Քաղաքականություն 

Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցության երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի

analitik.am

«ՀԱՊԿ-ը ռազմաքաղաքական դաշինք է, և ռազմական օգնության ակնկալիքից զերծ, նաև կարող են լինել քաղաքական գնահատականի սպասումներ։ Եվ այդ քաղաքական գնահատականը, տեքստը բավարար չի եղել, դրա համար որոշում է կայացվել չստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք, որ երեկ Երևանում կայացել էր ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում նախատեսված 17 փաստաթղթից երկուսը չի ստորագրվել։ Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի ստորագրել «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը։ 

Ա.Սիմոնյանն ասաց, որ իրենք երբևէ չեն հայտարարել ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին. «Մենք երբևիցե նման հայտարարություն չենք արել, մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ն է տարածաշրջանը լքում, և մենք դրանով անհանգստացած ենք։ Մեր գործընկերներին պետք է հարց ուղղվի՝ արդյո՞ք ՀԱՊԿ-ը որոշել է լքել անդրկովկասյան այս տարածքը, թե՞ ոչ։ Եթե լքել է, պետք է առնվազն դրա մասին բարձրաձայն ասվի։ Այնուամենայնիվ, մենք միայն այդ կառույցի քայլերին չէ, որ սպասում ենք, մենք ինքնուրույն գործողություններ ենք իրականացնում մեր սահմանների անվտանգությունն ապահովելու առումով»։

Ալեն Սիմոնյանը ենթադրում է, որ «Հայաստան» խմբակցությունից երեք պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:

Հիշեցնենք, որ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ  «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին, նույն խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանին և Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելու գործընթաց կսկսվի:

«Ենթադրում եմ, որ այո: Մամուլում նշված պատգամավորների հետ կապված տեղեկություններն են, որ այս պահին կան։ Այլ տեղեկություններ չունեմ, բայց մեր մամուլը շատ լավ է աշխատում և շատ հաճախ ավելի տեղեկացված է, քան բարձրաստիճան պաշտոնյաները, ուստի ենթադրում եմ, որ այդ անունները ճիշտ են»,- ասաց Ալեն Սիմոնյանը:

Նույն շարքից