Բարի օր Հայաստան Վերլուծական Քաղաքականություն 

Ինչո՞ւ է աղմկում Տիգրան Ավինյանի հետ ասոցացվող ԶԼՄ-ն

analitik.am

Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի ինքնահռչակ ղեկավար Տիգրան Ավինյանը ոչ միայն քաղաքապետի աթոռն է օգտագործում ընտրություններում մյուս թեկնածուների նկատմամբ իր շանսերը բարձրացնելու համար, այլ նաև փորձում է պայքարել մեդիահարթակում:

Տիգրան Ավինյանի անվան հետ կապվող լրատվամիջոցներից մեկը երեկ տելեգրամյան ալիքում հարցում է կազմակերպել՝ փորձելով պարզել, թե ում կընտրեն երևանցիները, եթե ավագանու ընտրությունները լինեն առաջիկա կիրակի օրը: Խոսքը վերաբերում է մի լրատվամիջոցի, որը պատկանում է Սերժ Վարագ Սիսեռյանին՝ Տիգրան Ավինյանի գրասենյակի նախկին ղեկավարին, ում հետ Ավինյանը մտերիմ հարաբերութուններ ունի:

Հարցման ընթացքում պարզ է դարձել, որ քաղաքացիների մեծ մասն իրենց ձայնը կտան «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին: Իրենց իսկ կազմակերպած հարցման արդյունքները դուր չեն եկել լրատվամիջոցին, ինչի պատճառով էլ որոշում է կայացվել դադարեցնել առցանց քվեարկությունը:

Հատկանշական է, որ հարցումը դադարեցվել է հենց այն պահին, երբ Թանդիլյանին ձայն տվող քաղաքացիների թիվը առաջ է անցել Տիգրան Ավինյանին ընտրողների թվից ու սկսել է աճ գրանցել: Քվեարկության դադարեցման պահին Տիգրան Ավինյանի օգտին ձայն տվողների տոկոսը կազմել է 24, Թանդիլյանի՝ 29 տոկոս: Մյուս թեկնածուներին անդրադառնալու անհրաժեշտություն հավանաբար չկա, քանի որ նրանցից միայն մեկն է հաղթահարել 5 տոկոսի շեմը: Խոսքը Նատալյա Արզաքանցյանի մասին է:

Հարցումը դադարեցնելու որոշումը լրատվամիջոցը հիմնավորել է ավտոմատացված եղանակով քվեարկության կասկածով: Կազմակերպիչներն իրենց այս պնդումը հիմնավորելու համար նաև լուսանկար են հրապարակել, թե ինչպես են փոփոխվել տոկոսները: Երբ ուշադիր նայում ենք հրապարակված լուսանկարին, տեսնում ենք, որ հենց առաջին սյունակում Տիգրան Ավինյանի տոկոսները 32 են, ինչն ավելի կասկածելի է, եթե առաջնորդվենք կազմակերպիչների տրամաբանությամբ: Նրանք հավանաբար մոռացել են կտրել, հանել այդ սյունակը:

Հարցման կազմակերպիչներն անում են պնդում առանց որևէ ապացույց ներկայացնելու՝ հիմնվելով, իրենց խոսքերով, կասկածների վրա: Հիմնազուրկ պնդում անելուց հետո դադարեցնում են քվեարկությունը, ինչն արդեն հիմնավոր կասկածներ է առաջացնում, որ այն ի սկզբանե կազմակերված է եղել Տիգրան Ավինյանի հաղթանակն արձանագրելու համար, սակայն հաշվի չեն առել հանգամանքը, որ երևանցիները չեն ցանկանում Երևանի քաղաքապետի պաշտոնում տեսնել մի մարդու, ով պետական համակարգում ձախողել է ամեն ինչ, ինչ իրեն վստահվել է:

 

Նույն շարքից