Բարի օր Հայաստան Հասարակություն 

Տիգրան Ավինյանը միտումնավոր չի՞ հավաքում Երևանի աղբը

analitik.am

Երեկ սոցկայքում մի քանի տեսանյութ հրապարակվեց այն մասին, թե ինչ է կատարվում «Սասուն» ազգագրական երգի-պարի համույթի ղեկավար, «Գաթա բենդի» համահիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տան հարևանությամբ: Տեսանյութերում սիրված երգիչը բավականին վրդովված էր ու անգամ հայհոյում էր երկրի իշխանություններին:

Ամբողջ խնդիրն այն է, որ նրա տան հենց հարևանությամբ բարձրահարկ է կառուցվում: 12 հարկանի շենքն ընդամենը մի քան մետր է հեռու Մանուկյանի տանից, ինչի պատճառով շինարարությունը վտանգում է ոչ միայն նրա տան ապագան, այլ նաև հենց ընտանիքի կյանքը: Մանուկյանը բավականին երկար ժամանակ է պայքարում այդ ամենի դեմ, սակայն հաշվի առնելով այն, որ բարձրահարկը վեր է խոյանում, կարելի է ենթադրել, որ գոնե Հայաստանում նա իր խնդրի լուծմանը չի հասնի:

Մայրաքաղաքում շինարարությունն ու դրա անասելի տեմպերն առհասարակ ոչ միայն աղավաղում են Երևանի արտաքինը, այլ նաև իսկական գլխացավանք են դարձել բնակիչների համար: Շատ դեպքերում հարցը չի ավարտվում միայն էսթետիկ տեսքը փչացնելով: Բավարար է նշել երկու օրինակի մասին ու ամեն ինչ հասկանալի կլինի:

Մենք արդեն գրել էինք Արամի 60 հասցեում գտնվող Չարենցի տուն թանգարանի տանիքում կառուցված ամբողջ հարկի մասին, որը անօրինական է: Դրա անօրինական լինելու մասին բարձրաձայնվել է նաև Երևանի քաղաքապետարանում, ինչից հետո փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ջղային տոնով ու խիստ դեմքով հանձնարարել էր կառույցն ապամոնտաժել ու բերել այն տեսքին, որի համար թույլտվություն է տրվել:

Բայց պարզվում է, որ ոչ միայն օրենքը, այլ նաև Տիգրան Ավինյանի խոսքը բավարար չեն հարցին լուծում տալու համար: Կենտրոն վարչական շրջանում չկա ղեկավարություն, որը թեկուզ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարության նման կկանգնի ու կհայտարարի՝ Տիգրան Ավինյանի հանձնարարականով ապամոնտաժեցինք ապօրինի կառույցը: Ուռա՜: Հաջորդ, օրինակ՝ Թումանյան 39 հասցեում է, որտեղ ևս շենքի ամբողջ տանիքով մի ամբողջ հարկ է ավելացվում: Բնակիչների պնդմամբ, այն կառուցելու համար մեծ քանակութամբ բետոն է լցվել, ինչը վտանգում է շենքը, հետևաբար՝ նաև բնակիչների կյանքը: Բայց սա Տիգրան Ավինյանին ու քաղաքային իշխանություններին քիչ է հետաքրքրում: Էլ չենք ասում, որ կառուցապատողը հայտարարել է՝ ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Երևանի քաղաքապետարանի վերջին գործակարգավարական նիստում այս ու մյուս բոլոր շինարարությունների մասին անգամ արդեն չխոսեցին, ծպտուն չհանեցին, իբր ամեն ինչ կարգին է: Փոխարենը Ավինյանը խոսեց աղբահանության խնդիրների մասին, որին ավելի մանրամասն կանդրադառնանք մեկ այլ անգամ: Իսկ մինչ այդ նշենք՝ տպավորություն է ստեղծվում, որ քաղաքային իշխանությունները միտումնավոր են տապալում աղբահանությունը, որպեսզի դրա շուրջ ստեղծված աղմուկը լռեցնի մյուս ավելի կարևոր խնդիրները, ինչպիսին օրինակ նույն ապօրինի շինարարությունն է: Բնական է, որ քաղաքացիներն առաջինը հենց մեծ քանակությամբ աղբն են նկատում, սոցկայքը ամենաշատը դրա մասին է խոսում, պահանջներն ամենաշատը հենց դրա վերաբերյալ են: Ի վերջո, ապօրինի շինարարությունից հոտ չի գալիս, վարակների վտանգ կարծես թե չկա, ինչը չի կարելի ասել աղբի մասին: Եթե այսպես շարունակվի, Տիգրան Ավինյանը մինչ Երևանի ավագանու ընտրությունները կարող է ևս մեկ մականուն ձեռք բերել՝ Փոսի Տիկոյից բացի, նրան կարող են ասել նաև Աղբի Տիկո:

Նույն շարքից