Բարի օր Հասարակություն 

Ի՞նչ է թաքցնում Տիգրան Ավինյանը, ինչո՞ւ ծպտուն չի հանում Մետրոյի կայարանում տեղի ունեցածի մասին

analitik.am

Հունիսի 2-ին հայտնի դարձավ, որ Տիգրան Մեծի պողոտայի նորակառույց շենքերից մեկում շինարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվել է Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի պատը: Նույն օրը լրատվամիջոցների հետ զրույցում Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը հայտարարեց, որ նշանակվել է փորձաքննություն, որից հետո կորոշվի՝ շենքի շինարարական աշխատանքները կշարունակվե՞ն, թե՞ ոչ, իսկ մինչ այդ, շինարարությունը կասեցվել է:

Հատկանշական է, որ սա Երևանում Տիգրան Ավինյանի փաստացի իշխանության օրոք արդեն երկրորդ դեպքն է, երբ մետրոյի նկատմամբ «ոտնձգություն» է տեղի ունենում ինչ-որ շինարարների կողմից: Նախորդ անգամ դա տեղի էր ունեցել ապրիլի 1-ին, երբ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի Ալրաղաց»-ի բունկերի քանդման աշխատանքների ժամանակ բեկորներն ընկել են մետրոպոլիտենի գծերի վրա, ինչի հետևանքով մետրոպոլիտենի աշխատանքը դադարեցվել էր։ Վերոնշյալ դեպքից հետո Երևանի ինքնահռչակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել էր ամենախիստ ձևով պատժի ենթարկել տեղի ունեցած փլուզման մեղավորին:

Այն ժամանակ քաղաքապետարանում տեղի ունեցած նիստի ժամանակ Ավինյանը նաև Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանին խնդրել էր մանրամասներ ներկայացնել իրավիճակից։

«Մեր մոտեցումը պետք է լինի շատ խիստ։ Շատ շինարարներ, տարբեր ոլորտի մասնագետներ իրենց աշխատանքին իմիջայլոց են վերաբերվում և դրա հետևանքով մետրոյի գծերի վրա ունեցել ենք քարաթափում։ Սա կարող էր բերել վագոններից մեկի ռելսերից դուրս գալուն և զոհերի։ Հանձնարարում եմ՝ «ԳԱՍԿ» հասարակական կարգի պահպանության տվյալ շրջանի ղեկավարին գտնել մեղավորին և ամենախիստ ձևով պատժի ենթարկել»,- հայտարարել էր փոխքաղաքապետը՝ հավելելով, որ այստեղ ոստիկանության կողմից էլ քննության կարիք կա։

Ինչ վերաբերում է վերջին դեպքին, ապա այս մասով Ավինյանի կողմից քար լռություն է պահպանվում: Նա որևէ խոսք չի ասել այդ միջադեպի մասին, չի պահանջել քննություն իրականացնել, պատժել մեղավորներին և այլն: Ավինյանն այդ մասին չխոսեց նաև Երևանի քաղաքապետարանում վերջին գործակարգավարական նիստում: Նա Մետրոպոլիտենի ներկայացուցչին անգամ չխնդրեց մանրամասներ ներկայացնել դեպքից, չպահանջեց տեղեկություններ փոխանցել նշանակված փորձաքննության վերաբերյալ, ինչի մասին խոսել էր Մետրոպոլիտենի խոսնակը:

Այս ամենն առնվազն հարցեր է առաջացնում: Ինչո՞ւ է այս անգամ Ավինյանը նախընտրում լռել, ի՞նչ է թաքցնում, ինչո՞ւ է չտեսնելու տալիս այս միջադեպը, միգուցե պատճառներ ունի այս մասին չխոսելու համար: Հատկանշական է, որ մինչ այս պահն անգամ հստակ հայտնի չէ, թե ինչ նորակառույց շենքի մասին է խոսք, որտեղ է այն գտնվում, ինչ շինարարության մասին է խոսքը, որի ընթացքում վնասվել է մետրոյի կայարանը: Իհարկե, Ավինյանը կամ մյուսները կարող են ասել, որ վնասն աննշան է,սակայն եթե երջանիկ պատահականությամբ վնասն աննշան է, դա դեռ չի նշանակում, որ այն չէր կարող ողբերգական ելք ունենալ: Ամեն ինչ տանում է նրան, որ ձախողված պարետը թաքցնելու բան ունի, ու իրականությունից այնքան էլ հեռու չէ այն տեսակետը, որ խոսքը վերաբերում է Ֆիրդուսի թաղամասում ընթացող շինարարությանը, ինչպես միջադեպից հետո գրվեց լրատվամիջոցներից մեկում: Իսկ այս թաղամասի շինարարությամբ Տիգրան Ավինյանը հատկապես է շահագրգռված, ու եթե մետրոյի վնասումը տեղի է ունեցել հենց այստեղ իրականացվող շինարարության պատճառով, ապա Ավինյանի լռությունն ավելի քան տրամաբանական է: Հավելենք նաև՝ վերջերս հայտնի դարձավ, որ Ֆիրդուսի թաղամասում քանդել են հայտնի աղյուսներով շենքը, այնինչ Տիգրան Ավինյանի մտերիմ ընկեր, փոխվարչապետության շրջանում նրա գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վստահեցրել է, որ այն պահպանվելու է:

Նույն շարքից