Հասարակություն Միջազգային Ռազմական 

«Մոսկվա» հածանավի 510 հոգանոց անձնակազմից փրկվել է միայն 58-ը. Պետդումայի նախկին պատգամավոր

analitik.am

Սև ծովում երեկ խորտակված «Մոսկվա» հածանավի փրկված նավաստիների թիվը կազմել է 58՝  510 հոգանոց կանոնավոր անձնակազմից։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է ռուս հայտնի ընդդիմադիր գործիչ, Պետդումայի նախկին պատգամավոր Իլյա Պոնոմարյովը։

«Թարմացված տվյալների համաձայն՝ «Մոսկվա»-ի փրկված նավաստիների թիվը կազմել է 58 մարդ՝ 510 հոգանոց կանոնավոր անձնակազմից»,- նշել է նա։

Պենտագոնը հայտնել էր, որ «Մոսկվա» հածանավի խորտակումը «մեծ հարված» էր Ռուսաստանի ռազմածովային ուժերին Սև ծովում:

«Սա մեծ հարված է Սևծովյան նավատորմի համար, դա կարևոր բաղադրիչ էր Սև ծովում որոշակի գերակայություն հաստատելու նրանց փորձի համար: Դա կազդի նրանց կարողութունների վրա», - CNN-ին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:

Հիշեցնենք, որ «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում դեպի նպատակակետ քարշակելիս խորտակվել է՝ զինամթերքի պայթելուց առաջացած հրդեհի հետևանքով ստացած վնասման պատճառով։ Այս մասին հինգշաբթի հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։

««Մոսկվա» հածանավը դեպի նշանակման նավահանգիստ քարշակելու ժամանակ զինամթերքի պայթելուց առաջացած հրդեհի հետևանքով ստացած կորպուսի վնասման պատճառով կորցրել է կայունությունը։ Փոթորկոտ ծովի պայմաններում նավը խորտակվել է»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։

Հածանավի անձնակազմը տարհանվել է Սևծովյան նավատորմի նավերը, որոնք գտնվում են տարածքում:

Մինչդեռ ուկրաինական կողմը պնդում է, որ իրենց արձակած «Նեպտուն» թևավոր հրթիռների հարվածի հետևանքով են հզոր պայթյուններ և հրդեհ տեղի ունեցել «Մոսկվա» հածանավում։ Այս մասին հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն:

Նշենք, որ Forbes հանդեսը ռուսական հածանավի արժեքը գնահատել է 750 մլն դոլար`ընդգծելով, որ այն դարձել է Ռուսաստանի Դաշնության ամենաթանկ ռազմական կորուստը Ուկրաինայի հետ պատերազմում։

Նույն շարքից