Միջազգային 

ՀՀ-ն կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության պաշտպանության հարցերով նստաշրջանին

analitik.am
Հայաստանը կմասնակցի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանին, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ–ից։
Նշվում է, որ նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը Ռաբաթում (Մարոկկոյի Թագավորություն) կանցկացվի ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հարցերով միջկառավարական կոմիտեի 17-րդ նստաշրջանը:
«Նստաշրջանին մասնակցում է աշխարհի 125 երկրի ավելի քան 1000 ներկայացուցիչ, այդ թվում` կոնվենցիային միացած անդամ երկրների, ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող ՀԿ–ների ներկայացուցիչներ, դիտորդներ: Նստաշրջանի օրակարգի կարևոր հարցերից են տարբեր երկրներից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել էր 50 հայտ»,–ասված է հաղորդագրության մեջ։
Միջկառավարական կոմիտեն ՅՈւՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի գլխավոր մարմիններից է։ Այն ստեղծվել է կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն: Կոմիտեի կազմում 24 անդամ պետություն է: Կոմիտեի կարևոր գործառույթներից է անդամ պետությունների ներկայացրած հայտերի առնչությամբ վերջնական որոշում կայացնելը՝ կոնվենցիայով սահմանված ցանկերում գրանցելու նպատակով:

Նույն շարքից