Գիտություն 

Իրականում ես ոչինչ էլ չդարձա

analitik.am

«Ինձ թույլ չտվեցին, որ ես կատարեմ իմ մասնագիտության ընտրությունը: Մորս կարծիքով` տնտեսագիտությունը հիմա շատ ակտուալ մասնագիտություն է, բայց ես  հումանիտար մասնագիտություններն էի սիրում: Չկարողացա համոզել: Մի երկու օր լաց եղա, հետո սկսեցի մաթեմատիկա պարապել: Բայց մաթեմատիկա չկար իմ մեջ, չմտավ էլ, այդ գիտությունը չեմ զգում, իսկ լեզվական զգացողություն` ունեմ: Քննությունների ժամանակ այնքան էի ուզում գեղարվեստական գիրք կարդալ, այնքան ծարավ էի գրականությանը, բայց պիտի պարապեի ասենք` հավանականությունների տեսություն, բարձրագույն մաթեմատիկա, վիճակագրություն: Ստիպված էի պարապում, որ քննություն հանձնեմ, իսկ այն, ինչ ինձ հետաքրքիր էր` չհասցրի կարդալ: Ես ինձ մուտանտ եմ զգում»,- www.analitik.am-ի հետ զրույցում անկեղծացավ Սյուզաննա Գրիգորյանը: Արդեն երեք անգամ իր մասնագիտությամբ աշխատելու առաջարկ է ստացել, բայց մերժել է: Ապագայում ևս իրեն ոչ մի կերպ տնտեսագիտության ոլորտում չի պատկերացնում: «Մագիստրատուրան էլ անվճար էի անցել, ուրիշ տեղ եթե գնայի` վճարովի կլիներ, իսկ վճարը ոչ մեկը չէր տա: Ավելի շատ անվճար սովորելու, քան տնտեսագետ մագիստրոս լինելու ցանկություն կար: Մայրս հիմա գոհ է, որ տնտեսագիտական կրթություն եմ ստացել: Իսկ իրականում ես ոչինչ էլ չդարձա»,-ասաց Սյուզաննան:

 

ՀՊՄՀ  Հոգեբանության ամբիոնի դասախոս Մանե Հակոբյանի կարծիքով`  միշտ էլ երեխան իր գլխում մասնագիտության ինչ-որ մոդել ունենում է: Արդեն դպրոցական տարիներին այդ մոդելը ծնողների միջամտությամբ սկսում է զարգանալ ու ձևավորվել, կամ ժխտվում է, կամ ամրապնդվում: Հայ իրականության մեջ մասնագիտության ընտրության հարցում մեծ է ծնողների դերը: Սիրած մասնագիտության մեջ վերելքների հասնելու հավանականությունն ավելի մեծ է: Եթե կա սեր, ապա մարդ ընդունակություններ ձևավորելու, զարգանալու, կատարելագործվելու  ուղիներ կփնտրի: Մասնագիտություն փոխելու հարցում ամենադժվարը զրոյից սկսելն է: Թե չէ անհնարին ոչինչ չկա: «Որպես կանոն, մարդ ձևավորում է գործունեության անհատական ոճ: Այդ գործունեությունն իրականացնում է իր անձնային որակներին, խառնվածքին, բնավորությանը համապատասխան: Գործունեության անհատական ոճի ձևավորումը թույլ է տալիս ցանկացած մարդու իրականացնել ցանկացած գործունեություն և լինել ցանկացած տեսակի մասնագետ: Միայն հատուկ մասնագիտություններ կան, որ որոշակի անձնային որակներ են պահանջում: Մարդու տեսակն էլ ձևավորվում է իր  գործունեության ոլորտում: Այսինքն` այն, ինչ մենք անում ենք, մեր անձի վրա մեծ ազդեցություն է թողնում, դա «պրոֆեսիոնալ դեֆորմացիա է»,-պարզաբանեց Մանե Հակոբյանը:


Հոգեբան Ռուբեն Պողոսյանի կարծիքով էլ՝ շատ հաճախ մարդիկ մասնագիտությունը սխալ են ընտրում` բազմաթիվ արտաքին հատկանիշներով պայմանավորված: Մարդ դժվարանում է ընտրել այն, ինչին ունակ է, մղված է, դրդիչներ, ցանկություններ ունի:


«Չափազանց կարևոր է, որ տվյալ անձը կարողանա իրեն տվյալ մասնագիտության մեջ տեսնել ոչ թե դրսից, այլ ներսից: Մարդու մեջ առաջանում է ներքին կոնֆլիկտ արտաքին և ներքին մղվածության միջև: Նա նպատակաուղղված է աշխատելու, որովհետև կան արտաքին դրդապատճառներ, որին նա սկսում է նպատակադրվել, բայց կան հատկություններ էլ, որոնք մարդը չի գիտակցում և չի էլ ուզում խոստովանել: Արտաքին ճնշումն ավելին է, քան` ներքինը»,-նշեց Ռուբեն Պողոսյանը:


Ընդունված է համարել, որ մասնագիտության ընտրությունը մարդու երկրորդ կարևորագույն ընտրությունն է՝ կյանքի ընկեր ընտրելուց հետո: Թե ինչպիսին կլինի մարդու ապագան, ինչ կյանքով կապրի, կինքնահաստատվի ու կինքնադրսևորվի  հասարակության մեջ, թե ոչ, մեծապես կախված է հենց այդ՝ մասնագիտության ընտրությունից: 

 

Նույն շարքից