Իրավական Հայաստան 

Ո՞վ է Վերաքննիչ քրեական դատարանի նոր նախագահը

analitik.am

Վերաքննիչ քրեական դատարանի նոր նախագահ է դարձել Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը։

Պապոյանը դեռևս անցյալ տարի էր հավակնում Վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնին, սակայն այն ժամանակ ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը կարողացավ նախագահ դարձնել Տիգրան Սահակյանին։

Ս.թ. հուլիսի 18-ին դադարեցվել են Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանի լիազորությունները՝ տարիքը լրանալու հիմքով:

Այսպիսով, ԲԴԽ-ն այսօր Վերաքննիչ քրեական դատարանի նոր նախագահ է ընտրել Մխիթար Պապոյանին։

Պապոյանը ծնվել է 1977 թվականին, Արմավիր քաղաքում: Ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, ինչպես նաև ՀՀ դատական դպրոցը:

Աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության իրավաբանական վարչությունում՝ որպես ստաժոր, այնուհետև՝ որպես իրավաբան:

Պապոյանն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչությունում, ՀՀ դատական դեպարտամենտի կենտրոնական մարմնում, Երևանի քրեական դատարանում, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։

Որպես դատավոր նշանակվել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այնուհետև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում,  ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում։

2015 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

2018 թվականին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում:

Ծառայել է ՀՀ զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

Նույն շարքից