Քաղաքականություն 

Պուտինը հույս ուներ, որ մենք քանդվելու ենք, բայց մենք չենք քանդվել ու չենք պատրաստվում. Բայդեն

analitik.am

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով  Բավարիայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովին, հայտարարել է, որ Կրեմլն Ուկրաինայում պետք է պարտության մատնվի:

«Կրեմլն Ուկրաինայում պետք է պարտության մատնվի: Ուկրաինացի ժողովրդի հետ G7-ի համերաշխությունն անսասան է: Գումար, զենք և քաղաքական աջակցություն: Ամեն ինչ մոբիլիզացվում է Զելենսկու և Ուկրաինայի համար»,- գրել է Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ համաշխարհային առաջնորդներն անցած գիշեր Բավարիայում «Մեծ յոթնյակի» (G7) գագաթնաժողովում համաձայնության են եկել ավելացնելու աջակցությունը պատերազմի մեջ գտնվող Ուկրաինային և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պարտության մատնելու համար:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է. «Մենք պետք է միասնական մնանք, քանի որ Պուտինը ի սկզբանե հույս ուներ, որ ՆԱՏՕ-ն և G7-ն ինչ-որ կերպ կքանդվեն: Բայց մենք չենք քանդվել ու չենք պատրաստվում»։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները պետք է գիտակցեն, որ Ուկրաինային աջակցելու գինը բարձր է, ներառյալ էներգետիկ ծախսերի աճը և պարենային ճգնաժամը։ Սակայն նա ընդգծել է, որ եթե «Ռուսաստանին թույլ տան հաղթել, ապա դրա գինը շատ ավելի բարձր կլինի»։

«Մենք պետք է անկեղծ լինենք տեղի ունեցողի հետևանքների, այն ճնշման հարցում, որին բախվում են առանձին ընկերներ և գործընկերներ: Բայց նահանջի գինը, այն գինը, որ Պուտինը հաջողությամբ կկտրի Ուկրաինայի մեծ մասերը և կշարունակի իր նվաճման ծրագիրը, այդ գինը շատ, շատ ավելի բարձր կլինի: Այստեղ բոլորը հասկանում են դա»,- ասել է Բորիս Ջոնսոնը G7-ի գագաթնաժողովի բացմանը:

Նույն շարքից