Գլխավոր Քաղաքականություն 

Սուրեն Պապիկյանն անդրադարձել է իր հրաժարականի մասին լուրերին

analitik.am

Հարցին, թե ինչպե՞ս է ՀՀ-ն դիմակայելու ռազմական էսկալացիային, Պապիկյանը պատասխանեց.

«Դա զինված ուժերի դիմակայման խնդիրն է, ես մանրամասներ այստեղ չեմ ուզում ասել: Անհրաժեշտության դեպքում դիմելու ենք նաև գործընկերներին: Եթե կարիք լինի, կդիմենք, եկեք հիմա չեղած բանի մասին չխոսենք: Հարցնում եք՝ պատրա՞ստ եք  դիմակայելու, մենք պատրաստ ենք ամեն գնով պաշտպանելու մեր երկրի յուրաքանչյուր միլիմետրը»,- ասաց նա:

Անդրադառնալով բանակում «5-րդ շարասյան» գոյության մասին հարցին, ՊՆ նախարարը ասաց․

«Եթե բանակում կան խնդիրներ ու արատավոր երևույթներ, ու ընդդիմությանը կարելի է ամեն օր դրա մասին խոսել, դա նրանից է, որ պահանջը կամ, գուցե, պատվերը դրա մասին է, որովհետև դա թուլացնում է մեր պետականության կենսունակությունը: Ովքեր թուլացնում են մեր պետականության կենսունակությունը, «5-րդ շարասյունը» նրանց համար մեղմ է, դա ավելի շատ նման է դավաճանության։ Մեզ պատի՞վ է բերում, որ մեր շարքերում դավաճաններ լինեն, կամ Զինված ուժերի որևէ սպա կարող է դժգոհել, թե «մեր դավաճաններին խի՞ եք բացահայտում»։  Նվազագույնն է, որ արվում է, փոխանակ հասարակական պարսավանքի ենթարկեք, մի բան էլ ասում եք՝ «մեր դավաճանները պուպուշ են, պետք է թաքուն պահեք»։ Պետք է հրապարակայնացվի ու արմատախիլ արվի մեր հասարակությունից։ Բանակում դավաճանները տեղ ունենալ չեն կարող, «5-րդ շարասյունը» Զինված ուժերում անելիք չունի», - հայտարարեց Պապիկյանը։

Խոսելով իր հրաժարականի մասին լուրերից՝ Պապիկյանը ասաց, որ չի պատրաստվում հրաժարական տալ։

«Ես չեմ պատրաստվում իմ առջև դրված խնդիրները կիսատ թողնել, հրաժարական չեմ պատրաստվում տալ, այո, ես շարունակելու եմ իմ սկսած բարեփոխումնեը, թե որքան դա ինձ կհաջողվի իրականացնել, կյանքը ցույց կտա»,- ասաց նա։

Նույն շարքից