Բարի օր Քաղաքականություն 

Ինչո՞վ է զբաղված Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը

analitik.am

Ադրբեջանական վերջին ագրեսիայից մոտ 10 օր անցել է, սակայն մասնավորապես Ջերմուկի հատվածում ՀՀ սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանական ջոկատները դեռ ետ չեն քաշվել։ Թշնամական ուժերը կամ հաց չեն ուտում, կամ լավ կերած են հարձակվել Հայաստանի վրա, ինչով պայմանավորված էլ դեռ հետ չեն քաշվում։ Սա կատակ չէր, ցավոք։ Հիշեցնենք, որ ադրբեջանական հարձակումից օրեր անց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներրկայացուցչությունների հետ հանդիպմանը հաստատեց, որ թշնամին Ջերմուկի հատվածում մոտ 7 կմ առաջ է եկել։ Նա հավելեց, որ այդ ուժերը գտնվում են հայկական ուժերի շրջափակման մեջ, և երբ ուտելիքը սպառվի, հետ կքաշվեն։ ԳՇ պետը փաստորեն անգամ չի էլ մտածում թշնամուն գերեվարելու մասին, այնինչ ադրբեջանական ուժերն առանց աչքները թարթելու գերեվարում են անգամ մեր ԱԻՆ աշխատակցին, ով գնացել էր մեր տղաների դիերը բերելու։

Եթե ԳՇ պետը զբաղված է ենթադրություններով, ապա հարց է առաջանում, թե ինչո՞վ է զբաղված այս ընթացքում Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Հայտնի է, որ նա պատերազմից մի քանի ամիս առաջվանից սկսած և մինչև մի քանի օր առաջ զբաղված էր ՏԻՄ ընտրություններին պատրաստվելով։ Պապիկյանն իր ծննդավայրում՝ Լոռի մարզում, ամեն գնով փորձում էր ձայներ ապահովել ՔՊ թեկնածուների համար: Ալավերդիի, Տաշիրի, Լոռի Բերդի, Գյուլագարակի ՏԻՄ ընտրություններին Պապիկյանը պատրաստվում էր ամիսներ, իսկ Լոռի Բերդի դեպքում տարիներ առաջ՝ դեռ Տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ ահռելի թվով սուբսիդիաներ (պետք է նաև ստուգվի՝ արդյոք դրանք կիրառվել են նպատակային) հատկացնելու, ՔՊ թեկնածուի համար ընտրություններին ընդառաջ ճանապարհ հարթելու միջոցով:

Սուրեն Պապիկյանի՝ հարազատ մարզում սեփական համայնքապետեր ունենալու մոլուցքը գուցե ինչ-որ կերպ հասկանալի լիներ այլ պայմաններում, բայց ոչ հիմա, երբ երկիրը փաստացի պատերազմի մեջ է: Այս իրավիճակում հասկանալի չէ, թե ինչու է ՊՆ նախարարը նախընտրում զբաղվել ցուցակներ գրելով, պաշտոններ խոստանալով, ձայներ հավաքելով, այլ ոչ թե պաշտպանական հարցերով, ինչն ի պաշտոնե պետք է անի։ Ի դեպ, Պապիկյանն այժմ ահռելի անելիք ունի պաշտպանական ոլորտում, հենց մենակ այն, որ ՀՀ իշխանություններն ամենաբարձր մակարդակով ոչ մեկ անգամ են ասել, որ Հայաստանը փող ունի, սակայն խնդիրներ ունի զենք գնելու հետ. եթե անգամ դա չի կարողանում կազմակերպել ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը, ապա ի՞նչ է անում նա այդ պաշտոնում։ Գուցե ավելի ճիշտ կլիներ Պապիկյանին Լոռու մարզպետ նշանակել, այլ ոչ թե Պաշտպանության նախարար:

Ի դեպ, չնայած ստեղծված իրավիճակին, երբ քարոզարշավը փաստացի դադարել է, ՔՊ-ն չհետաձգեց ՏԻՄ ընտրությունները, քանի որ այս պայմաններում ընտրություններ անելը միանգամայն ձեռնտու է ՔՊ-ին. մարդիկ զբաղված են բոլորովին այլ հարցերով, և ՔՊ-ն կարող է հանգիստ ու անպատիժ օգտագործել վարչական ռեսուրսը: Հուսանք, որ քաղաքացիները գիտակցում են ՏԻՄ ընտրությունների կարևորությունը և թույլ չեն տա ՔՊ-ին հերթական անգամ երկրում ստեղծված խառը և մտահոգիչ իրավիճակը ծառայեցնել քաղաքներում իշխանություն վերցնելու համար, իսկ ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն էլ կկարողանան վերահսկել գործընթացը:

Նույն շարքից