Հասարակություն 

Բուհերից են դուրս գալիս դիմադրողները, այս խունտան վախենում է երկրի շարժիչ ուժից՝ ուսանողությունից, ինչպես սատանան խունկից. Սերժ Սրապիոնյան

analitik.am

Նիկոլը ոչ միայն Երևանում, այլև Հայաստանում բուհ չի թողնելու։ Այս խունտայի կարծիքով՝ Հայաստանը բարձրագույն կրթության կարիք չունի։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց գրականագետ Սերժ Սրապիոնյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Երևանում ոչ մի բուհ չի մնալու, իսկ շենքերը հանձնվելու են հավատարմագրային կառավարման, որի գումարն ուղղվելու է ակադեմիական քաղաքին։

«Այդ ակադեմիական քաղաքի «լոլոն», որ կարդում են, «խամ» ականջներից «լապշա» կախելու նման մի բան է։ Էս մարդկանց հանձնարարել են վերացնել այն ուժը, որի վրա հենվում են հայն ու հայկականությունը։ Այս կիսագրագետ թերուսները թող մի անգամ հայացք դարձնեն ու տեսնեն սովետական ու նախասովետական շրջանի գիտնականների քանի տոկոսն էին հայերը, հենց այդ գիտականությունը, ազգային ոգու բարձրացումն ամենաշատն է խանգարում այս մարդկանց, դրա համար էլ փորձում են ոչնչացնել», - նշեց գրականագետը:

Անդրադառնալով շենքերը կառավարման հանձնելուն` Սրապիոնյանն ասաց, որ այստեղ էլ ստում են։ «Պարզ վաճառք է, ընդ որում` բիզնես չէ, այլ բազառ է։ Մինչդեռ, Երևանի պետական համալսարանի շենքը, Բժշկական համալսարանի շենքը, ճարտարապետական կոթողներ են, որպես պատմական հուշարձաններ այլևս դրանք պետք է պահպանվեն։ Տեսեք, թե ովքեր են սովորել այդ համալսարաններում, ինչ են արել համաշխարհային գիտության համար։ Այդ բոլորը հիմքից ջնջում են, սա էդ մարդկանց նպատակը։

Այդ թերուս, կրթության հետ հեռավոր կապ չունեցող կրթության նախարարուհին չի՞ հասկանում, ինչ է անում, հասկանում է, ծրագրված կերպով ոչնչացնում է հայությունը, որովհետև տարածք պիտի տան, Հայաստանը պիտի նվիրաբերեն իրենց քիրվաներին, այդ բուհերից, այդ դարբնոցներից էին դուրս գալիս դիմադրողները, հիմա դիմադրողականությունն են ոչնչացնում։ Դա է հանձնարարավել իրենց, իրենք էլ անշեղորեն կատարում են։ Եթե այդ խունտան շարունակի մնալ իշխանության՝ դպրոցներ էլ չեն լինի», նշեց գրականագետը։

Նա նաև ընդգծեց, որ Հայաստանն արդեն ունի ուսանողական ավան ու նորի կարիքն իրականում չկա։ «Էդ ինչ ուսանողական ավան է կառուցում, համաշխարհային ճարտարապետության մեծագույն դեմքերից մեկն արդեն նախագծել է այդ ավանը Երևանում։ Ոչ մի պատճառաբանություն գոյություն չունի, Հայաստանի բոլոր բուհերը միասին վերցրած՝ արդեն ուսանողական քաղաք են։ Մենք արդեն ունենք այդ ակադեմիական ավանը։ Այդ ուսանողները միմյանց հետ շփվում են, այստեղ՝ Երևանում, ձևավորվում է մի ուսանողական հանրույթ, որից այս խունտան վախենում է ինչպես սատանան խունկից։ Նրանք գիտեն, թե ինչ են բերում այս երկրի գլխին, գիտեն, որ շարժիչ ուժը ուսանողությունն է, դրա համար էլ այդ ուսանողություն են ուզում ոչնչացնել։ Տանելու են՝ ղռերում մի 2 նախահեղափոխական կազարմա են կառուցելու, ուսանողությանը լցնեն մեջը, բա էդ դասախոսական կազմն ի՞նչ են անելու։

Ակնհայտ քանդման պրոցես է ու քանդելով էլ մարդիկ անշեղորեն առաջ են գնում»։

Հարցին, թե ինչո՞ւ ուսանողության կամ դասախոսների շրջանում ըմբոստություն չկա՝ նա պատասխանեց, որ դասախոսներին կախել են մի կտոր հացից, ուսանողներին քայքայել են հասարակության նման բաժանելով սևերի ու սպիտակների։ «Ովքե՞ր էին կազմակերպելու ուսանողներին, նույն դասախոսները, որոնք այսօր լռում են, նույն ուսանողական խորհուրդները, որտեղ ներդրեցին իրենց լրտեսներին։ Բուհերի հոգաբարձուների խորհրդում բուհերի հետ կապ չունեցող մարդիկ են, դժվա՞ր է ուսանողներին սպառնալիքներով, ինչու ոչ՝ գնահատականներով կաշառելով մասնատել, դժվար չէ, մասնատել են, դրա համար էլ այս վիճակում ենք»։

Նույն շարքից