Վերլուծական Քաղաքականություն 

Ինչ է կատարվում ռեգիոնում վերջին 3-4 տարիների ընթացքում

analitik.am

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նոր աշխարաքաղաքական փասիանսի պարագայում, երբ նախկին բևեռները պայքարում են գրեթե բոլոր ուղղություններով՝ այդ թվում հարավային Կովկասի համար, Հայաստան չունի և չի ունենալու «փրկիչներ»... Հայաստանը կարող է ունենալ միայն բնական դաշնակիցներ: Եթե փորձենք հպանցիկ վերլուծել, թե ինչ է կատարվում ռեգիոնում վերջին 3-4 տարիների ընթացքում, ապա կարող ենք արձանագրել մի քանի փաստեր

  1. Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը պարտվեց Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադր//ջանին:
  2. Ռուսաստանը հայտարարում է, որ և Հայաստանը, և Ադր//ջանը նրա դաշնակիցներն են, այսինքն միջնորդից ավելին ոչինչ չի անելու
  3. Արևմուտքի համար հայկական «դեմոքրասին» շատ թանկ է, բայց ադր//ջանական էներգակիրներն ավելի թանկ են, հետևաբար հավաքական Արևմուտքը, ինչպես և Ռուսաստանը, միջնորդական առաքելությունից բացի, որն իրենց պարագայում համեմված է նաև գեղեցիկ խոսքերով և կոչերով, ոչինչ չի անելու:
  4. Իսրայելն ու Ադր//ջանը այնքան են խորացրել համագործակցությունը, որ դարձել են ռազմավարական գործընկերներ ընդդեմ Իրանի:
  5. Իրանը հայտարարում է, որ իր համար կան կարմիր գծեր և որևէ սահմանային փոփոխություն ռեգիոնում չի հանդուրժի (ի դեպ, օդում կախված լուրերի համաձայն Իրանը մի քանի անգամ առաջարկել է Հայաստանին կնքել ռազմա-քաղաքական պայմանագիր, որը Հայաստանի իշխանությունները մերժել են)
  6. Չինաստանը Երևանում (Երևանյան լճի հարևանությամբ) կառուցել է ԱՄՆ դեսպանատնից մեծ (որն, ի դեպ, ևս գտնվում է Երևանյան լճի հարևանությամբ) դեսպանատուն: Թե ինչու է աշխարհաքաղաքական երկու բևեռներին պետք նման հզորության դեսպանատներ Հայաստանի նման երկրում հայտնի է միայն Աստծում և այդ գերտերությունների հատուկ ծառայություններին:
  7. Չինաստանը Հայաստանի տնտեսական երկրորդ գործընկերն է (Ռուսաստանից հետո): Այս փաստը մոտ մեկ ամիս առաջ իր հոդվածում հատուկ ընդգծել էր ՀՀ-ում Չինաստանի դեսպան Ֆան Յունը:
  8. Չինաստանը ունի խնդիր ԱՄՆ հետ(Թայվանի մասով... և ոչ միայն) և Թուրքիայի հետ (ույգուրների, Միջին Ասիայում ազդեցության մասով... և ոչ միայն), Հնդկաստանն ունի պատմական հակամարտություն Պակիստանի հետ, որն իր հերթին Թուրքիայի և Ադր//ջանի բարեկամն է: Իրանն ունի թշնամություն Իսրայելի հետ, որն իր հերթին Ադր//ջանի բարեկամն է:
  9. Իրանն ու Սաուդյան Արավիան, երկարատև թշնամանքից հետո, կնքեցին պայմանագիր (օդում կախված լուրերի համաձայն Չինաստանի քավորությամբ), ինչը հանգեցրեց իսլամական աշխարհի՝ շիա և սուննի հատվածների մերձեցման:
  10. Երկու օր առաջ ամերիկացիները հրապարակեցին մայիսի 14-ին Թուրքւայում կայանալիք նախագահական ընտրությունների սոցիոլոգիական հարցումների արդյունքները, որոնց համաձայն ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն Էրդողանից առաջ է 7%-ով:

Եթե համադրեք այս 10 փաստերը կհասկանաք, որ ինչպես ասում էր «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմի հերոսը.«Մենք Բրյուս Լիի պոչը պետք է բռնենք... Բրյուս Լիի»... ոչ թե նրա համար, որ Կոնֆուցիոսը փրկիչ է, այլ մի պարզ պատճառով՝

ՊԱՏՄԱԿԱՆ ԱՅՍ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՀԱՄԸՆԿՆՈՒՄ ԵՆ ՀԵՆՑ ԱՅԴ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԵՎԵՌԻ ՀԵՏ

 

Նույն շարքից