Ռազմական 

Ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում. Վայոց Ձորի մարզպետ

analitik.am
Ադրբեջանական ստորաբաժանումները մնում են Ջերմուկի մատույցներում։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, բայց հավելեց, որ դա միայն իր տեղեկություններով է, ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ըստ նրա, ավելի լավ է տիրապետում իրավիճակին։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ՊՆ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել էր, որ հակառակորդի ստորաբաժանումները, կորուստներ տալով, հետ են քաշվել։
«Ներկա դրությամբ Ջերմուկում ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկի անվտանգությունը»,– ասել էր նա։
Լրագրողների հարցին, թե պատերազմական օրերին Ջերմուկում քանի դիրքի կորուստ է եղել` մարզպետը չպատասխանեց, հորդորելով այս հարցով դիմել Հայաստանի պաշտպանության նախարարություն։
«Մեր տեղեկություններով՝ իրենք շարունակում են այդտեղ գտնվել, բայց ԳՇ պետն ավելի լավ է տիրապետում, որովհետև իրենք բոլոր հնարավոր միջոցներն ունեն։ Եթե ԳՇ պետը ասել է՝ գնացել են... Ջերմուկից ինչքան հնարավոր է տեսնել, մենք տեսնում ենք»,- ասաց Վայոց Ձորի մարզպետը։
Վայոց Ձորի մարզպետը տեղեկացրեց, որ Ջերմուկի ճոպանուղին այս պահին չի գործում, քանի որ հրետանակոծության ժամանակ այն ամբողջությամբ վնասվել է։
«Ըստ էության, վտանգ չկա ճոպանուղու աշխատանքի հետ կապված, բայց այն թշնամու անմիջական դիտարկման տակ է։ Այնպես որ` հարցը հարաբերական է։ Վտանգ կլինի, եթե քաղաքացին նստի ճոպանուղի, ու սկսվի հրետանակոծություն»,– ասաց նա։
Անդրադառնալով Վայոց Ձորի մարզում այս պահին տիրող իրավիճակին՝ մարզպետը նշեց, որ բնականոն կյանքը փոխվել է, բայց կամաց– կամաց վերականգնվում է։
«Տարհանվել էր քաղաքացիների գրեթե 70 տոկոսը։ Այս պահի դրությամբ` միայն 15-20 տոկոսը չեն վերադարձել, մնացածը եկել են, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջ ծավալով աշխատում են»,– վստահեցրեց Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է տուրիստական հոսքերին, ապա մարզպետը նշեց, որ հանգստացողներ կան, բայց ծանրաբեռնվածությունը նախկին 100 տոկոսի փոխարեն 40 տոկոս է։

Նույն շարքից