Սպորտ 

ԿԳՄՍՆ-ն և Պարալիմպիկ կոմիտեն մեղադրում են մեկմեկու. ո՞վ է ստում, կրքերը բորբոքվում են. Armeniasputnik.am

analitik.am
Գյումրեցի ծանրամարտիկ Գրետա Վարդանյանի` պարափաուերլիֆթինգի աշխարհի առաջնության չեմպիոն դառնալուց հետո կրքերը չեն հանդարտվում։ Իր հարցազրույցներից մեկում մարզուհին հայտնել էր, որ մրցումների համար Դուբայ է մեկնել «պարտքով վերցված գումարով», քանի որ նախարարությունը պատշաճ ֆինանսական աջակցություն չի տրամադրել։
Դեկտեմբերի 29-ին ԿԳՄՍՆ պաշտոնական հաղորդագրություն տարածեց` նշելով, որ այս տարի նախարարությունը Հայաստանի պարալիմպիկ կոմիտեին հատկացրել է 39 մլն 222 հազար դրամ է՝ 9 միջոցառումների կազմակերպման, անցկացման, ինչպես նաև միջոցառումներին մասնակցության ապահովման համար:
«Պայմանագրով հաստատված միջոցառումների շարքում ներառված է եղել Դուբայի աշխարհի գավաթի Fazza Championships միջոցառումը՝ 3 մլն 294 հազար դրամ բյուջեով: Կազմակերպությունը, սակայն, նախարարություն է ներկայացրել գրություն՝ խնդրելով թույլատրել ԱՄԷ–ի Դուբայ քաղաքում անցկացվելիք աշխարհի գավաթի հերթական խաղարկության փոխարեն մասնակցել Թբիլիսիում կայանալիք Եվրոպայի բաց, տարածաշրջանային առաջնությանը»,– նշված էր նախարարության հաղորդագրության մեջ։
Պարալիմպիկ կոմիտեի նախագահին տրված պաշտոնական պատասխանում նշվել է, որ Թբիլիսիում անցկացվելիք առաջնությունում վարկանիշ ձեռք բերելու դեպքում նախարարությունը կքննարկի նաև աշխարհի գավաթի խաղարկության մասնակցության համար լրացուցիչ ֆինանսավորման հարցը, սակայն մեր մարզիկները վարկանիշ ձեռք չեն բերել։ Նախարարությունը նպատակահարմար չի համարել Դուբայի աշխարհի գավաթի Fazza Championships-ին մասնակցությունը` նաև նկատի առնելով, որ մրցաշարը վարկանիշային չի։ ԿԳՄՍ նախարարությունը նաև շեշտել է, որ 55 կգ քաշային կարգում, բացի Գրետա Վարդանյանից, մրցաշարին մասնակցել է ընդամենը 3 մարզիկ:
«Ի դեպ, հաշմանդամային կազմակերպությունների և Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի հարաբերություններում առկա խնդիրները, որոնց առնչությամբ նախարարությունը նաև գրություններ և դժգոհություններ է ստացել, քննարկման առանձին թեմաներ են»,– եզրափակել է նախարարությունը։
Այսօր պատասխան հաղորդագրություն է տարածել նաև Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն` հերքելով նախարարության տարածած մի շարք տվյալներ։ Անդրադառնալով հատկացված 39,2 միլիոն դրամին` կոմիտեն նշում, թե իրականում շուրջ 12 մլն դրամ գումար այդպես էլ չի տրամադրվել, չնայած, որ դրա կարիքը շատ մեծ էր:
Կազմակերպությանը հատկացված գումարը կազմել է մոտ 28 մլն դրամ, որով կազմակերպվել են Հաշմանդամային սպորտի մեծ փառատոն Գյումրիում, ՀՀ անվասայլակով բասկետբոլի Գավաթի առաջնություն, իրականացվել է 5 հավաքական թիմերի գործուղում Մեքսիկա(սայլակավազք), Գերմանիա (պարականոե), Չեխիա (սեղանի թենիս), Վրաստան (պարածանրամարտ-para powerlifting) և Ֆրանսիա (անվասայլակներով բասկետբոլ):
«Հրապարակման մեջ նշվում է, որ Դուբայի Աշխարհի գավաթի (Fazza Championships) միջոցառումը նախատեսված է եղել բյուջեով: Այո, դա ճիշտ է: Սակայն այն պնդումը, որ մենք համաձայնել ենք այն փոխարինել Եվրոպայի առաջնությամբ, չի համապատասխանում իրականությանը: Նմանատիպ սխալ զեկույցներով ճշմարտությունը թաքցվել է և՛ նախկին նախարար պարոն Դումանյանից, և՛ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար պարոն Հարությունյանից և՛ ՀՀ վարչապետից: Հիմա էլ նորանշանակ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանին ու հանրությանն են ուզում մոլորեցնել»,– նշված է կոմիտեի հաղորդագրության մեջ։
Ինչ վերաբերում է Թբիլիսիում հայ մարզիկների` վարկանիշ ձեռք չբերելուն, կոմիտեից հայտնում են, որ գործուղած երեք մարզիկներից երկուսը գերազանց են հանդես եկել, նվաճել են Եվրոպայի երկու բրոնզե մեդալ: Երկու մարզիկները հայտնվել են աշխարհի և Եվրոպայի վարկանիշային աղյուսակում, իսկ երրորդ մարզիկի COVID թեստի պատասխանը դրական էր, և նրան իր մարզիչի հետ չի թույլատրվել մասնակցելու մրցմանը:
Որպես եզրափակում կոմիտեից նշում են, որ արդեն շուրջ 1,5 տարի է` ոչ միայն թիրախավորվում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն, այլև բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերն իրականացնելիս բախվում են միտումնավոր ստեղծված խոչընդոտների։

Նույն շարքից