Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին․ Նիկոլ Փաշինյան

analitik.am

Արդեն 3 օր է՝ Արցախի Հանրապետության քաղաքացիները զրկված են բնական գազի մատակարարումից, սա տեղի է ունեցել Ադրբեջանի միջամտության արդյունքում։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես գիտեք՝ մարտի 7-ին Արցախին մատակարարող գազատարը պայթեցվել էր Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ամենատարբեր պատճառներով Ադրբեջանը թույլ չէր տալիս գազատարի վերանորոգումը և ի վերջո ինքը նորոգեց։ Արդյունքում, մեր տեղեկություններով, գազատարի վրա տեղադրվել է փական և մարտի 18–ին՝ 11 օր անց գազամատարակարարումը վերականգնելուց հետո, Ադրբեջանը մարտի 21–ին առանց պայթյունների փակել է գազատարի փականը՝ այդպիսով ապացուցելով, որ ինքն է հեղինակել մարտի 7–ի պայթյունը»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ գազամատակարարումների երկու դադարեցումներն էլ տեղի են ունեցել եղանակային բացառիկ պայմաններում։

Փաշինյանը նշել է՝ եղանակային այս պայմաններում Արցախը դիտավորյալ զրկվել էր բնակարանները, մանկապարտեզները, դպրոցները, հիվանդանոցները ջեռուցելու համար անհրաժեշտ բնական գազի  մատակարարումներից։

«Սա բավական է հասկանալու համար, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով Արցախը հայտնվել է հումանիտար աղետի շեմին, չեմ կասկածում, որ Արցախի հերոսական ժողովուրդը կհաղթահարի այս փորձությունը, բայց պետք է ասել, որ Ադբեջանը իր այս գործողություններով նաև ծառայություն է մատուցում Արցախի ժողովրդին, որովհետև միջազգային հանրության համար այս դրվագը Արցախի հիմնախնդրի դիպուկ նկարագրություն է»,– ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ սա ի ցույց է դնում Ադրբեջանի քաղաքականությունը արցախահայության նկատմամբ։

Նույն շարքից