Ռազմական 

Ծառայակցի անզգույշ կրակոցից գլխի շրջանում վնասվածք ստացած զինծառայողը ծայրահեղ ծանր վիճակում է

analitik.am

Ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում ստացած ժամետային զինծառայողի վիճակը շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՊՆ-ից։ Հիշեցնենք, որ հունվարի 29-ին ՊՆ-ն հայտարարեց, որ, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ա.-ն։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ ՔԿ-ից հայտնել էին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը, ըստ նախնական տվյալների, նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող մեկ այլ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Ա.-ին ամրակցված ԱԿ-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը լիցքաթափելիս արձակել է մեկ կրակոց, ինչի արդյունքում վերջինս գլխի հատվածում ստացել է հրազենային վիրավորում։

Քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել, ապա կալանավորվել է մարտական դիրքի ավագի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայողը։ Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել էր Երևանի զինվորական կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատության: ՀՀ ՊՆ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ զինծառայողը գտնվում է հետվիրահատական շրջանում, բացասական դինամիկա չկա։ «Վիճակը առայժմ շարունակում է գնահատվել ծայրահեղ ծանր»,- նշեցին ՊՆ-ից։

Նույն շարքից