Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Տիգրան Ավինյանն իր փիառի համար օգտագործում է Երևանի բյուջեն

analitik.am

Մայիսի 23-ին Երևանի ավագանու նիստում որոշում կայացվեց բնակարան նվիրել հայտնի երգիչ Ֆորշին: Բնակարանը գտնվում է Երևանի Շինարարների փողոցում, ունի 70 քռ/մ մակերես: Նախագծի զեկուցման ժամանակ նշվեց, որ Ֆորշն ապրում է վարձակալած բնակարանում:

Հատկանշական է, որ դեռ սույն նիստի ժամանակ ավագանու անդամների մոտ մտահոգություն առաջացավ, որ սա կարող է օգտագործվել Երևանի ավագանու ընտրությունների ոչ պաշտոնական քարոզարշավի ժամանակ: Ինչպես ցույց տվեցին դեպքերն, այդ մտահոգություններն այդքան էլ անտեղի չէին: Մասնավորապես, նիստի ժամանակ ավագանու անդամ Անի Խաչատրյանը հայտարարեց, որ նախագծին միանշանակ կողմ է քվեարկելու, սակայն հույս ունի, որ այն որպես նախընտրական վճար չի օգտագործվի:

Ավագանու որոշումը կատարվեց հունիսի 29-ին: Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջում լուսանկարներ հրապարակվեցին, թե ինչպես է քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը գեղեցիկ տեսարանի ներքո Ֆորշին նվիրում բնակարանի բանալիները, ինչպես են շամպայնով շնորհավորում: Դա բավարար չէր, Ֆորշին բնակարան նվիրելու մասին իր էջում գրեց նաև «Փոսի Տիկոն»՝ հրապարակելով գեղեցիկ լուսանկարները:

Այս հրապարակումներից հետո սոցկայքում ինչ-որ անտեսանելի ձեռքով սկսվեցին խոսակցություններ տարածվել, թե Տիգրան Ավինյանը բնակարան է նվիրել Ֆորշին: Նման խոսակցություն տարածողների մի մասը դա, վստահաբար, անում էր չգիտակցելով, սակայն կազմակերպիչները միանշանակ միտումնավոր էին անում՝ մոլորության մեջ գցելով քաղաքացիներին: Հարցն այն է, որ բնակարանը Ֆորշին նվիրել է ոչ թե Տիգրան Ավինյանը, այլ՝ Երևանի ավագանին: Ավելին՝ ավագանին դա չի արել իր միջոցներից: Բնակարանը երգչին նվիրել են երևանցիների հավաքած փողերով: Երևանցիները հարկեր ու տուրքեր են վճարել, ինչից գոյացած գումարով էլ հնարավոր է եղել անել նվիրատվությունը:

Ստացվում է, որ ավագանու նիստի ժամանակ հնչած մտահոգությունները հիմքեր ունեին: Փոսի Տիկոն չէր կարող նման առիթ չստեղծել, իսկ առիթից հետո նաև այն չօգտագործել իր անձնական փիառի համար:

Որպես հետգրություն՝ նշենք, որ Երևանի քաղաքապետարանի կողմից տարբեր գործիչների բնակարաններ նվիրելը նորություն չէ: Նշենք միայն մի քանի դեպք, որոնք գրանցվել են Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք: Բնակարան են ստացել կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, դերասանուհի Զառա Արամյանը, բանաստեղծ Վահրամ Սահակյանը, երգիչ Դավիթ Ամալյանը, Հայկ Բալյանի բազմազավակ ընտանիքը, ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում զոհված երկու ոստիկանների` Գագիկ Մկրտչյանի և Յուրի Տեփանոսյանի ընտանիքները, Ապրիլյան պատերազմում զոհված Գրիգոր Հարությունյանի ընտանիքը: Սրանք բազմաթիվ դեպքերից միայն մի քանիսն են:

Ի դեպ, 2022 թվականի հունիսին քաղաքապետարանը որոշեց բնակարան նվիրել հունա-հռոմեական ոճի 2021թ. Աշխարհի և 2022թ. Եվրոպայի մեծահասակների առաջնության ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանին: Այն ժամանակ քաղաքապետը դեռ Հրաչյա Սարգսյանն էր, հետևաբար այս որոշումը ևս առանձնապես փիառ չարվեց:

Հավելենք, որ առաջին դեպքը չէ, երբ Երևան քաղաքի բյուջեից վճարվում է կոնկրետ նպատակի համար և դա արվում է առանց Տիգրան Ավինյանի, սակայն արդյունքում փիառ է լինում հենց Տիգրան Ավինյանը, ինչն անհասկանալի ու անընդունելի է, եթե հաշվի առնենք այն, որ վերջինս Երևանի քաղաքապետը չէ, ընդամենը ՔՊ-ի թեկնածուն է:

Նույն շարքից