Լրահոս Հայաստան Հասարակություն 

Վախճանվել է Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը. Մայր Աթոռ

analitik.am

Վախճանվել է Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը. Մայր Աթոռ

Վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հունվարի 3-ին, կյանքի 89-րդ տարում վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ու Մայր Աթոռի ողջ միաբանությունը սգում են բազմավաստակ եկեղեցականի՝ Տ․ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանի մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Հունվարի 7-ին ժամը 18:00-ին Սուրբ Գայանե վանքում կկատարվի հանգուցյալ Սրբազան Հոր եկեղեցու կարգը։

Հունվարի 8-ին՝ ժամը 10։00-ին, հընթացս Սուրբ Պատարագի կկատարվի Արիս արքեպիսկոպոսի վերջին օծման արարողությունը, ապա հուղարկավորությունը Մայր Աթոռի միաբանական գերեզմանատանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Գերաշնորհ Տ․ Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը (ավազանի անունով` Արմենակ) ծնվել է 1934 թ. հուլիսի 23-ին Հայֆայում (Պաղեստին, այժմյան Իսրայելի տարածք): Նախնական կրթությունը ստացել է Հայֆայի Սուրբ Եղիա նախակրթական դպրոցում, ապա` Լիբանանի Բուրջ Համուդի Սրբոց Քառասուն Մանկանց վարժարանում:

1952-1957 թթ. ուսանել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Սրբոց Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտելուց հետո ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ անդամագրվելով Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանությանը:

1964թ. ուսանել է Դարեմի (Անգլիա) համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում՝ ստանալով աստվածաբանության բակալավրի աստիճան:

1964 - 1966 թթ. ուսանել է Փարիզի կաթոլիկ համալսարանում:

1954 թ. - սարկավագ՝ ձեռամբ Տ. Եղիշե արքեպիսկոպոս Տերտերյանի։

1957 թ. - կուսակրոն քահանա՝ ձեռամբ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի:

1964թ. մասնավոր վարդապետության 4 աստիճաններ՝ ձեռամբ Տ. Ասողիկ եպիսկոպոս Ղազարյանի:

1972 թ. - ծայրագույն վարդապետության աստիճան՝ ձեռամբ Տ. Վաչե արքեպիսկոպոս Հովսեփյանի:

1974 թ. – եպիսկոպոս՝ ձեռամբ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի։

2006թ. - արքության պատիվ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական Կոնդակով։

1957թ. - Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի փոխտեսուչ և դասախոս։

1958թ. - հոգևոր հովիվ Ամմանի (Հորդանան) Ս. Թադեոս հայկական եկեղեցու։ Տնօրեն Հեթումյան հայկական դպրոցի:

1966թ. - Լոս Անջելեսի (ԱՄՆ ) Ս. Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ:

1972 - 1974թթ. – դասախոս, փոխտեսուչ, ապա` տեսուչ Ս. Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի։

1975 - 1979թթ. - Կանադայի հայոց թեմի առաջնորդական փոխանորդ:

1979 - 1980թթ. - Կալկաթայի հայկական ճեմարանի տեսուչ։

1998 - 1999 թթ. - Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի տեսուչ:

2012թ․ - Երուսաղեմի Հայոց Պատրիարքության պատրիարքական տեղապահ։

2013թ․ - Երուսաղեմի Հայոց Պատրիարքության էկումենիկ և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն և մամլո խոսնակ:

Նույն շարքից