Լրահոս Հասարակություն 

Երբ կնշվի Սուրբ Սարգիս զորավարի տոնը

analitik.am

Այս տարի Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության օրը կտոնի հունվարի 27-ին։

Սուրբ Սարգիսը հայ ժողովրդի ամենասիրված սրբերից է: Այս տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է:

Գարեգին Երկրորդ հայրապետի տնօրինությամբ Ս․ Սարգիս զորավարի տոնը հռչակված է Երիտասարդների օրհնության օր:

Սուրբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն դիմում են սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված:

Տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրվա հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Սուրբ Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին։

Ըստ ավանդույթի՝ Սուրբ Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի մաքրություն, անաղարտություն խորհրդանշող իր սպիտակ ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա տվյալ հավատացյալի երազանքը:

Երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:

Տոնի օրը Սուրբ Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ։

Նույն շարքից