Գլխավոր Քաղաքականություն 

Օպտիմալացման գործընթացի անվան ներքո փակվում են սահմանամերձ համայնքների գերատեսչությունները. Գառնիկ Դանիելյան

analitik.am

Մեղրիում փակում են պետական հաստատությունները՝ առաջին ատյանի դատարան,  կադաստրի կոմիտեի ստորաբաժունումը, նոտարական գրասենյակը, հիվանդանոցը, դիահերձարանը, փակվել է նաև արխիվը։ Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Օպիտմալացման անվան ներքո այս գերատեսչությունների փակումը միայն խոչընդոտներ է ստեղծում մեղրեցիների համար։ Հաջորդն ի՞նչ եք փակելու՝ մանկապարտեզներ, դպրոցներ։ Ո՞րն է այս ամենի  իրական նպատակը»,- հարցադրում արեց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, բժշկական հաստատություն դիմելու կարիքի դեպքում համայնքի բնակիչը պետք է ճանապարհ ընկնի, քանի որ 2010 թվականին կառուցված և մոտ 100 աշխատակից ունեցող հիվանդանոցը չի գործում։

«Իսկ թե արձանագրվում են  մահվան դեպքեր, մեղրեցին պետք է բռնի դեպի Կապան տանող  ոլորաններով ճանապարհը, որպեսզի օգտվի այնտեղից դիահերձարանից»,- ասաց նա։

Գ. Դանիելյանը թվարկեց նաև այլ խնդիրներ, որոնց բախվում են մեղրեցիները՝ սպանդանոցի, տրանսպորտի բացակայություն, ... ։

«Մեղրիում  տարրական պայմանների և առաջանային ծառայությունների բացակայության պատճառով շատ ընտանիքներ  տեղափոխվում են այլ քաղաքներ»,- ընդգծեց նա։

Նա նշեց, որ այսօր անդրադառնում է մեղրեցու խնդիրներին,միաժամանակ ահազանգեր է ստանում, որ օպտիմալացման  գործընթացի անվան ներքո փակվում են այլ սահմանամերձ  համայնքների գերատեսչություններ ևս։

«Մեղրին Հայաստանի հարավային դարպան է, Մեղրին ու մեղրեցին արժանի են ամենօրյա հոգածության, մինչդեռ  տարվում է  քաղաքականությունը, որը հանգեցնելու է հայրենիքի այս  չքնաղ հատվածի հայաթափմանն ու նորանոր աղետներին»,- ասաց Դանիելյանը։

Նույն շարքից