» դեղատեսակների մեկ սրվակի արժեքը 200-215 հզ դրամ է: Առողջապահության նախարարություն կատարված հարցմանն ի պատասխան ստացվել են տեղեկություններ, որ գնված ապրանքատեսակները հանդիսանում են դեղամիջոցներ և այդ դեղաչափերով ՀՀ չեն ներմուծվել: Միաժամանակ պարզվել է, որ անհատ ձեռնարկատերը դեղամիջոցների առևտուր իրականացնելու համար լիազոր մարմնից չունի ստացված համապատասխան լիցենզիա: Վերջինն ունեցել է պետական գրանցում, հաշվառված է որպես անհատ ձեռնարկատեր, սակայն գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել է: Փաստորեն անհատ ձեռնարկատերը իրականացրել է դեղերի մանրածախ իրացում, առանց համապատասխան լիցենզիայի և առանց համապատասխան հաշվարկային փաստաթուղթ դուրս գրելու:

Դեպքին առնչվող նյութերն ուղարկվել են ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթ իրականացնելու համար: Տարվում են նաև հետաքննչական միջոցառումներ դեղերի և դեղամիջոցներ անօրինական ճանապարհով ձեռք բերող և իրացնող անձանց շրջանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասի չափը պարզելու համար:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց:

Ծանուցում՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նույն շարքից