Բարի օր Քաղաքականություն 

ՖՐՈՒՍՏՐԱՑԻԱ․ Նարեկ Մալյանի նոր պատմվածքը՝ բանտից

analitik.am

Քաղբանտարկյալ, գրող, հրապարակախոս Նարեկ Մալյանի նոր պատմվածքը՝ բանտից․

ՖՐՈՒՍՏՐԱՑԻԱ

– Նա ռեժիսոր չէ, նա ողորմելի, անտաղանդ վաշխառու է,- բարկացած հայտարարում էր Մանուել Սոլոմոնիչը:
Խմելնիցկու դրամատիկական թատրոնի երեք հոգանոց թատերախումբը Ստարայա Ցերկով փոքրիկ քաղաքի երկաթուղային կայարանում սպասում էր Օդեսա մեկնող գնացքին, որը, ինչպես քիչ առաջ պարզվեց, անհայտ պատճառներով երկու ժամ ուշանալու էր, իսկ միգուցե՝ ավելի շատ:

Մանուել Սոլոմոնիչը թատրոնի սցենարիստն էր, ինչպես նաև հաստիքացուցակում գրանցված էր որպես երկրորդ ռեժիսոր: 60-ին մոտ տղամարդ էր՝ մշտապես ամեն ինչից դժգոհ, արվեստի, հատկապես՝ թատրոնի մասին սեփական պատկերացումներով:
Լյոշան 40-ին մոտ դերասան էր: Նա՝ որպես դերասան, արդեն այն տարիքում էր, երբ հետին պլան էր մղված բարձր արվեստին անմնացորդ ծառայելու նվիրումը. դրա փոխարեն առաջ է գալիս դեր-աշխատավարձ հաշվարկն, ու հորիզոնում առկայծում են թոշակի մասին մտքերը: Լյոշան իր գործը սիրով էր անում, բայց քիչ վարձատրությամբ դերերից խուսափում էր:

Մյուս դերասանը 30-ամյա Վիլենն էր: Նրան թատրոնում համարում էին համեմատաբար անփորձ դերասան: Խոշոր և լուրջ դերեր թատրոնի ղեկավարությունը նրան դեռևս չէր վստահում, ինքն էլ առանձնապես աչքի չէր ընկնում: Լռակյաց կյանքն իսկը Վիլենինն էր:

Վերը նկարագրված եռյակն առանձնանում էր գավառական քաղաքի կայարանի սպասասրահի մյուս ուղևորներից: Իսկույն երևում էր, որ նրանք այս կողմերից չեն և ինչ-որ արտառոց զբաղմունքի տեր են: Վերջին փաստի օգտին էր խոսում հատկապես այն, որ Վիլենը 18-րդ դարի բեմական սև կոստյումով էր: Նա վերջին ներկայացումից հետո չէր հասցրել զգեստափոխվել և կայարան էր եկել բեմական հագուստով: Պատահական մարդիկ, որոնք աշխատանքային, իսկ երբեմն ցեխոտ շորերով էին, խեթ-խեթ էին նայում անկյունի նստարանին տեղավորված թատերախմբի ուղղությամբ, հատկապես տարօրինակ էր նայվում ճորտատիրական ժամանակաշրջանի կալվածատիրոջ հագուստով՝ շշից գարեջուր խմող Վիլենը:

– Նա թատրոնից ոչինչ չի հասկանում, տեղյակ չէ դրամատուրգիայի տարրական կանոններից,- Սոլոմոնիչը վրդովված էր:

– Քեզ հատկապես ի՞նչը դուր չի գալիս: Կարծում եմ այն, որ մեզ ուղարկել է աշխարհի ամենախուլ գյուղերն՝ իբր հյուրախաղերի,- պարապությունից արձագանքեց Լյոշան:

– Նաև՝ դա: Այդ հյուրախաղեր կոչվածի ընթացքում մեզ վրա այնքան է խնայում, որ սնվում ենք կացարաններում, ապրում ենք անտուն թափառականների պես, իսկ ինչ վերաբերում է բեմադրվածներին, ապա ավելի անճաշակ բաներ դժվար է պատկերացնել: Հերիք չէ՝ ընտրված պիեսներն անճաշակ են՝ փորձեր համարյա չեն արվում, ինչն, անկասկած, ազդում է առանց այդ էլ ցածր որակի վրա:

– Դու ի՞նչ կասես, Վիլե՛ն,- Լյոշան փորձեց Վիլենին ներքաշել խոսակցության մեջ, սակայն վերջինս ընդամենը ուսերը թափ տվեց և շարունակեց անտարբերությամբ գարեջուր խմել:

– Վիլենը ոչինչ չի ասի: Հանգիստ թող նրան: Նա, ինչպես միշտ, լռում և հանդուրժում է: Առանց նեղանալու, դու՝ որպես դերասան, առանձնապես տաղանդով չես փայլում, իսկ զրուցընկեր քեզանից չի ստացվի,- նեղսրտեց Սոլոմոնիչը:

– Լյոշա, ասում եմ քեզ, ռեժիսուրան նուրբ արվեստ է, քրտնաջան աշխատանք: Լավ ռեժիսորը պետք է յոթ կաշի քերի դերասաններից՝ մինչև իր ուզածը ստանա: Ինչի՞ է նմանվում մեր թափառախումբը: Վերջին անգամ ե՞րբ եք ծափահարություններ լսել ներկայացման ավարտին: Ձեր ներկայացումներին գալիս են կոլտնտեսականները և բանվորները, ովքեր իրենց կյանքում նույնիսկ ցիլինդրով մարդ չեն տեսել: Չկա երկխոսություն հանդիսատեսի հետ, և եթե անկեղծ լինենք՝ նման հանդիսատեսի հետ երկխոսություն չի էլ կարող լինել. չկա էմպատիա, չկա ֆրուստրացիա, չկա այն ամենը, ինչով թատրոնը տարբերվում է կաբարեից:

– Մանուել Սոլոմոնիչ, կոլտնտեսականներ վաղուց արդեն չկան,- ժպտալով հակադարձեց Լյոշան,- իսկ թատերական ռեժիսորները բոլոր ժամանակներում համարյա նույնն են եղել: Ինչ վերաբերում է ֆրուստրացիային, լավ է՝ ինքներդ եք ասում՝ ի՞նչ ֆրուստրացիայի մասին կարող է խոսք լինել այսպիսի հանդիսատեսի հետ:
Լյոշան ձեռքով ցույց տվեց կողքի նստարանին տեղավորված երկու տարեց մարդկանց, ովքեր, եղանները գրկած, նիրհում էին՝ իրենց ուշացող գնացքին սպասելով:

– Դուք ջահել եք, ոչինչ չգիտեք նախկին ժամանակներից: 80-ականների կեսերին Օմսկի թատրոնի գլխավոր ռեժիսորն էր ոմն Կուբիկով: Դերասանները նրան Կուբիկ էին անվանում: Կուբիկը տարբեր սոցիալիստական պիեսներ էր բեմադրում Հոկտեմբերյան հեղափոխության և բոլշևիկների սխրանքների մասին: Այն ժամանակների համար դա սովորական ռեպերտուար էր:

Ներկայացումները միջին որակի էին և չէին առանձնանում ԽՍՀՄ այլ մեծ ու փոքր քաղաքներում բեմադրվածներից: Կուբիկը սիրային կապի մեջ էր թատրոնի դերասանուհիներից մեկի հետ: Նրա անունը, կարծեմ, Վարվարա էր: Այդ թվերին մի ֆիլմ էր դուրս եկել՝ «Ապագայից հյուրը», որի գլխավոր հերոսուհու անունն Ալիսա էր: Վարվարան այնքան էր հավանել այդ ֆիլմը, որ բոլորին պարտադրում էր իրեն անվանել «Ալիսա»: Ալիսան փարթամ կառուցվածքով՝ չափազանց տիրական կին էր:

Կուբիկի հետ սիլի-բիլի անելու դիմաց նա վերջինից պահանջում էր թատրոնի բոլոր գլխավոր դերերը: Դա դեռ լավ էր, եթե գլխավոր դերը համապատասխանում էր նրա ամպլուային: Հաճախ լինում էին դեպքեր, երբ Ալիսան ստիպում էր փոփոխել պիեսն այնպես, որ գլխավոր հերոսն իրեն համապատասխան կին լինի: Օմսկի շրջանի թատերական հանրությունում արդեն տեղյակ էին Կուբիկի սիրային կապի արդյունքում ծնվող տարօրինակ ու անհապատասխան դերերի և Օմսկի թատրոնի ինքնահռչակ պրիմադոննայի քմահաճույքների մասին: Սկզբում բոլորը ծիծաղում էին, սակայն իրավիճակը գնալով լուրջ երանգներ էր ստանում:

Առաջին մեծ խնդիրն առաջացավ երբ Կուբիկը բեմադրեց «Լենին», որի գլխավոր հերոսը, չգիտես ինչու, ոչ թե Վլադիմիր Իլյիչն էր, այլ Նադեժդա Կրուպսկայան, ում դերը, բնականաբար, բեմում կերտում էր Կուբիկի սիրելին՝ Ալիսան: Վերջին փաստը սկսեց լրջորեն անհանգստացնել կուսակցական մարմիններին:

Կուբիկին շտապ կանչեցին կուսակցությոն և բացատրություն պահանջեցին: Նրա հետ լուրջ զրույց ունեցան՝ թափանցիկ ակնարկելով, որ Կուբիկի բեմադրած «Լենինը» նսեմացնում է հեղափոխության առաջնորդի դերակատարումը աշխարհակարգի փոփոխության գործում, և նրան որոշ ժամանակով արգելեցին սոցիալիստական թեմատիկայով պիեսներ բեմադրել: Ահա այս հանգամանքներում Կուբիկը որոշեց անդրադառնալ դասականներին:

Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ն ընտրվեց որպես չեզոք, ապաքաղաքական, սիրային թեմա: Ալիսան այս լուրը մեծ ոգևորությամբ ընդունեց, քանի որ վստահ էր, որ գլխավոր դերը Կուբիկն իրեն կտա, սակայն պարզվեց, որ կա մի փոքրիկ խնդիր, որն անհնար էր դարձնում Ալիսայի ցանկությունը: Նա փարթամ կրծքերով, վավաշոտ հայացքով, բարձրահասակ կին էր:

Նադեժդա Կրուպսկայայի դերի համար նրան դեռ ինչ-որ կերպ կարելի էր առատ գրիմով համապատասխանեցնել, սակայն դեռատի Ջուլիետի համար Ալիսան այնքան անհամապատասխան էր, որ որևէ գրիմ նրան չէր կարող նույնիսկ մոտեցնել դերին: Ի հավելումն դրա, թատրոնի արական սեռի դերասանների մեջ չկար որևէ Ռոմեո, ով Ալիսայի կողքին ծիծաղելիորեն փոքրամարմին չնայվեր: Ալիսայի փարթամ բարեմասնությունները, որոնք նրա թատերական սրընթաց կարիերայի լոկոմոտովն էին, առաջին անգամ հանդիսանում էին խանգարող հանգամանք:

Սոլոմոնիչը երանությամբ աչքերը կկոցեց, ասես փորձում էր մտաբերել Ալիսայի կարիերայի փարթամ լոկոմոտիվները: Լյոշան ուշադիր լսում էր պատմությունը, նույնիսկ Վիլենը գարեջրի շիշը մի կողմ էր թողել և հետաքրքրությամբ լսում էր Սոլոմոնիչին:

– Կուբիկը փորձում էր համոզել իր սիրելիին, որ գոնե այս անգամ վերջինս ձեռնպահ մնա գլխավոր դերի մշտական պահանջից, բայց Ալիսան լսել անգամ չէր ցանկանում, և նման բոլոր խոսակցություններն ավարտվում էին արցունքների առատությամբ և «բոլոր տղամարդիկ տականք են» եզրահանգումով: Վերջիվերջո, Կուբիկը տեղի տվեց և ստիպված գնաց այդ ժամանակների համար հեղափոխական լուծման:

Նա որոշեց հանուն իր սիրելիի մի փոքր խմբագրել Շեքսպիրի պիեսը և փոխել նրա անվանումը՝ «Ռոմելան և Ջուլիետը»: Կարծում եմ՝ ավելորդ է նշել, թե ով էր խաղալու Ռոմելայի դերը: Կուբիկն, ով նախկինում հանուն սիրելի Ալիսայի հանդգնել էր խմբագրել հեղափոխության առաջնորդի կենսագրությունը, Շեքսպիրին փոփոխեց առանց խղճի որևէ խայթի: Պիեսի բովանդակությունը ևս փոփոխվեց և համապատասխանեցվեց վերնագրին: Վերջ, արդեն որոշված էր՝ եթե Ալիսան ինչ-ինչ պատճառներով չէր կարող խաղալ Ջուլիետ, ուրեմն կխաղա Ռոմելա: Անկեղծ ասած՝ տեղյակ չեմ ներկայացման բովանդակությունից, քանի որ այն մեկ անգամ է բեմադրվել, և ես այն չեմ տեսել: Կարող եմ ասել, որ Կուբիկը հաշվի չէր առել, որ կնոջ և տղամարդու դերերը միանգամայն տարբեր բաներ են: Տղամարդ գլխավոր հերոսի կերպարն իր մեջ երկու պարտադիր բաղադրիչ պետք է ներառի: Առաջին հերթին՝ ցանկացած տղամարդ հերոս ճամփորդություն է, երկրորդ հերթին՝ ընդվզում և ըմբոստություն: Էական չէ, թե ինչի դեմ է ապստամբում տղամարդը՝ ստրկատիրական կարգերի, ինչպես Սպարտակը, թե սխալ կայանված մեքենայի վարորդի, ինչպես սովորական տաքսիստ: Կին հերոսի ճակատագիրը միանգամայն այլ է: Կինը ներկայացման կամ ֆիլմի ընթացքում պետք է պայքարի և հաղթի տղամարդկանց ու նրանց ստեղծած աշխարհի անարդարությունը:

– Ներկայացումը տապալվեց, որովհետև Կուբիկը հաշվի չէր առել կնոջ և տղամարդու դերերի դրամատիկական առանձնահատկություննե՞րը,- հետաքրքրված հարցրեց Վիլենը:

– Ոչ, իհարկե, նման սխալներ վերհանելու համար մեկ անգամ բեմադրությունը քիչ է: Պատճառն այն էր, որ ինչ-որ մարդիկ առաջին ներկայացումից անմիջապես հետո ահազանգով տեղեկացրել էին կուսակցական մարմիններին: Այդ ահազանգն առաջին ներկայացումը դարձրեց վերջինը: Կուսակցական մարմիններն արագ արձագանքել էին՝ անհապաղ թատրոնի խաղացանկից հանելով «Ռոմելան և Ջուլիետը»: Նշանակվեց հետաքննություն, և Կուբիկին հեռացրեցին թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնից:

– Իսկ Ալիսա՞ն,- հետաքրքրվեց Լյոշան,- ի՞նչ եղավ Ալիսայի հետ:

– Սա այս պատմության ամենահետաքրքիր հատվածն է: Չգիտես՝ որտեղից Օմսկի թատրոնում ընդամենը մեկ անգամ բեմադրված ներկայացման մասին իմացել էին արևմտյան լրատվամիջոցները: Ասում են՝ «Նյու Յորք Թայմս»-ը հոդված էր տպել այս միջադեպի մասին, որում Ալիսային ներկայացրել էր որպես առաջադեմ լեզբուհի, ով Շեքսպիրի մոդեռն տարբերակն էր համարձակվել ներկայացնել հետադիմական ԽՍՀՄ-ում: Կարճ ժամանակ անց Ալիսան հաջողացրեց փախչել ԱՄՆ, որտեղ նրան դիմավորեցին որպես իսկական հերոսի: ԱՄՆ-ում Ալիսան հիմնեց ԼԳԲՏ անձանց իրավունքների պայքարով զբաղվող կազմակերպություն ու պետությունից այդ նպատակի համար ահռելի գումարներ ստացավ՝ որպես հալածյալ լեզբի արվեստագետ, ով մազապուրծ է եղել բռնապետական ԽՍՀՄ-ից: Դե, իսկ Կուբիկն, Ալիսայի փախուստի լուրը լսելով, կախվեց Օմսկի թատրոնի կուլիսների ամրանից, ինչից հետո այս դեպքի հետ կապված հետաքննությունը դադարեցրեցին:

Մի պահ բոլորը լուռ էին:

– Նայեք ձեր շուրջը: Իրականում այ հենց այս հանդիսատեսի հետ է ամենաամուր էմոցիոնալ կապն առաջանում,- Սոլոմոնիչը ձեռքով ցույց տվեց նույն եղաններով գյուղացի տղամարդկանց կողմը,- դուք ձեր հանդիսատեսին ամենևին չեք ճանաչում: Հասարակ, պարզ մարդիկ որակյալ դերասանական խաղին անկեղծ վստահում են և նվիրվում են դերասանի կերտած պատմությանը:

Վիլենը և Լյոշան նայեցին Սոլոմոնիչի ցույց տված ուղղությամբ: Կայարանն այս ընթացքում ավելի մարդաշատ էր դարձել: Ըստ երևույթին, միանգամից մի քանի գնացք էր ուշացել, որոնց ուղևորները կուտակվել էին սպասասրահում, կառամատույցում: Կայարանի տարածքում ծառայություն իրականացնող երկու ոստիկաններն ալարկոտ քայլվածքով հետուառաջ էին անում գնացքի ռելսերին զուգահեռ տարածքում:

– Եթե կարողանաք այս հանդիսատեսի սիրտը գրավել՝ աշխարհի բոլոր բեմերը ձեր առջև բաց կլինեն։
Դերասաններն ուշադիր նայում էին գավառական քաղաքի կայարանում հանգամանքների բերումով հավաքված գավառական խայտաբղետ ամբոխին: Կարծես փորձում էին հասկանալ, թե որն է այդ ամբոխի, կամ ինչպես Սոլոմոնիչն էր նրանց անվանում՝ հանդիսատեսի ուժը:- Դե, լավ, Սոլոմոնիչ, չափազանցնում ես,- խոսեց Լյոշան,- խեղճուկրակ մարդիկ են՝ կենցաղային հոգսերի տակ կքած: Չեմ կարծում՝ թատրոնի մեծ սիրահարներ լինեն սրանց մեջ: Նույնիսկ մտքովս չի անցնում, թե այս ամբոխին ինչ պիես կարող է հետաքրքրել: Կարծում եմ՝ անհնար է նրանց որևէ ներկայացումով գերել: Նույնիսկ ամենալավ դերասանը չի կարող դիպչել նրանց սրտերին:

– Ես կարող եմ,- հանկարծ խոսեց Վիլենը,- չգիտեմ՝ դրա օգուտն ինչ կլինի, բայց եթե պետք լինի՝ կանեմ:

– Գլուխգովան,- ժպտաց Սոլոմոնիչը,- գլուխգովան ես դու, այ թե ով ես:

Լյոշան չէր խոսում, նա լուռ ծխում էր:

– Ինչո՞ւ եմ գլուխգովան. Չապլինն ասում էր, որ կատակերգություն ստեղծելու համար իրեն հարկավոր է ոստիկան, աղջիկ և այգի: Ի՞նչ ունենք մենք այս պահին: Մենք ունենք պարապությունից ձանձրացող երկու դերասան, կայարան և գնացքին սպասող հարյուրավոր մարդիկ: Կարծում եմ՝ ինչ-որ հետաքրքիր բան սրանից կարող է ստացվել:

– Ես՝ փաս,- արձագանքեց Լյոշան,- եթե պետք լինի օգնել՝ միայն որպես բանվոր, բայց որպես դերասան՝ ես՝ փաս:

– Չէ, առանձնապես բան պետք չէ: Կարող ես հանդիսատեսին ընթացքում տաքացնել՝ ավելի ինտերակտիվություն ստանալու համար:

– Ի՞նչ ես մտածել,- կասկածանքով հարցրեց Սոլոմոնիչը:

– Դեռ չգիտեմ, բայց ինչ-որ թեթև բան: Փոքրիկ քաղաքական պերֆորմանս, շատ ժամանակ էլ չունենք՝ որևէ լուրջ բան ներկայացնելու համար:

Վիլենը վերցրեց նստարանին դրված տեղական տպագրության թերթը և սկսեց արագ աչքի անցկացնել: Սոլոմոնիչը և Լյոշան տարակուսած միմյանց էին նայում: Նրանք փորձում էին հասկանալ, թե ինչ կա Վիլենի մտքում: Միգուցե Սոլոմոնիչի խոսքերն էին նրա սրտին դիպել, որ նա միջակ դերասան է, և հիմա Վիլենը փորձում էր ապացուցել հակառակը:

– Շատ լավ, ես արդեն ունեմ այն, ինչ անհրաժեշտ է առաջին արարի համար,- այս ասելով՝ Վիլենը, թերթը ձեռքին, քայլեց կառամատույցի ուղղությամբ:

Հասնելով կայարանի կենտրոնական հատվածին՝ Վիլենը բարձրացավ այդ պահին հրաշքով ազատ միակ նստարանի վրա, ողջ հասակով կանգնեց և ձեռքի թերթը թափահարելով՝ անսպասելի սկսեց բղավել.

– Սիրելի՛ հայրենակիցներ, սա ուղղակի խայտառակություն է: Այսպես այլևս շարունակվել չի՛ կարող:

Վիլենի անսպասելի բղավոցից Սոլոմոնիչն ու Լյոշան հանկարծակի վեր թռան և շտապ մոտեցան նրան: Վիլենը շատ էպիկ, նույնիսկ կարելի է ասել՝ էպատաժային տեսք ուներ՝ իր՝ 18-րդ դարի բեմական հագուստով, թերթը ձեռքին թափահարելով, նստարանի վրա կանգնած ելույթ ունենալիս:

Սոլոմոնիչը նկատեց, որ Վիլենի ելույթը հավաքված մարդկանց մոտ հետաքրքրություն էր առաջացրել, չնայած նրան, որ որևէ մեկը պատկերացում չուներ, թե ինչ է խոսում նա: Առայժմ ամբիոնի վերածված նստարանին որևէ մեկը չէր մոտեցել, սակայն հավաքվածների զգալի մասն արդեն գլուխները թեքել էին Վիլենի ուղղությամբ և փորձում էին հասկանալ, թե ինչ է կատարվում: Ժամեր շարունակ ուշացող գնացքին սպասող հանրույթն արդեն մի լավ ձանձրացել էր, և Վիլենը հեշտությամբ գրավեց նրանց ուշադրությունը: Մի տատիկ, համենայն դեպս, խաչակնքվեց՝ Վիլենի կողմը նայելով:

– Դեռ որքա՞ն պետք է հանդուրժենք այս ամենաթողությունն ու թալանը,- շարունակում էր գոռալ Վիլենը:

Վերջին բառը՝ «թալանը» մոգական ազդեցություն գործեց հավաքվածների վրա: 4-5 հոգի տարբեր ուղղություններից մոտեցան «ամբիոնին»՝ երևի մոտիկից հասկանալու համար, թե ով, ում և հատկապես՝ որքան էր թալանել:

– Խայտառակությունն ու անամոթությունը հասել է այնտեղ, որ նույնիսկ թերթերում են բացահայտ գրում կոռուպցիայի աղաղակող դեպքերի մասին: Ահա՛,- Վիլենը հաղթական թափահարեց ձեռքի թերթը:

– «Белая церковь сегодня» թերթը սևով սպիտակի վրա գրում է, որ Տիգրովկա գյուղի նախագահը յուրացրել է գյուղի միակ տրակտորի դիզելային վառելիքը և էժան գնով վաճառել կողքի գյուղի տրակտորիստին: Տրակտորիստն իր հերթին վերավաճառել է վառելիքը, իսկ գումարային տարբերությունը յուրացրել է և ծախսել ալկոհոլային խմիչքի վրա: Սա ակնհայտ, աչք ծակող կոռուպցիոն հանցագործությունների շղթա է, որի անպատժելիությունը ծնել է լուրջ հետևանքներ:

Վիլենին մոտեցողները գնալով շատանում էին: Նման իրավիճակներում, առաջին հերթին, դեպքի վայր են հասնում հետաքրքրասերները՝ պասիվ դիտող մարդիկ, որոնք ցանկացած աղմուկի դեպքում հույս ունեն, որ ինչ-որ արտառոց երևույթի ականատես կդառնան: Սոլոմոնիչն ու Լյոշան դեռ ամբողջությամբ չէին հասկանում, թե ինչ է Վիլենի մտքում, բայց հընթացս մոտավորապես գլխի էին ընկնում և պատրաստ էին աջակցել, եթե հարմար պահ լիներ:

– Եվ սա դեռ ամենը չէ,- շարունակում էր գոռալ Վիլենը,- այս կոռուպցիոն շղթան ձգվում է դեպի մարզպետ, և եկեք միմյանց հետ անկեղծ լինենք՝ դեպի կենտրոնական իշխանություն:

– Այո,- հանկարծ ձայնարկեց հավաքվածներից մեկը,- պետք է նման բաների մասին բարձր խոսել:

Ամբոխը կամաց-կամաց հավանության նշաններ էր ցույց տալիս:

– Մեզ թալանում են՝ հերիք չէ, մեզ ստիպում են, որ լռենք, բայց հանդուրժել այլևս անհնար է: Ասեք, մենք պատրաստվում ենք լռե՞լ, ասեք, խնդրեմ, մենք վախենո՞ւմ ենք…

– Ո՜չ,- արդեն ավելի վստահ ձայն էին տալիս ամբոխից:

– Իմ պատմածն ընդամենը մեկ դեպք է, մեկ դեպք՝ համատարած թալանից, իսկ որքա՜ն այդպիսի դեպքեր կան, որոնք հանդիպում են ձեզ ամեն օր, ամեն քայլափոխի:

– Թողե՛ք, ես ասելիք ունեմ,- եղանով նստած պապիկներից մեկը փորձում էր ճեղքել արդեն բավական խիտ հավաքված մարդկանց շարքերը և մոտենալ Վիլենին: Վերջինս օգնեց պապիկին բարձրանալ նստարանի վրա և հարցնելով նրա անունը՝ ներկայացրեց հավաքվածներին.

– Անդրեյ պապիկը երկու խոսք ունի ասելու, խնդրում եմ, ծափահարեք համարձակ, խիզախ Անդրեյ պապիկին: Նա իր ողջ կյանքն ազնիվ ապրած հարգարժան մարդ է, ում այս թալանչի իշխանություններն ամեն օր թալանում են:
Հավաքվածները սրտառուչ ծափերով ողջունեցին Անդրեյ պապիկին, ով հուզմունքից մոռացավ իր ասելիքը և սկսեց անկապ բառեր գոռալ:

– Մենք պայքարում էինք հավասարության, սոցիալիզմի համար: Գերմանացի զավթիչներին վռնդեցինք, ու ի՞նչ՝ ոչի՛նչ… Բայց սա կյանք չէ, որ մենք ենք ապրում, իսկ ես երբեք չեմ լքի իմ երկիրը և թքած ունեմ Ամերիկայի վրա: Կախե՛լ թալանչիներին…

Վերջին կոչից հետո հավաքվածները սկսեցին ինքնաբուխ և ուժգին ծափահարել: Ողջ կայարանն արդեն հավաքվել էր Վիլենի կամքով ամբիոնի վերածված նստարանի շուրջ և ամբողջ ուժով ծափահարում էր խիզախ Անդրեյ պապիկին: Այդ ծափահարությունները կախարդական ազդեցություն ունեցան ամբոխի վրա:

Հավաքվածները, կարծես, մոռացել էին, որ կայարանում էին գտնվում՝ գնացքին սպասելու նպատակով: Մարդիկ փորձում էին բարձրանալ նստարանի վրա, իրենց ծանրակշիռ և կարևոր խոսքն ասել, ստանալ իրենց բաժին ծափահարությունները: Յուրաքանչյուրին թվում էր, թե հատկապես իր խոսքն է լինելու ամենակարևորը, ամենահամարձակը, ամենահետաքրքիրը և հետևաբար՝ ամենածափահարվածը:

Նստարանի մոտ նույնիսկ մի փոքր հրմշտոց սկսվեց, և թվում էր՝ Վիլենն արդեն կորցնում է իրավիճակի վերահսկողությունը: Այդ նկատելով՝ նրան իսկույն օգնության հասավ Լյոշան: Նա ձեռքի բլոկնոտով մոտեցավ Վիլենի նստարան-ամբիոնին և հրամանատարական ձայնով սկսեց կարգադրել.

– Հարգելի՛ քաղաքացիներ, խնդրում եմ պահպանել հանգստություն, բոլորին ձայն կտանք, հերթագրվե՛ք այստեղ:

Հարգելի քաղաքացիները հնազանդվեցին Լյոշայի կոչին: Միայն ինչ-որ կին կիսաձայն փնթփնթաց.

– Գիտենք, թե ինչ է նշանակում «բոլորին ձայն կտանք»: Հիմա երևի ձեր ծանոթներին առաջ կգցեք…

Ի զարմանս Լյոշայի՝ նստարանի աջ կողմում, իսկ ավելի կոնկրետ՝ իր ձեռքի բլոկնոտի ուղղությամբ ձևավորվեց մոտ 30 հոգուց բաղկացած՝ համեմատաբար կարգապահ մարդկանց հերթ, որոնք սպասում էին նստարանի վրայից իրենց խոսքը հնչեցնելուն: Լյոշան իսկույն ձեռնամուխ եղավ ելույթ ունենալ ցանկացող անձանց բլոկնոտում հերթագրելուն:

Հավաքը գնալով ավելի կազմակերպված բնույթ էր ստանում, և դա, անշուշտ, չէր կարող վրիպել տարածքում ծառայություն իրականացնող երկու ոստիկանի ուշադրությունից: Կայարանի մի հատվածում մարդկանց անհասկանալի աժիոտաժը նկատելով՝ ոստիկանները որոշեցին պարզել առաջացած իրարանցման պատճառը:

Սկզբում նրանք ենթադրեցին, որ մարդիկ գրպանահատի են բռնել, և ոստիկաններն այդ դեպքում սպասված հյուրեր պետք է լինեին, սակայն մի փոքր մոտենալով՝ նրանք տեսան տարօրինակ կոստյումով մի մարդու, ով բոցաշունչ ելույթներ էր ունենում թալանի, կոռուպցիայի և այլ բարդ քաղաքական ու վտանգավոր բաներից՝ մերթընդմերթ ձայն տալով այլ հռետորների: Ոստիկաններն իսկույն գլխի ընկան, որ անհրաժեշտ է միջամտել:

Նրանք հստակ չէին հասկանում, թե այդ իրավիճակում հատկապես ինչն էր իրենց անհանգստության պատճառը, բայց ակներև էր, որ իրավապահների միջամտության անհրաժեշտությունը հասունացել էր:

– Ի՞նչ է պատահել, հարգելի քաղաքացիներ,- հետաքրքրվեցին օրենքի պահապանները:

– Եվ դուք դեռ հարցնում եք՝ ի՞նչ է պատահել,- նստարանի բարձունքից գոռաց Վիլենը:

– Ո՞վ է ձեզ թալանել, դեմքը հիշո՞ւմ եք,- ոստիկաններն ակնհայտ չէին հասկացել մետաֆորան:

– Մենք բոլոր թալանչիների դեմքերն անգիր գիտենք,- սկսեցին գոռալ ամբոխի միջից:

– Ով գիտի՝ հենց թալանչիներն էլ ձեզ ուղարկել են այստեղ:- Հարգելի՛ ոստիկաններ,- դիմեց նրանց Վիլենը՝ «հարգելի» բառը քմծիծաղով արտաբերելով,- դուք ինչ-որ բան էիք ցանկանում մեզ ասել: Միգուցե բարձրանաք և այստեղի՞ց դիմեք ժողովրդին:

Ոստիկաններն արդեն հասկացան, որ ոչ մի գողություն կամ գրպանահատություն տեղի չի ունեցել, և իրենք իրենց կամքից անկախ հայտնվել էին քաղաքական անհասկանալի ինչ-որ հավաքի կիզակետում, որտեղ իրենց տեսնել առանձնապես ուրախ չէին: Շուրջբոլորը մարդիկ էին, ովքեր զուսպ ատելությամբ հայացքներ էին նետում նրանց ուղղությամբ:

– Միգուցե դուք իջնեք, մի քանի բառ առանձին փոխանակենք, հասկանանք, թե ինչն է խնդիրը…

Վիլենը դրամատիկ պաուզա վերցրեց, ինչից հետո տարածեց ձեռքերը՝ կարծես, ցանկանում էր միանգամից գրկել այնտեղ հավաքված բոլոր մարդկանց, բացի ոստիկաններից և հայրենասիրական պաթոսով արտաբերեց։

– Ես իմ ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեմ, ասեք ձեր ասելիքը բոլորի ներկայությամբ:

Ծափահարությունները թնդացին կայարանով մեկ: Խաչակնքվող կինն արտասվեց և թաշկինակով սկսեց ցուցադրաբար սրբել արցունքները, մեկ ուրիշը գոռաց. «Ես գիտեի, որ այս օրը գալու է»: Մարդիկ ցնծությամբ ընդունեցին իրենց առաջնորդի որոշումը՝ թաքուն չհամագործակցել գործող ռեժիմի ներկայացուցիչների հետ:

– Դուք հավաք անցկացնելու թույլտվություն ունե՞ք,- կամացուկ հարցրեց ոստիկաններից մեկը, ով դեռ հույս ուներ իրավիճակն ինչ-որ կերպ փոխել:

– Այո՛, ունենք, մենք մեր ազատ երկրում ենք և իրականացնում ենք խաղաղ հավաք, որին դուք միջամտելու որևէ իրավունք չունեք, այնպես որ, եթե ավելացնելու ոչինչ չունեք, անմիջապես հեռացեք այստեղից և մի խանգարեք… Հե-ռա-ցե՜ք:

Ոստիկանները վերջնականապես համոզվեցին, որ կայարանում իրենք այլևս իրավիճակի տերը չեն, և նահանջեցին: Հասնելով կայարանում ոստիկանական բաժանմունքի սենյակ՝ այնտեղից զանգեցին գլխամաս, իրար հերթ չտալով՝ հայտնեցին, որ կայարանում անհասկանալի և վտանգավոր իրադարձություններ են տեղի ունենում, և որ կազմակերպիչները չեն ենթարկվում ոստիկանության օրինական պահանջներին:

Կայարանի հավաքը ոստիկանների նահանջից հետո արդեն վերածվել էր լիարժեք բողոքի ցույցի: Հռետորներն արդեն ավելի երիտասարդ էին ու ավելի վճռական: Ինչ-որ պահի Վիլենն իջավ նստարանից. նրա կարիքն այս պահին առանձնապես չկար: Լյոշայի հերթագրման կարիքն էլ այլևս չէր զգացվում: Մարդիկ ինքնուրույն հերթագրվում և ելույթ էին ունենում:

Ելույթները դարձել էին ագրեսիվ ու գործնական: Մի քանի երիտասարդներ ելույթով առաջարկում էին օլիգարխների թալանածը խլել և բաժանել ժողովրդին, մյուսները պնդում էին, որ անհրաժեշտ է բողոքի ցույցով շարժվել մայրաքաղաքի ուղղությամբ և պաշարել այն: Բոլոր ելույթներից հետո ծափահարությունները չէին լռում: Կայարանում անկանոն շարժում սկսվեց, երբ ինչ-որ տարեց, բայց ներկա երիտասարդներից ոչ պակաս եռանդով ցուցարար հայտարարեց, որ ոստիկանները պլանավորում են հարձակվել խաղաղ ցույցի վրա: Կայարանում հավաքված մարդիկ նույնիսկ չնկատեցին, որ գնացքը, որին սպասում էին, արդեն ժամանել էր:

Նրանք ակտիվ բարիկադավորվում էին: Քիչ անց պարզ դարձավ, որ տարեց ցուցարարը չէր սխալվում: Ժամանեցին ոստիկանական հավելյալ ուժերը՝ միանգամից դիրքավորվելով բարիկադների դիմաց: Ոչ ոստիկանները, ոչ ցուցարարները ուշադրություն չդարձրեցին, որ գնացքը կամաց շարժվեց:

Սոլոմոնիչը, Լյոշան և Վիլենը գնացքի պատուհանից լուռ նայում էին հեռացող կայարանին, որն այրվում էր չգիտես որտեղից նետված Մոլոտովի կոկտեյլներից: Ցուցարարները քարեր էին նետում կայարանի ապակիների ուղղությամբ, որոնք զրնգոցով փշրվում էին ոստիկանների գլխին:

Գնացքի հեռանալով խլանում էր զրնգոցի ու ջարդի աղմուկը: Նույնիսկ հեռվից երևում էր այրվող կայարանը, և լսվում էին ոստիկանների կողմից կիրառված լուսաձայնային նռնակների տրաքոցները:

Պատմվածքը 24News-ին տրամադրել է քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ից

Նույն շարքից