Բարի օր Լրահոս Քաղաքականություն 

Երեխային գործի դիր ու հետևից գնա

analitik.am

Չնայած Արցախին ու արցախցիներին սպառնացող էքզիստենցիալ սպառնալիքին ու այն մարտահրավերներին, որոնց առջև կանգնած է Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ զբաղվել Երևանում սեպտեմբերի 17-ին կայանալիք ավագանու ընտրություններում իր ղեկավարած քաղաքական թիմի կազմակերպչական աշխատանքներով: Այն, ինչ կատարվում է այս օրերին իշխող ուժում, հստակ ցույց է տալիս, որ դեռ մինչև քարոզարշավի պաշտոնական մեկնարկը, հենց վարչապետն է ասելու, թե ով ինչ պետք է անի, երբ ու քանի անգամ:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը: Նույն Արցախի, որը Հայաստանի գործող իշխանություններն արդեն ամենաբարձր մակարդակով ճանաչել են որպես Ադրբեջանի մաս: Ուստի զարմանալի չէ, որ այսօր Հայաստանի ղեկավարը որպես գերակա հարց ու առաջնահերթություն համարում է Երևանի ավագանու ընտրությունները, որտեղ պարտվելու դեպքում իր
իշխանությունը կարող է հայտնվել ամենաուղիղ վտանգի տակ:

Միայն վերջին 5 օրվա ընթացքում իշխող ուժը երկու անգամ հայտարարեց, որ տեղի է ունեցել նիստ, որի ընթացքում քննարկվել է կայանալիք ընտրությունների հարցը: Նախ հուլիսի 11-ին հայտարարվեց, որ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որի ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններին առնչվող հարցեր: Ապա հուլիսի 13-ին հայտնվեց, որ կրկին Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել այս անգամ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որի ընթացքում քննարկվել են Երևանի ավագանու սպասվող ընտրություններում Կուսակցության ընտրական ցուցակի ձևավորման կարգը և քարոզարշավին առնչվող հարցեր:

Ու սա միայն պաշտոնական մակարդակով է արվել ու հայտարարվել: Թե ինչ է տեղի ունեցել այս օրերին կուլիսների ետևում, միայն իշխող ուժը գիտի: Բայց մի բան հաստատ է՝ ամեն ինչ կազմակերպում է Նիկոլ Փաշինյանը:

Փաստորեն, իշխող ուժում չկա գոնե մի մարդ, ում Նիկոլ Փաշինյանը կարող է վստահել աշխատանքը ու վստահ լինել, որ այն չեն ձախողի: Դա վերաբերում է ինչպես ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանին, այնպես էլ Շտաբի պետ Արմեն Փամբուխչյանին, ով մինչ այդ ոչ ավել ոչ պակաս հասցրել է պատգամավոր ու նախարար լինել: Փաշինյանի այս անհանգստությունը հասկանալի է, եթե հաշվի առնենք, որ Ավինյանը ձախողելու մեծ փորձ ունի՝ սկսած կորոնավիրուսի ժամանակ պարետ լինելուց, մինչև որպես փոխվարչապետ իրեն չարդարացնելը:

Նիկոլ Փաշինյանին ոչ ընդդիմադիր, ոչ էլ իշխանություն եղած տարիներին այդպես էլ չի հաջողվում պատրաստել մի քաղաքական գործչի, ով կարող է գլուխ բերել անգամ ամենափոքր հարցերը: Էլ ուր մնաց պատրաստի մի գործչի, ով կարող է գլուխ հանել Երևանի նման կարևոր քաղաքի ընտրություններից: Փաշինյանը հայտնի ծնողի նման է, ով երեխային գործի է դնում ու հետևից գնում: Ու այսպես լինելու է միշտ: Իսկ մինչ այդ միշտը հենց Նիկոլ Փաշինյանն է որոշելու, թե ով է լինելու Տիգրան Ավինյանի ցուցակում, ինչ է անելու Ավինյանն ու մինչև երբ է վերջինս լինելու քաղաքապետ:

Ի դեպ, ասում են, որ Տիգրան Ավինյանը, ով ունի իր կրակած մազերից շատ ամբիցիաներ, մտերիմ շրջանակներում սկսել է բողոքել Նիկոլ Փաշինյանից: Ավինյանն այն գործիչներից չէ, որ կարող են համակերպվել վեզիրի կարգավիճակի հետ ու բավարարվել բարձր աշխատավարձով: Նա ավելի մեծ ամբիցիաներ ունի, ինչի մասին գիտի նաև Նիկոլ Փաշինյանը, ով առնվազն 2-3 այլ թեկնածու է պահում աչքի տակ Ավինյանին ցանկացած պահի պաշտոնանկ անելու համար, ինչպես եղավ փոխվարչապետի պաշտոնի դեպքում:

Նույն շարքից