Հարցազրույց Մշակույթ 

«Երաժշտության մեջ մտնելը ինձ համար սուրբ տաճար մտնել է». Հարցազրույց Տիգրան Մանսուրյանի հետ

analitik.am

Կոմպոզիտոր Տիգրան ՄԱՆՍՈՒՐՅԱՆԸ մեր այն մտավորականներից է, ում հետ մշտապես զրուցելու թեմա կա։ Նա միշտ ունի ասելիք՝ հետաքրքիր, խորը, դիպուկ։ Հենց դա էլ մեծացնում է մասեստրոյի խոսքի կշիռը եւ պայմանավորում նրա հետ զրուցելու հասարակության լայն շրջանակների ցանկությունն ու պահանջը։

«ՀՀ»—ի թղթակիցը փորձեց թերթի ընթերցողներին զրուցելու հնարավորություն տալ կոմպոզիտորի հետ, ինչին սիրահոժար արձագանքեց մաեստրոն։

–Ձեր կենսագրությունն ու գործունեությունն ուսումնասիրելիս հանդիպում ենք հետեւյալ տողերին՝ Արթիկի բանվորական ակումբում 13—ամյա պատանու՝ առաջին անգամ դաշնամուր հնչեցնելը մեկընդմիշտ կապեց նրան երաժշտությանը։ Կհիշե՞ք այդ օրերը։ Այդ ժամանակ պատկերացնո՞ւմ էիք Ձեր ապագան։

–Այդ օրերից մինչեւ այսօր հասնող երկար ու ձիգ տարիների շարանը մեկ ոստյուն, մեկ օրում անցած ճամփա է թվում ինձ հիմա։ Այդ ճանապարհի բոլոր հատվածներում ես միեւնույն ծրագրով ապրողն եմ եղել (եւ ե՛մ)։ Ասեմ, որ մինչեւ այդ դաշնամուրին հանդիպելս, երկրորդ դասարանում, գրաճանաչ դառնալուց անմիջապես հետո, սկսեցի իմ իմացած բանաստեղծությունը գրել։ Այդ հաճույքին ես տրվում էի դաշնամուրին հանդիպելուց եւ երաժշտությանը տրվելուց հետո էլ։ Գրեցի մինչեւ 1969 թ։ Հետո այդ բոլորը պատռեցի, եւ այս պատմությունը վերջացավ։ Դրա արդյունքում ինձ մնաց բառերին տրվելու եւ գրավոր նյութ շարադրելու հաճույքը, սերը առ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայ բանաստեղծությունը։

Մի պատմություն պատմեմ։ Այսօրվա պես հիշում եմ. լուսանկարիչ հորս հետ Արթիկի շրջանի գյուղերից մեկի գյուղամիջում, խանութի մոտ, խոտածածկ մի տարածքում մեր ծանրումեծ լուսանկարչական ապարատի կողքին նստած էինք, ու քանի որ դեռ գյուղում նկարվելու ցանկություն հայտնող չէր եղել, զրույց էինք անում։ Այսօրվա պես ականջիս մեջ հնչում է հորս հարցը. «Հիմա ի՞նչ ես որոշել. բանաստե՞ղծ ես դառնալու, թե՞ կոմպոզիտոր»։ Իմ պատասխանը վաղուց հասունացած էր իմ մեջ՝ «կոմպոզիտոր»։ Այդ օրերից մինչեւ այսօր ես լարվածության նույն մոլեգին ուժի, նույն ծրագրին ենթարկվածն եմ։

Սրան հավելեմ նաեւ, որ երբեմն մտածում եմ՝ ես ի՛մ կյանքը չեմ ապրել, այլ եղել եմ ենթական այն հրամանի, ի վերուստ տրված այն հանձնարարականի, որն ինձ ստիպել է (եւ առ այսօր ստիպում է) անցնել այս ամբողջի միջով։

–Ձեր աշխատանքում որոշակի սկզբունքներ, չգրված օրենքներ մշակե՞լ եք։

–1954 թ. ամռան մի գեղեցիկ օր ես կանգնած էի Լենինականի Կարա–Մուրզայի անվան երաժշտական ուսումնարանի դռան առաջ։ Երազանքս էր այնտեղ սովորել։ Վերեւից դաշնամուրի նվագի ձայն էր գալիս, ամառային հանգստից հրաժարված ուսանողներից մեկը նվագում էր՝ նորից ու նորից կրկնելով ելեւէջների նույն շարքը։ Ես հափշտակված էի ու կատարյալ երանության մեջ։ Երկհարկանի շենքը վերածվել էր սրբոց տաճարի։ Իմ կապը մի ուրի՛շ աշխարհի հետ էր այդ պահին։ Այդ օրվա իմ զգացողությունը առ այսօր նույնությամբ արթնանում է իմ մեջ, երբ վերհիշում եմ այդ պահը։

Սա մի դրվագ է, որի օգնությամբ ուզում եմ խոսել երաժշտության հետ ունեցած իմ կապի մասին։Երաժշտության մեջ մտնելը ինձ համար սուրբ տաճար մտնել է՝ անկախ նրանից այդ պահին ունկնդիր եմ, թե հորինող կամ կատարող։ Դաշնամուրի առաջ ես երբեւէ չեմ նստել հողաթափերով. եթե նստած եմ, ուրեմն հավաք եմ մինչեւ վերջ, կոշիկներիս կապիչներն էլ ամուր կապված են։ Այսպես է սկսում իմ օրը։
Անրի Մատիսի մի լուսանկարը կա, որ շատ եմ սիրում։ Նկարակալի առաջ կանգնած նկարում է բնորդուհուն։ Կանգնած բնորդուհին մերկ է։ Նրան նայող Մատիսի հայացքը խոր ու կենտրոնացած է այնքան, որ կարծես իր աչքերը կնոջ մերկ մարմնին չեն ուղղված, իր արածն էլ նկարել չէ։ Այդ կենտրոնացումով ու այդ լրջությամբ վիրաբույժը նշտարն է շարժում վիրահատական սեղանի առաջ։

Այսքանից դժվար չէ հետեւության անել, որ երաժշտության հետ կապված օրենքներ, սկզբունքներ մշակելուն, «ռազմավարական ծրագրեր» կազմելուն չեմ հավատում։ Ինձ դեպի երաժշտություն տանողը սահման ու պայմանականություն չճանաչող սերն է առ գեղեցիկի առեղծվածը, առ ճշմարիտի հավատամքը։ Երբ սրանք կան, մնացյալը ավելորդ է։

–Ամեն անգամ «զավակ» լույս աշխարհ բերելուց եւ ունկնդիրներին ներկայացնելուց հետո ի՞նչ զգացողություն եք ունենում։ Ժամանակի ընթացքում այդ զգացողությունները փոփոխության ենթարկվու՞մ են։

–Դժվարանում եմ հստակ ձեւակերպել այն զգացողությունը, որ ունենում եմ գործն ավարտելուց հետո։ Մոտավորապես ասեմ այսպես՝ գրված–ավարտված գործը պետք է համապատասխան լինի… թե ինչի՞ն… դժվարանում եմ պարզաբանել։ Այնուամենայնիվ, փորձեմ։

Ցուրտ ձմեռվա գիշերով, ամայության մեջ քայլելիս, քո շնչառության տաք հոսանքը երբ անցնում է քիթ–բերանովդ, այդ պահի քո լինելության, քո գոյության լավագույն արտահայտիչը կարող ես այն համարել, ու դեպի երաժշտության շունչ ու կշռույթ տանող ճանապարհն արդեն կա, եւ քո նոր գրած գործը պիտի համապատասխանի այդ ճանապարհին։ Մտնում ես գյուղի հազարամյա եկեղեցին, ու գյուղի քահանան դողդոջ, իր կարեցած ձեւով շունչ է տալիս գրաբարյան բանաստեղծության փառավոր կերտվածքից վեր հառնող հնամյա մեղեդուն։ Խոնարհություն զգացում է իջնում վրադ… «Կարծես թե դարձել եմ ես տուն… //Բոլորն առաջվանն է կրկին»… Եթե հազարամյա մեղեդին քո մանկության տան ու աշխարհից հեռացած քո հարազատների ներկայության տեսիլքը կարող է ստեղծել, ուրեմն քո նոր գործը պիտի համապատասխանի այդ տեսիլքին։

Համապատասխանության հիմք դարձող այսպիսի օրինակներ ես էլի կարող էի բերել։ Եթե գործը կայացած ինքնակա գոյություն է, եւ միաժամանակ իր մեջ պարունակում է համապատասխանությունների շարանը, ուրեմն գործը կարող ես համարել ստացված։
–Ձեր ո՞ր ստեղծագործությունն եք ամենից հաճախ լսում։ Ինչո՞ւ։

–Ես իմ ստեղծագործությունները լսո՞ւմ եմ։ Այդ գործողությունը ես կանվանեի «որսալ–լսել»։ Իսկ սա լինում է նոր գրվող գործի հետ միայն։ Երբ գործը գրված–ավարտված է եւ իր ինքնուրույն կյանքով է ապրում, ես նրան լսելու պահանջ չեմ ունենում։ Իմ երաժշտությունը հենց այնպես լսելուն հազվադեպ եմ տրվում։

–Հարցազրույցներից մեկում ասել եք. «Իմ «դեւը» ինձ ուտելու է։ Չեմ հոգնելու, ինքն էլ չի հոգնելու»։ Ո՞րն է այդ «դեւը»։ Ձեզ համար ի՞նչը կարող է «դեւի» վերածվել։

–Օրվա մեջ զուլալ մի քանի հնչյունների կյանքը գոյացնելու պայմանը երբեմն թվում է, թե ինձանից զորավոր ուժ է։ Այդ ուժի հետ ես տասնամյակներ է, որ ապրում եմ։ Անհայտությունից ու զրոյից սկիզբ առնող առաջին հնչյուն–զգայնությունները, որ դեռ չեն էլ հստակվել, իշխողաբար իրենց հասունացման, գոյացման թելադրանքն են պարտադրում, ու դու, որ նոր էիր ծանր մի բեռից վերջապես ազատվել, ու նոր գործդ արդեն կար, հիմա պիտի նորից սկսես, համբերությամբ ու խոնարհորեն, նորից անփորձ, նորից անվարժ… Պիտի փորձես, որ խաղողի վազի պես իր ոտքերին կանգնելու անընդունակ նոր ծնվող գործը ամուր արմատներ գցի, ամրանա իբրեւ ամբողջություն, ու դու նորից պիտի համբերես, նորից հարցականների քո առագաստը պիտի պարզես աշխարհի չորս կողմերին… Այդ բաներին տրվելու, ամեն մի նոր ծնվող գործի հետ նորից ու նորից այդ նույն ճանապարհն անցնելու քեզ պարտադրողը դեւը չէ՞։ Անշուշտ, է։ Իմ դեւն է։

–Երաժշտության մեջ երկու երեւույթների հարաբերություն եք առանձնացնում՝ ձայնի եւ լռության։ Եւ առավել հարուստ եք համարում լռությունը։ Ինչո՞վ է հարուստ լռությունը Տիգրան Մանսուրյանի համար։

–Անշուշտ, առիթ ունեցել եք տեսնելու, թե ինչպես են ամառային հովի հետ մեկ թրթռում, մեկ հանդարտվում, վարից վեր ծածանվում բարդու տերեւները։ Անգամ եթե ծառի խշշոցը չհասնի ականջիդ, բազում տերեւների այս «դայլայլը» արդեն երաժշտություն է, որ շնչում է իբրեւ եկող ու անցնող հով։ Սիրտդ լցվում է ուրախությամբ։ Ահա քեզ մի լռություն, որ ինքնին հրաշք է, ու նրան գումարված ամենանուրբ հնչյունն իսկ, ասենք՝ թռչունի մեկ–երկու երգ–ծլվլոցը, կատարյալ է դարձնում հնչյունային տարածքի հեռուն ու մոտիկը, բազմաձայնությունն ու ձայնային թեթեւ–թափանցիկը։ Ու եթե ունակ ես այս պատկերը, այս հնչյուն գումարած լռություն հարաբերությունը քոնը դարձնել, երաժշտի քո կարողությունները ուղիղ ճանապարհով քեզ կհասցնեն ձայնահյուսվածքների կատարյալ թափանցիկությանը, ուր այնքան ճարտարորեն իրար լրացնում, իրար զիջում, իրարով հարստանում են երաժշտական հնչյունն ու մաքուր լռությունը։

Այն համոզմունքն ունեմ, որ Արեւելքի երաժիշտը հմուտ է գնահատելու հնչյուն ծնելու ներշնչանքով հղի լռությունը։

–Ի՞նչը Ձեզ մղեց դեպի ազգային երաժշտության ու քնարերգության ակունքները, համոզվա՞ծ եք, որ հենց դա էր համաշխարհային երաժշտարվեստի հետ հարաբերվելու Ձեր մեկնակետը։ Երբվանի՞ց է սկսվում Կոմիտասի հետ Ձեր հոգեւոր բարեկամությունը։

–Կոմիտասի հետ իմ հոգեւոր բարեկամությունն իմ կյանքում սկիզբ է առել այն պահից, երբ զգացել եմ մեր ընտանիքը, իմ ծնողներին։

Մեր ընտանիքի վեց անդամներով առավոտ վաղ, դեռ անկողնուց վեր չկացած, երգում էինք։ Մեր երգածը հայ երգն էր, Կոմիտաս էր։ Երգի հանդեպ մեր այս սիրուց բացի, մեր տանը նաեւ հայոց լեզվի հանդեպ պաշտամունքի հասնող նվիրվածությունը կար։ Հիշում եմ՝ մեր տանը երբ խոսվում էր ինչ–որ ծանոթի կես հայերեն—կես օտար լեզվով չրթելու, օտարամոլության այս կամ այն դրսեւորման մասին, այդ իրողությունը մեր մեծերը ներկայացնում էին հեգնանքի ու արհամարհանքի զրնգուն երանգով։ Ազգային արժանապատվության զգացումը մեր տանը զորավոր ուժ է եղել միշտ։ Հեռուներից եկող ամեն գեղեցիկը մենք սիրո՛վ ենք ընդունել միշտ։ Երբ ծնողներս Շոպենի կամ Շուբերտի մեղեդի էին հիշում, մենք լցվում էինք հիացումի խոնարհությամբ։ Սակայն այդ հեռվից եկածը մեր արմատների, հայեցի մտածողության հանդեպ մեր հավատարմության ու պատկանելությանը փոխարինելու չէր գալիս։

Մեր տան դռները բաց էին աշխարհից եկող երաժշտության առաջ։ 1961թ. աշնան այն երեկոն, երբ հայրս գործից տուն եկավ, տրամադրությունը լավ էր, եւ Օգինսկու Պոլոնեզի մեղեդին էր երգում։ Դա իր կյանքի վերջին իրիկունն էր։

Իհարկե, սովորելու տարիներիս ինձ պետք եղավ ուսումնասիրել դասական երաժշտությունը։ Ուսումն ավարտելուց հետո ես տեսա, որ պետք է յուրացնեմ նաեւ Արեւմուտքի արդիական երաժշտության ձեռքբերումների հսկա փորձը։

Իմ խորին համոզմամբ՝ ստեղծագործել նշանակում է գտնվել առաջին գծի վրա. այն գծի, ուր ստեղծագործական մեծ անհայտը ծնունդ տալու կարողություն ունի։ Այն գծի, ուր տեղի է ունենում լինել–չլինելու ահավոր կռիվը։ Նկատի ունեցեք՝ թիկունքի ապահովության մեջ թաքնվածի համար ստեղծագործական որեւէ իրական ծնունդ մերժված է (թիկունքում ստեղծվածը միայն մասսայական արվեստն է, փոփն է)։ Բայց այս առաջին գիծը վերացական հասկացություն չէ. նա իր ճշմարտությունն ունի։ Այդ ճշմարտությունը քո գենետիկ հիշողությունն է, հազարավոր գոյացումների ճանապարհ անցած եւ քո ընտանիքին հասած այն հիմնական կենարար ուժը, որը կարող ենք նաեւ անվանել սրբություն, ճակատագիր… Եվ որպեսզի սա կենդանի գեղարվեստական մարմին դառնա, դու պիտի խիզախորեն մտնես համաշխարհային կոմպոզիտորական արվեստի հարաբերությունների լայն ասպարեզ։

–Ստեղծագործելու ընթացքում շա՞տ եք թղթեր պատռում, նոտաներ ջնջում, ուղղում։

–Գործը գրելու ընթացքում գալիս է մի պահ, երբ աչքդ ընկնում է սեւագրությունների խրձին. Աստվա՜ծ իմ, այս ինչքա՛ն սեւացրած նոտայի թուղթ է գոյացել… ու դեռ ինչքան պիտի մեծանա այս խուրձը՝ մինչեւ գործը ավարտվի։

Ես նոտայի թուղթ երբեք չեմ պատռում։ Խուսափում եմ որեւէ մեկին նոտայի մաքուր թուղթ տալ։ Սեւագիր էջ էլ որեւէ մեկին չեմ տալիս։ Չավարտված գործի նոտաները տնից դուրս հանելը ինձ համար վատ նշան է։

–Ինչպե՞ս եք զգում, որ եկել է ստեղծագործելու պահը։ Այդ գործում Ձեզ համար ի՞նչ դեր ունի մուսան։ Ընդհանրապես, այն կա՞։

–Մուսայի մասի՞ն խոսենք։ Սա երեւի մի տեսակ հարբածություն է, որ երբեմն ունակ է գեղարվեստական գործ ծնելու։ Իմ մուսա–հարբածությունը երբեմն ինձ այցելող «հրեշտակը» չէ։ Եթե այն կա, մշտապես է ինձ հետ եւ գալիս է դեռ ամենասկզբից։ Եթե կա։ Բայց իմը աշխատանքն է։ Աշխատանքի մեջ երբեմն գործը քո վրա հարձակվելու պես է գալիս, երբեմն էլ պիտի համբերես։ Պիտի խուսափես թղթին չհասունացած երաժշտական միտք գրանցելուց։ Գերադասելի է հարաբերություն ունենալ դեռեւս նոտայի թղթին չհանձնվածի՝ անհայտի հետ։ Երբ որեւէ միտք գրի է առնվում, ճիշտ թե սխալ՝ այն արդեն կա, ու եթե այն սխալ է, ու եթե այն ջնջելու է արժանի, դու շեղվել ես, ու պիտի վերադառնաս՝ մտնելու անհայտի երեւակայական տիրույթը։ Գրի առնված սխալը պատնեշ է դառնում, որը պիտի հաղթահարես, եւ որը չէր գոյանա, եթե դու մի քիչ էլ համբերեիր թղթին նոտա հանձնելուց առաջ։

–Ստեղծագործական աշխատանքի բերումով շատ եք շրջագայում. համեմատած այլ երկրների հետ՝ ժամանակակից բարձր երաժշտության ասպարեզում նկատվող զարգացումներից շա՞տ ենք հետ մնում։

–Կարծում եք ես այսպիսի մի հարցի պատասխանը ունե՞մ։ Դրսերում խիզախության թեւերով փորձարարական երաժշտության հսկայական հաջողություններ գրանցած հեղինակներ կան, ինտելեկտուալ գերհագեցած ձայնահյուսվածքների վարպետները կան։ Նրանց զբաղեցրած դիրքի՞ց պիտի որոշենք որեւէ մեկիս հետ կամ առաջ լինելը։ Այս հարցից նեղվում եմ։

–Հայաստանում կա՞ սերունդ, որն արժանիորեն կշարունակի հայ անվանիների՝ հենց Ձեր ավանդույթները։

–Նրանք, անշո՛ւշտ, կան։ Սիրո՛ւմ եմ նրանց, շա՛տ։ Նաեւ այն «կաթնակերներին», որոնց առաջին ստեղծագործական փորձերում նկատելի է հավաստի մի խենթություն, խելացի մի անհանգստություն։ Առհասարակ այն համոզմունքն ունեմ, որ մեր ազգային գենետիկ խառնարանի մեջ երաժշտությունը հաստատուն տեղ ունի, զորավոր ներկայություն է։

–Ի՞նչ չգիտեն Ձեր մասին երաժշտասերները, որ կուզենայիք իմանան։

–Կարծում եմ՝ եթե չգիտեին, այս զրույցի ընթացքում իմացան։ Երեւի այսքանը։
—Շնորհակալություն։


Հարցազրույցը՝ Թամարա ՄՈՒՐԱԴՅԱՆԻ  hhpress.am

Նույն շարքից