Իրավական 

Քրեակատարողական հիմնարկում ամենաունիվերսալ բուժման միջոցը անալգինն է․ Արթուր Սաքունց

analitik.am

Քրեակատարողական հիմնարկներում ազատազրկվածների առողջական խնդիրների և դրա հետ կապված բժշկական ծառայության վերաբերյալ մեր երկարաժամկետ դիտարկումների արդյունքում մի շարք հիմնական խնդիրներ ենք արձանագրում. այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով`«Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի մեկնարկին:



Նշենք, որ ծրագրի նպատակն է ամրապնդել մարդու իրավունքները՝ բարելավելով բուժծառայության, այդ թվում՝ հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում:



Ըստ Արթուր Սաքունցի առաջին դիտարկման՝ քրեակատարողական հիմնարկներում բժշկական ծառայության տրամադրումը օպերատիվ չէ:
 



«Նույնիսկ տարածված խոսք կա՝ մի հատ անալգին են տալիս, որը իբրև տարբեր հիվանդությունների ունիվերսալ դեղն է: Այսինքն` քրեակատարողական հիմնարկում ամենաունիվերսալ բուժման միջոցը անալգինն է»,-ասաց նա:



Արթուր Սաքունցը նկատեց, որ կա նաև խտրական մոտեցում՝ կախված, թե դատապարտյալը ինչ անձ է: «Դատապարտյալին օգնություն կարող է տրամադրվել պայմանավորված նրանից, թե արդյոք այդ անձը կրիմինալ, քրեական տեսանկյունից բարեհաճ վերաբերմունք ունի: Մենք ունենք դեպքեր, երբ անձը մահանում է դատապարտյալների հիվանդանոցից քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ»,-ասաց նա և նշեց, որ դրա պատճառն այն է, որ ուշացվում է այն աստիճան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելը, որ մարդը մահանում է:



Արթուր Սաքունցը կոչ արեց նայել քրեակատարողական հիմնարկներում մահացությունների թիվը և նշեց, որ միայն 2009-2015 թվականներին կտրուկ ավելացել է այդ թիվը և հասնում էր մինչև 36, 37-ի: Նա ասաց, որ այդ մահացությունների մեջ մեծ մասը պայմանավորված է առողջական խնդիրներով, ինչից էլ հետևություն են անում, որ բժշկական օգնությունը պատշաճ չէ:



«Մենք ունենք բազմաթիվ տվյալներ, որ ազատազրկված անձը պատիժը կրելուց հետո բազմաթիվ առողջական խնդիրներով է այնտեղից դուրս գալիս»,-ասաց նա:



Անդրադառնալով պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդություններին, որոնք կառավարության համապատասխան որոշման համաձայն պետք է նաև հիմք դառնան պատժից վաղաժամկետ ազատման համար, Արթուր Սաքունցն ասաց, որ իրենք տեսնում են, որ նույնիսկ այդ ընթացակարգերը մինչև հիմա մշակված չեն, այդ հարցը հիմնված է միայն սուբյեկտիվ ցանկության վրա, և կոռուպցիոն բավականին մեծ ռիսկեր կան:

Նույն շարքից