Տեսանյութեր Քաղաքականություն 

Փաշինյանն եկավ իշխանության և մեր աչքերի առաջ հայ-ռուսական հարաբերությունները ժանգոտվում էին. Չալաբյան

analitik.am

Համախմբման անդամներն ապրիլի 25-ին Համալսարանական պուրակում հանրային քննարկում անցկացրին Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների, իշխանությունների վարած կործանարար քաղաքականության մասին։ Անվտանգության ապահովման մեխանիզմների մասին խոսեց Ավետիք Չալաբյանը, ով հարցադրում արեց՝ ինչն էր բերել պատերազմի 2020 թվականին:

«Իշխանությունը փորձում է իր վրայից մաքրել պատերազմի պատասխանատվությունը, բայց այդ պատերազմին գործող իշխանության կողմից վարած քաղաքականությունն էր բերել, ժամանակը միայն ցույց կտա, թե դա ապաշնորհության ու ձախողումների շարան էր, թե դիտավորություն էր: Չի բացառվում, բայց դիտավորությունը շատ դժվար է հիմնավորել առանց համապատասխան քննչական գործողությունների: Մենք ունենք շատ փխրուն հավասարակշռություն այս տարածաշրջանում. մնացած պետությունները պահում են այն: Օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունը սպառազինություն էր մատակարարում և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին: Եթե նրանց քանակապես էր շատ մատակարարում, ապա Հայաստանին սպառազինության տեսակներ էր մատակարարում, որ նրանք չունեին: 2018 թվականին Փաշինյանը եկավ իշխանության, և սկսվեց գործընթաց, երբ մեր աչքերի առաջ հայ-ռուսական հարաբերությունները ժանգոտվում էին: Փաշինյանի առաջին գործողություններից մեկը Յուրի Խաչատուրովին հետ կանչելն էր սկանդալով՝ ռուսներին դնելով անհեթեթ դրության մեջ, քանի որ Խաչատուրովը ՀԱՊԿ-ի գործող ղեկավարն էր: Բայց հիմա նույնիսկ այդ քրեական գործը փլվել է, բոլորը մոռացել են դրա մասին, բայց դա արվեց ՌԴ-ին ապտակ հասցնելու համար: Արվում էին հստակ գործողություններ ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու համար, իսկ այդ ընթացքում Ադրբեջանն անում էր ճիշտ հակառակը: Դիվանագիտական դաշտում ստեղծվեց իրավիճակ, որ մեր դաշնակից ՌԴ-ն աստիճաբար դարձավ չեզոք, Թուրքիան աստիճանաբար ներքաշվեց»,- նշեց Ավետիք Չալաբյանը:

Չալաբյանի խոսքով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ դեռ հոկտեմբերի 4-ին է Փաշինյանին ՌԴ-ից ասվել, որ կարող են կանգնեցնել պատերազմը, բայց նա ասել է՝ ոչ, մենք հաղթելու ենք. «Իսկ մենք տեսանք այդ ամենի արդյունքը: Հիմա ժամանակն է, որ նրանց ստերի շարանը կարողանանք խզել ու ոտքի կանգնել»:

Նույն շարքից