Լրահոս Հասարակություն 

Քաղաքացիներին անհարմարություն պատճառող հերթական որոշումը

analitik.am

90 հազարից ավել բնակչություն ունեցող Մարտունի խոշորացված համայնքին սպասարկող դատական նստավայրը կփակվի։ Նման որոշում է կայացրել ՀՀ դատական դեպարտամենտը՝ պետական ռեսուրսների ավելորդ ծախս համարելով մեր երկրի 51 դատական նստավայրերից 9-ի փակվելը։

Analitik.am-ին ահազանգած Մարտունու բնակիչը չհիմնավորված համարեց Դատական դեպարտամենտի՝ Մարտունի քաղաքի դատական նստավայրի շենքը անմխիթար վիճակում գտնվելու վերաբերյալ պատճառաբանությունը։

Լուսանկարները՝ Դատական դեպարտամենտի ՖԲ էջից

«Դեպարտամենտի հրապարակած լուսանկարներում դատարանի այն հատվածներն են, որոնք քաղաքացու համար տեսանելի չեն, անհասանելի են։ Իսկ առհասարակ շենքը թեև հին է, սակայն պարբերաբար աշխատակիցների կողմից և հենց աշխատակիցների ջանքերով վերանորոգվել է»,- նշեց քաղաքացին՝ հավելելով, որ «դատական դեպարտամենտին չի հետաքրքրում, թե բնակիչները, իրենց հարցերով ո՞ւր են դիմելու։ Եվ եթե անգամ աշխատակազմին առաջարկում են իրենց ծառայությունը շարունակել Գավառի կամ Վարդենիսի նստավայրերում՝ յուրաքանչյուրը ավելի քան 40 կմ հեռու է, և միջքաղաքային տրանսպորտ էլ չկա։ Եթե օպտիմալացում են անում՝ ի՞նչ չափորոշիչներով են այն իրականացնում, այն դեպքում, երբ Գավառի դատարանի շենքային պայմանները ավելի վատ վիճակում են»:

Analitik. am-ին տրամադրված լուսանկարները

«Ճամբարակի դատարանը թեև նորակառույց է, բայց 5-6 տարի ընդհանրապես դատավոր չի ունեցել, նոր են նշանակել և դեռ  հարց է՝ ինչքան կշարունակի պաշտոնավարել (հեռավորության պատճառով), որովհետև Ճամբարակի նստավայրում եթե դատավոր եղել է հիմնականում դատական նիստերը նշանակվել են Սևանի դատարանում և ոչ միայն»,- ասաց մեր աղբյուրը։

Ի՞նչու, ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել քաղաքացիների դժգոհությունը հարուցող, մարդկանց անհարմարություն պատճառող հերթական որոշումը կայացնողները։ Հարցեր են, որոնց պատասխանին սպասում են մարտունեցիները։

 

 

Նույն շարքից