Քաղաքականություն 

Ոչ սթափ վարորդներին բժիշկներն այլևս չեն օգնի. ՀՀ կառավարությանը նոր որոշումը

analitik.am

Կառավարության որոշմամբ այսուհետ վարորդների սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները (բացառությամբ օդի հետազոտության) կպահվեն բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դեպքեր են եղել, երբ վարորդի սթափության վիճակի զննությունից հետո ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը ներկայացել է բուժհաստատություն և նույն եղանակով անցել սթափության վիճակի զննություն:

Բուժհաստատության կողմից արտաշնչած օդի միջոցով սթափության վիճակի զննության արդյունքում տեխնիկական սարքի միջոցով արձանագրություն չի տպագրվել, իսկ բժշկի կողմից կազմված արձանագրության համաձայն՝ հիմնականում վարորդը գտնվել է սթափ վիճակում: Ոստիկանության ծառայողի կողմից նույն եղանակով զննության արդյունքում վարորդի արտաշնչած օդի մեջ արձանագրվել է ալկոհոլի անհամեմատ բարձր պարունակություն:

Նմանատիպ հանգամանքներում ոստիկանության ծառայողի կողմից կայացված որոշումները դատական կարգով բողոքարկելիս բեկանվում են՝ ապացույցների անբավարարության հիմնավորմամբ, քանի որ վարորդը բուժհաստատության կողմից տրված զննության արձանագրությունը վարչական մարմին է ներկայացնում օրեր անց, ինչը հնարավորություն չի ընձեռում ստուգել բուժհաստատության տրամադրած զննության արձանագրության իսկությունը:

«Նշված պրակտիկան հնարավորություն է տալիս իրավախախտ վարորդին այդ կերպ խուսափել տույժից, իսկ բժշկի անբարեխիղճ աշխատանքը թե՛ տեսականորեն և թե՛ գործնականում հնարավոր չէ ապացուցել»,-նշված է հիմնավորմնան մեջ:

Որոշման համաձայն՝ սթափության վիճակի որոշման համար վերցվող փորձանմուշները կպահվեն բուժհաստատությունում փորձանմուշների վերցման օրվանից 8 ամիս ժամկետով: Զննության արդյունքների և դրանց հիման վրա ընդունված ակտերի բողոքարկման դեպքում փորձանմուշները պահվում են բուժհաստատությունում մինչև բողոքի հիման վրա վերջնական ակտի ընդունումը:

Նախագծի ընդունման արդյունքում նշվում է, որ բժիշկը հնարավորություն չի ունենա արձանագրելու իրականությանը չհամապատասխանող արդյունք՝ հաշվի առնելով, որ կասկածի դեպքում պահպանված փորձանմուշները կարող են ուղարկվել փորձաքննության՝ արյան կամ մեզի մեջ ալկոհոլի պարունակությունը պարզելու համար:

Ակնկալվում է, որ այդպիսով կնվազի թույլ տրված վարչական իրավախախտման համար վարչական տույժից խուսափելու հնարավորությունը, ինչը կհանգեցնի տրանսպորտային միջոցը ոչ սթափ վիճակում վարելու դեպքերի նվազման և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման արդյունավետության:

Նույն շարքից