Բարի օր Հասարակություն 

Ի՞նչ խորամանկություն է մտածել Տիգրան Ավինյանը՝ երևանցիների դեմ

analitik.am

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն այնքան է տարվել քաղաքապետի աթոռով, որ պատրաստ չէ այն զիջել որևէ մեկին անգամ քարոզարշավի ընթացքում: Դա պարզ դարձավ վերջերս քաղաքապետարանում հերթական գործակարգավարական նիստի ժամանակ, երբ այն վարեց կրկին հենց Ավինյանը, ով այս օրերին ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ լինելով ՔՊ կուսակցության քաղաքապետի թեկնածուն:

Նիստից հետո, երբ հարցեր առաջացան, թե ինչպես կարող է արձակուրդում գտնվող փոխքաղաքապետը նիստ վարել, քաղաքապետարանից պարզաբանեցին, որ նա արձակուրդում է լինելու բոլոր օրերին՝ բացառությամբ երկուշաբթի օրերի, երբ լինելու են գործակարգավարական նիստեր:

Այս տարօրինակ որոշումից հետո լրատվամիջոցներից մեկը պարզել էր, որ քաղաքապետարանն օրենք է խախտում Տիգրան Ավինյանի համար: Բանն այն է, որ Աշխատանքային օրենսգրքի համաձայն, ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում մասերից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր` հնգօրյա աշխատանքային շաբաթի դեպքում, և առնվազն 12 աշխատանքային օր` վեցօրյա աշխատանքային շաբաթի դեպքում:

Մինչդեռ, ըստ քաղաքապետի խոսնակի տրամադրած ժամանակացույցի՝ Տիգրան Ավինյանի՝ իրեն հասանելիք տարեկան արձակուրդի մասերից ոչ մեկը չի կազմում առնվազն 10 աշխատանքային օր: Ինչևէ, Տիգրան Ավինյանի համար օրենք խախտելը խաղուպար է: Ինչպես ասում են՝ այն ինչ կարելի է Զևսին, չի կարելի եզին:

Օգոստոսի 28-ին ևս մեկ ուշագրավ տեղեկություն հայտնի դարձավ: Պարզվում է, որ քաղաքապետարանի նախաձեռնութամբ Թումոյի այգում կազակերպվելու են օպերային ներկայացումներ, ծրագիրն արդեն կա, տարվում են համապատասխան աշխատանքներ: Իսկ հիմա ամենահետաքրքիրը՝ ներկայացումները տեղի են ունենալու սեպտեմբերի 12-ին, 13-ին, 14-ին, 15-ին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Երևանում կայանալու են ավագանու հերթական ընտրություններ, իսկ դրա նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ը, լինելու է լռության օր: Այսինքն՝ Տիգրան Ավինյանն ու թիմն այնպես են կազմակերպել, որ նա հնարավորություն ունենա մշակույթ սիրող քաղաքացիների հաշվին, որոնց մի մասը վստահաբար չեն ընտրելու ՔՊ-ին, դառնալ իրենց քարոզարշավի մի մասնիկն՝ անկախ իրենց կամքից:

Հաշվի առնելով Արամ Խաչատուրյանի հոբելյանի կապակցությամբ կազմակերպված ներկայացումների փորձը, երբ Ավինյանը ելույթ ունեցավ ինչպես առաջին, այնպես էլ վերջին օրը՝ վստահաբար պետք է սպասել, որ այս անգամ ևս նա նույնն անելու է: Իսկ քաղաքապետարանի փիառ թիմը նկարահանելու է միջոցառումն ու սոցկայքերում պտտի այն՝ որպես հենց Ավինյանի փիառ:

Ահա այսպիսի խորամանկությամբ իշխող ուժն ու քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը որոշել են անկախ քաղաքացիների կամքից վերջիններիս դարձնել իրենց քարոզարշավի մասը: Սա հերթական անգամ ցույց է տալիս իշխող ուժի իրական դեմքը, որը պատրաստ է հաղթելու համար անել ամեն ինչ, օգտագործել յուրաքանչյուր քաղաքացու, անգամ՝ մշակույթը:

 

Նույն շարքից