Բարի օր Լրահոս Հայաստան Քաղաքականություն 

Ո՞վ է թույլ տվել Տիգրան Ավինյանին ծիծաղել Երևանի բնակիչների վրա

analitik.am

Երևանի քաղաքապետի աթոռը զավթած Տիգրան Ավինյանի համար ավելի ու ավելի բարդ է դառնում թաքցնել երևանցիների նկատմամբ ունեցած իրական վերաբերմունքը: Խոսքը մասնավորապես վերաբերում է այն քամահրանքին ու դիմացինին վերևից նայելու սովորությանը, որով «Փոսի Տիկոն» աչքի է ընկնում պարբերաբար: Այս անգամ նրա զոհը Արզումանյան փողոցի բնակիչներն են:

2022 թվականի հոկտեմբերին Տիգրան Ավինյանը, երբ դեռ նոր-նոր ոտք դրել Երևանի քաղաքապետարան, այցելեց Արզումանյան փողոցի համար 10 և 17 վթարային շենքերի բնակիչներին: Հանդիպումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերին, Ավինյանը ներկայացել էր պոտենցիալ կառուցապատողների հետ: Հենց տեղում նա կողմերին առաջարկել էր քննարկել ու գտնել յուրաքանչյուրի համար ընդունելի լուծում՝ խոստանալով, որ կառավարությունն ու քաղաքապետարանն էլ իրենց հասանելիքը կանեն:

Ամիսներ անց, իսկ ավելի կոնկրետ՝ 2023 թվականի ապրիլին, արդեն կառավարության նիստում Տիգրան Ավինյանը մանրամասներ հայտնեց Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային շենքերի վերակառուցման ծրագրից։ Նրա խոսքերով, շենքերի բնակիչներն օտարելու են իրենց բնակարանները, ֆինանսական աջակցություն են ստանալու ժամանակավորապես վարձով բնակվելու համար: Բնակարանների օտարումից հետո քաղաքը շենքերը հանձնելու է կառուցապատողին, որն էլ 30 ամսվա ընթացքում քանդելու է դրանք ու կառուցելու է նոր, ավելի բարձրահարկ շենքեր, իսկ կառուցելուց հետո համապատասխան հարկերի համապատասխան բնակարանները կառուցապատողը հանձնելու է Երևանին, որն էլ 6 ամսվա ընթացքում կհանձնի բնակիչներին։

Կոպիտ ասած՝ վթարային շենքը քանդվելու է, կառուցվելու է ավելի բարձրահարկ շենք, այդ նորակառույց շենքում բնակարաններ են ստանալու հին շենքի բնակիչները, իսկ մնացած բնակարանները վաճառվելու են: Հենց այդ վաճառքից էլ գոյանալու է կառուցապատողի եկամուտը:

Ստացվում է, որ բոլորը կողմերը գոհ են մնում, կամ՝ պետք է գոհ մնան: Սակայն, օրեր առաջ պարզվեց, որ սույն շենքերը քանդելու, դրանց տեղը նոր շենք կառուցելու, բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու գործընթացում որոշակի բարդություններ կան:

Քաղաքապետարանում Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը Տիգրան Ավինյանին զեկուցել է, որ 2 շենքերի բնակարանների նկարագրության արձանագրությունը կազմվել է և դրա վերաբերյալ ծանուցումներն ուղարկվել են բնակիչներին, հաջորդիվ նախատեսվում է կատարել մյուս քայլերը, որպեսզի օտարում իրականացվի այն քաղաքացիների հետ, ովքեր առարկություններ չունեն: Բայց կան քաղաքացիներ, ովքեր դիմել են ու դատական կարգով վիճակում են կառավարության որոշումը, սակայն վերջին տվյալներով իրենց հայցը դատարանի կողմից վերադարձվել է: Նա հավելել է, որ այս պահի դրությամբ կանխատեսում չունեն, որ այդ որոշումը կարող է վերացվել:

Ավինյանը հետաքրքրվել է, թե կոնկրետ ինչ դժգոհություն ունեն քաղաքացիները, ինչին ի պատասխան Գրիգորյանը տեղեկացրել է, որ քննարկումներ են ունեցել բնակիչների ու վերջիններիս ներկայացուցիչների հետ, ներկայացրել են դիտարկումները: Քաղաքապետի տեղակալ Գրիգորյանը պնդել է, որ քաղաքացիները ընդհուպ վիճարկում են կոնկրետ իրենց բնակարանի, իրենց մուտքի վթարայնությունը: Ավինյանի ճշտող հարցին, Գրիգորյանը պատասխանել է, թե քաղաքացիներն ասում են՝ շենքը կարող է վթարային է, բայց իրենց մուտքը վթարային չէ:

Գրիգորյանի այս խոսքերից հետո Ավինյանը փորձել է զսպել ծիծաղը, սակայն նրա մոտ դա այդքան էլ լավ չի ստացվել: Ամեն դեպքում, նա ցանկացել է կոնկրետ իմանալ, թե քաղաքացիներն ինչ են ուզում: Գրիգորյանի խոսքերով, բնակիչները ասում են, որ նորմալ ապրում են, պետք չէ իրենց անհանգստացնել: Նա ասել է, որ ընդհանուր առմամբ ինքն այդպես է հասկացել: Քաղաքապետի տեղակալն ամեն դեպքում քաղաքացիներին խոստացել է տրամադրել բոլոր փաստաթղթերը, որոնք կվկայեն շենքի վթարայնությունը:

Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հնարավոր է՝ սխալ է հասկացել քաղաքացիներին, քանի որ հենց ինքն է նշել, ու ընդհանուր առմամբ այդպես է հասկացել, բայց հարց է առաջանում, թե ինչ իրավունքով են քաղաքապետի տեղակալները ծիծաղում քաղաքացիների, երևանցիների խոսքերի վրա, որոնք մասնագետ չեն, ու միգուցե ինչ-որ բան էլ սխալ են ասեն: Ինչ իրավունքով է Ավինյանը նման վերաբերմունք ցուցաբերում երևանցիների նկատմամբ, որոնց ձայներով ցանկանում է քաղաքապետ դառնալ:

Եվս մեկ անգամ շեշտենք՝ չի բացառվում, որ քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը սխալ է հասկացել քաղաքացիներին, առավել ևս, որ այդքան էլ տրամաբանական չէ, թե ինչու պետք է քաղաքացիները հրաժարվեն նորակառույց շենքում իրենց վթարային բնակարանների փոխարեն նոր բնակարան ստանալուց: Հնարավոր է, որ քաղաքապետարանն ինչ-որ բան թաքցնում է, օրինակ՝ սույն բնակիչներին չի տրամադրում բնակարան նույն հարկում, որում հիմա վերջիններս ապրում են, կամ շենքի նույն կողմում, որը քիչ կարևոր չէ՝ հաշվի առնելով արևի դիրքը և այլն:

Հիշեցնենք, որ վթարային շենքերի բնակիչների հետ քաղաքապետարանն ու Ավինյանը խնդիրներ ունեն նաև Արցախի փողոցում, որտեղ բնակիչներին արդեն սպառնում են գերակա շահով: Քաղաքային իշխանությունները չեն կարողանում իրագործել անգամ ամենապարզ որոշումները, սակայն շարունակում են պնդել, որ կարող են կառավարել ավելի քան 1 միլիոն բնակիչ ունեցող մայրաքաղաք ու պատրաստվում են դրա համար ստանալ երևանցիների ձայները:

Նույն շարքից