Սպորտ 

Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն

analitik.am

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը 6։4 հաշվով գերկամային հաղթանակ տարավ սերբ Վիկտոր Նեմեշի նկատմամբ ու դարձավ Եվրոպայի չեմպիոն։

Եզրափակիչ գոտեմարտի առաջին մրցափուլում մրցավարները պասիվություն նկատեցին Ամոյանի գործողություններում, և Նեմեշը հնարավորություն ստացավ պարտերից աշխատելու, նա 3 միավոր վաստակեց, հետո էլ ավելացրեց մեկը։

Երկրորդ մրցափուլում Մալխասը պետք է հետ բերեր կորցրածը, և ի վերջո պասիվությամբ պատժվեց սերբ ըմբիշը։ Բայց Մալխասը չկարողացավ գլորել մրցակցին։

Սակայն գոտեմարտի ավարտից 11 վայրկյան առաջ Մալխասը Ամոյանը հրաշալի գցումով վաստակեց 4 միավոր, իսկ սերբի բողոքարկման մերժումից հետո վաստակեց ևս մեկը ու դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն այս քաշային կարգում։ Սա մարզական սխրանք էր, որին ունակ են միայն հզոր ըմբիշները։

Մալխաս Ամոյանը 77 կգ քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոնի կարգավիճակով սկսեց պայքարը 1/8 եզրափակիչում, որտեղ բացահայտ առավելությամբ՝ 10։0 հաշվով, պարտության մատնեց խորվաթ Անտոնիո Կամենյաշևիչին։ Քառորդ եզրափակիչում մեր մարզիկի գրոհներին չդիմացավ դանիացի Օլիվեր Մարկո Կրուեգերը՝ 7։0։ Իսկ կիսաեզրափակիչում հայ ըմբիշը, գերազանց գոտեմարտ անցկացնելով, 6։1 հաշվով պարտության մատնեց թուրք Յունուս Էմրե Բաշարին։

63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանը շատ լավ սկսեց մրցաշարը։ Քառորդ եզրափակիչում Հրաչյան 10։1 հաշվով պարտության մատնեց խորվաթ Իվան Լիզատովիչին, բայց կիսաեզրափակիչում զիջեց ադրբեջանցի Թալեհ Մամադովին։ Իսկ բրոնզե մեդալի համար պայքարում, մրցելով իտալացի Ջակոպո Սանդրոնի հետ, շատ համառ պայքար ծավալվեց։ Երկու մրցափուլերում էլ ըմբիշները պատժվեցին պասիվության համար, և մեկ միավոր շնորհվեց մրցակցին։ Բայց քանի որ վերջինը միավոր էր վաստակել Պողոսյանը, 1։1 հաշվի պայմաններում հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին։ Հրաչյա Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։

55կգ քաշային կարգում Ռուդիկ Մկրտչյանը մրցումների առաջին իսկ գոտեմարտում պարտվեց թուրք Ադեմ Բուրակ Ուզումին, բայց քանի որ թուրք ըմբիշը հասավ եզրափակիչ, Մկրտչյանը իրավունք ստացավ բրոնզե մեդալի համար պայքարելու։ Բայց այդ գոտեմարտում էլ պարտվեց վրացի Նուգզարի Ցուրցումիային։

Եվրոպայի առաջնության վերջին օրը՝ ապրիլի 23-ին, եզրափակիչում մենք ունենալու ենք մեկ մասնակից։ Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը Եվրոպայի չեմպիոնի կոչումն է վիճարկելու բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ։ Իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտելու է Գևորգ Ղարիբյանը։

Նույն շարքից