Բարի օր Տնտեսություն 

Հավատալ սեփական ուժերին ու չհանձնվել. Միլանի միջազգային ճամբարը Երևանում է  

analitik.am

Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը եկել է Հայաստան` փաստելու, որ երազանքներն իրականանում են, եթե ճիշտ մոտեցում ես ցուցաբերում։ Ամերիաբանկի նախաձեռնությամբ Հայաստան եկած ֆուտբային ճամբարը մեկ գաղափարի շուրջ է միավորել Հայաստանի առաջատար բրենդները՝ Team Telecom Armenia, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ և «Տաշիր» ընկերությունների խումբ։

«Սա լավ ուղերձ է, որ եթե իսկապես սիրում ես ինչ-որ բան, եթե երազում ես, եթե մեծ երազանքներ ունես, ապա կգտնվի մեկը կամ նույնիսկ մի քանիսը, որոնք կբացեն համապատասխան դուռը քո առջև, ու կհասնես երազանքիդ»,- Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասում է Ամերիաբանկի մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Ռեբեկա Հակոբյանը:

Team Telecom Armenia-ի կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանն էլ ընգծում է, որ այս գաղափարին միացել են կարծրատիպերը կոտրելու համար։
«Ընդունված կարծրատիպ կա, որ թիմային խաղերը Հայաստանում ապագա չունեն և մենք կարող ենք միայն հաջողության հասնել անհատական սպորտաձևերում։ Այն, որ այս նախաձեռնությունը կայացավ, արդեն հակառակն է ապացուցում։ Եվ յուրաքանչյուր նախաձեռնություն, որը միտված կլինի թիմային մտածելակերպն ու միասնականությունը զարգացնելուն, մենք միշտ պատրաստ ենք օգնել»,- ասաց Շաբոյանը։

Միասնականությունը, հավատը սեփական ուժերին ու երազանքին այս միջոցառման կարմիր թելն է։ Ճամբարի մարզիչ Կլաուդիո Զոլան նշում է, որ առաջին ու ամենակարևոր քայլը երեխաներին բացատրելն է, որ պետք է հավատալ սեփական ուժերին, իսկ հմտությունները հղկելը տեխնիկական հարց է․
«Հմտությունները հղկելու համար պետք է ամենօրյա տքնաջան աշխատանք։ Մենք հենց դա ենք սովորեցնում երեխաներին՝ աշխատել առանց դադարի՝ հետամուտ լինելով սեփական երազանքին։ Պետք է ջանք թափել՝ աչքի առաջ ունենալով քեզ համար օրինակ ծառայող ֆուտբոլիստին, որին հասնել ես ուզում»,- նշում է Զոլան։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի Լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արայիկ Մարգարյանն էլ խոսեց նախաձեռնությանը միանալու իրենց շարժառիթի մասին. «Մենք չէինք կարող կողքից նայել այս նախաձեռնությանը և չմիանալ։ Դրական պատասխան տալուն օգնեց այն հանգամանքը, որ մասնակիցները լինելու էին մարզաբնակ երեխաները։ Դա շատ կարևոր է, որովհետև, ցավոք, բայց սահմանամերձ բնակավայրերի երեխաներն ավելի քիչ հնարավորություն են ունենում, քան Երևանի»:

«Տաշիր» ընկերությունների խմբի «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանն էլ ընդգծեց, որ իրենք միշտ են բաց լավ գաղափարների համար, հատկապես, երբ այն վերաբերում է Հայաստանում ֆուտբոլի զարգացմանը․

«Մենք 2018 թվականից ստեղծել ենք «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն ու ամեն ինչ անում ենք հայկական ֆուտբոլը քայլ առ քայլ առաջ տանելու համար։ Հետագայում էլ պատրաստ ենք և սիրով կաջացենք նմանատիպ նախաձեռնություններին, որոնք կօգնեն սպորտի զարգացմանը, նաև` միասնականություն ու սեփական ուժերի հանդեպ հավատ կսերմանեն երեխաների մեջ»,- ասաց Հրաչյա Պողոսյանը։

Մարզումները դեռ շարունակվում են։ Ինչպես նշեցին մարզիչները, իրենք արդեն նկատել են մի քանի տաղանդավոր պատանիների։ Թեև Ֆիֆայի կանոնակարգը արգելում է մինչև չափահաս դառնալը խաղալ այլ երկրների ակումբներում, սակայն հեռվից հետևելն ու մարզիչների հետ կապ պահպանելը դեռ ոչ ոք չի արգելել։ Այնպես որ, ճիշտ մոտեցման դեպքում, գուցե ապագայում հենց այս ճամբարից նոր Հենրիխ Մխիթարյան դուրս գա։

Հիշեցնենք, որ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը Հայաստանում անցկացվում է երկու հերթափոխով` մայիսի 28-ից հունիսի 7-ը:

Դրան մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել ու աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններում և խաղային իրենց դիրքերում լավագույնն են:

Պատանիներին մարզելու նպատակով Հայաստան են ժամանել Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեո Կատալդին, Լեո Մոզեսոնը և Վիրիո Պերելլին։

Նույն շարքից