Հասարակություն 

Սահմանամերձ Կոթիում դրական ակնկալիքներ ունեն սահմանազատումից. Արդար իրականացվելու դեպքում գյուղի վարելահողերը՝ մոտ 250 հա տարածք, պետք է վերադարձվեն. «Փաստինֆո»

analitik.am

Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում լիահույս են, որ Ադրբեջանի հետ սահմանազատումն արդար կեպով կիրականացվի և պատմականորեն գյուղին պատկանող հողերը կվերադարձվեն։

«Մեր ու թշնամու դիրքերի միջև ընկած հատվածը՝ մոտ 250 հա տարածք, մեր գյուղին է պատկանել։ Եթե էդ սահմանազատումն իրոք արդար արվի, ապա ահագին վարելահող ու արոտավայր կավելանա»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասում է Կոթիի վարչական ղեկավար Անդրանիկ Հախվերդյանը։

Բացի նշված 250 հա-ից, գյուղի վարելահողերի մի մասը ևս բնակիչները չեն կարողանում օգտագործել, քանի որ թշնամու ուղիղ նշանառության տակ է։

«2015 թվականից հետո, երբ ադրբեջանցիները հրդեհեցին մեր ցորենի դաշտերը, այդ հատվածն էլ չմշակեցինք։ Իմ դաշտն էլ է այդ հատվածում՝ թշնամու դիրքերից 500-600 մետր հեռավորության վրա։ Երկար ընդմիջումից հետո այս տարի ցանել են։ Տեսնենք՝ ոնց կլինի»,-նշեց Հախվերդյանը։

Հացահատիկի արտադրության կարիքը Հայաստանի հանրապետությունում մեծ է, բայց մշակությունը, ամեն դեպքում, Կոթիում ևս զիջում է այգեգործությանը։ Որպես քիչ ծախսատար ու խնամք պահանջող պտուղ, գյուղացիները վերջին երկու տարվա ընթացքում բավականին ընդարձակել են արքայախնձորի այգիները։

«Հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Մեղրիի տարածաշրջանից սկսեցին գալ ու մեր մոտից չրի համար «կարալյոկ» տանել, գյուղացիները ոգևորված սկսեցին այգի տնկել։ Հիմա էլ ուզում են վերացնել էդ այգիները. հուսախաբ են եղել, քանի որ համ գինն է ընկել, համ էլ առնող չկա։ Բերքի մի մասը ծառի վրա է, մի մասը՝ քաղած, բայց առնող չկա։ Վրաստանից էժան ներմուծում են, էժան մաքսազերծում, մեր բերքն էլ չի վաճառվում»,-ասում է Հախվերդյանն ու ավելացնում, որ եթե անցած տարի 1 կգ արքայախնձորը գյուղացուց առնում էին 220 դրամով, ապա այս տարի 100 դրամից թանկ առնող չկա։

Շուրջ 1900 բնակիչ ունեցող Կոթիում անվտանգային խնդիրների ֆոնին սոցիալական խնդիրները առաջին հայացքից, գուցե և, երկրորդական են թվում, բայց գյուղացուն գյուղում պահելու համար էական դեր են խաղում ու, մեծ հաշվով, անվտանգային համակարգի բաղադրիչ հանդիսանում։

Նույն շարքից